Հնդիկները Հայաստան են գալիս ապահովված կյանքի հույսով, բայց հայտնվում են կոշտ շահագործման պայմաններում: Գոհ են նրանք, թե ոչ՝ միանգամից բարդ է հասկանալ, որովհետեւ նրանք գրեթե միշտ ժպտում են ու աշխատում են լավ տպավորություն թողնել զրուցակցի վրա: Եթե տեղացիները, օրինակ, առաքիչ աշխատելով վաստակում էին ամսական 250 հազար դրամ, ապա հնդիկները համաձայնում են ավելի ցածր գումարով աշխատել՝ 180-200 հազարով: Նույնը պարենային խանութներում է: Այս տարի բազմաթիվ մթերային խանութներ հանեցին «Պահանջվում է մաքրուհի» ցուցանակները: Հնդիկ մաքրուհիներն ամենուր են՝ փոքր խանութներից մինչեւ սուպերմարկետների ցանցեր՝ «Շահավետ», «Արեւ», «սիթի»-ներ:
«Օրական ընդամենը 5 հազար դրամ է ստանում մաքրուհին ու հաճույքով գործ է անում, բայց մերոնք մուննաթով են աշխատում, մի բան էլ ոնց որ մենք իրենց պարտք մնայինք»,- ասում է «Արեւ» ցանցի Շենգավիթի սուպերմարկետի աշխատողը:
Հայաստանում արդեն մի ամբողջ գործակալական ցանց է գործում՝ հնդիկ աշխատուժի տեղափոխման եւ աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք Ավանի շինանյութի խանութներից մեկում աշխատող՝ «Պրինց» մականունով երիտասարդից, նա էլեկտրոնային վիզա ստանալու, Երեւան տեղափոխվելու եւ տվյալ խանութում բանվոր ձեւակերպվելու համար անցյալ տարի գործակալին վճարել է 630 հազար դրամ: Բնականաբար, չունի աշխատանքային պայմանագիր, բանկային քարտ, Հայաստանում աշխատելու պաշտոնական թույլտվություն, իսկ աշխատավարձը ստանում է անկանխիկ՝ «քեշով»:
Պրինցն Ավանում սենյակ է վարձում, որի համար վճարում է ամիսը 30 հազար դրամ: Ասում է, որ գոհ է իր վաստակից: «Խանութից բացի, մարդիկ կան, կանչում են, ասում են՝ էս մեշոկով ցեմենտը բարձրացրու, ու մի մեշոկի համար 1000 դրամ են տալիս: Վատ չի»,- ասում է Պրինցը:
Այս տարի նա ավելի լավ է ապրում, կարողացել է իր համար շորեր գնել «Ռոսիայի» տոնավաճառից: Հնդիկներին աշխատանքի տեղավորող գործակալները չեն թաքցնում իրենց գործունեությունը: Նրանք բաց հայտարարություններ են տեղադրում «list.am» հայտարարությունների կայքում: «Տրամադրում ենք հնդիկ եւ հայ բանվորներ, նաեւ՝ բեռնատար մեքենա, Ֆորդ, գազել»,- ասված է մի այդպիսի հայտարարությունում: Այն տեղադրող օգտատերը ներկայանում է որպես «բանվորական օֆիս»: Զանգահարեցինք, խնդրեցինք նշել, թե ինչ գներով են աշխատում հնդիկները, ասենք, երեք սենյականոց բնակարանը մաքրելու համար որքան է պետք վճարել: «Մաքրելը, եթե հնդիկ ենք ուղարկում, օրը 9 հազար դրամ ա»: Իսկ հայերն ի՞նչ գնով են աշխատում: «Հայերը քառակուսի մետրով են աշխատում»: Այսինքն, հայերը լավ են մաքրում, հնդիկները` վա՞տ: «Չէ, կան լավ հնդիկներ ու վատ հնդիկներ»: Գումարը ձե՞զ ենք տալիս, թե՞ իրենց: «Գումարի մի մասը քարտով մեզ եք փոխանցելու, մյուսն առձեռն իրենց եք տալու»,- ասաց բանվորական օֆիսի աշխատողը:
Փաստորեն, հնդիկներին Հայաստանը բերելը, գործի տեղավորելը շահավետ բիզնես է դարձել: Ոչինչ չանելով, զուտ հեռախոսազանգերի պատասխանելով` կարող ես օդից փող բռնել: Հնդիկներն ամենուր են՝ խանութներում, փողոցներում, ավտոլվացման կետերում, անգամ Երեւանի կանաչապատման ՀՈԱԿ-ում: Աշխատողներից մեկը մեզ հայտնեց, որ կանաչապատման ՀՈԱԿ-ում այս պահին 2 հնդիկ է աշխատում: «Թափուր տեղերը շատ են, բայց երկու հոգի են այս պահին աշխատում, որովհետեւ այդ երկուսն ունեին աշխատանքի թույլտվություն, իսկ առանց այդ փաստաթղթի մենք չենք կարող նրանց աշխատանքի ընդունել: Եթե կարողանայինք շատերին ընդունել, փրկված էինք, որովհետեւ հնդիկները շատ լավ աշխատողներ են, բացի լավ աշխատելը, նրանք շատ սրտացավ են: Հինգ հոգի էին դիմել, բայց այդ երկուսն ունեին թույլտվություն»,- ասաց կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատող մեր զրուցակիցը: Քաղաքապետարանը 140 հազար դրամ աշխատավարձ է վճարում նրանց, անցյալ տարի կանաչապատման բանվորների աշխատավարձն ընդամենը 108 հազար դրամ էր: Աղբահանության ընկերությունում եւս հնդիկ աշխատողներ կան: Նրանք ստանում են ավելի բարձր աշխատավարձ՝ ամսական 180 հազար:
Որքա՞ն հնդիկ միգրանտ կա Հայաստանում: Վերջին հրապարակված տվյալները վերաբերում են 2024 թ. հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ մուտքի վիզա է ստացել Հնդկաստանի 31 հազար 924 քաղաքացի, ինչը 2 հազար 109-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տարեցտարի Հնդկաստանի քաղաքացիների հոսքը Հայաստան ավելանում է: Հնդիկները Հայաստան ժամանող ապօրինի միգրանտների մեծամասնությունն են կազմում: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում մոտ 100 հազար Հնդկաստանի քաղաքացի է բնակվում: Նրանք տեղացիներին աստիճանաբար դուրս են մղում էժան աշխատուժի շուկայից:
Սինգհ Լալն արդեն մոտ մեկ տարի է՝ ապրում է Երեւանում: Ռեստորանում խոհարարի օգնական է, միաժամանակ՝ մատուցող: Ասում է, որ ընկերն է իրեն պատմել Հայաստանի մասին, ասել է՝ նույն աշխատանքի համար Հայաստանում մի քանի անգամ բարձր են վճարում, քան Հնդկաստանում: «Ես այստեղ վաստակում եմ ամիսը մոտ 400-500 դոլար: Այնքան էլ շատ չի, բայց ավելի շատ է, քան Մումբայում: Կեսը ես ամեն ամիս ուղարկում եմ իմ ընտանիքին: Կեսն էլ տալիս եմ վարձի իմ բաժինը: Մի քանի հոգով ենք տուն վարձել: Աշխատանքը հեշտ չի, բայց ես գլուխ եմ հանում»,- պատմում է հնդիկ երիտասարդը: Հարցին, թե հայերն իրեն ինչպես են վերաբերվում, պատասխանում է. «Մարդկանց մեծ մասը բարի է, բայց երբեմն ինձ օտար եմ զգում: Ինձ մեկ-մեկ նայում են ու խոսում են հայերեն, ես չեմ հասկանում: Ես կարոտում եմ իմ տունը: Կուլտուրան, ուտելիքը՝ այստեղ ամեն ինչ ուրիշ է: Հետո՝ ցուրտ է այստեղ: Մի երկու տարի կաշխատեմ, կգնամ տուն»: Հայ ընկերներ չունի, լեզուն վատ իմանալու պատճառով, իսկ Հայաստան եկող հնդիկներին խորհուրդ է տալիս պատրաստ լինել ցրտին ու ծանր աշխատանքին, հա, մեկ էլ՝ այստեղ գալուց տաք շորեր վերցնել: