Հասարակություն

«Հրապարակ»․ 16-17 տարեկանին հեշտությամբ կարելի է գցել մոլորության մեջ, ազդեցությունների տակ

«Հրապարակ»․ 16-17 տարեկանին հեշտությամբ կարելի է գցել մոլորության մեջ, ազդեցությունների տակ

Իշխանությունները, նրանց սպասարկող արբանյակները, սովորության համաձայն, «մե՛կ նալին են խփում, մե՛կ` մեխին»: Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով անչափահասների՝ համացանցից օգտվելու վնասակարության մասին, ասել է. «Մինչեւ 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է օրենքով արգելվել։ Հարցը քննարկվում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ»։ «Որովհետեւ որքան կարեւոր է տեխնոլոգիաների օգտագործումը, այնքան էլ անհրաժեշտ է ապահովել երեխաների պաշտպանվածությունը։ Մեդիագրագիտություն սովորեցնելուն զուգահեռ, պետք է նաեւ բարձրացնենք նրանց անվտանգությունն ու պաշտպանվածությունը կիբերտարածքում։ Այսօր դա շատ լուրջ խնդիր է, որի շուրջ մենք միասին աշխատում ենք, եւ առաջիկայում՝ մեր գործընկերների աջակցությամբ, կարծում եմ, համապատասխան օրենսդրական փաթեթ կլինի»,- ասել է նախարարը։ 

Այս ամենին զուգահեռ՝ ՔՊ-ի կցորդ, իշխանական օրենսդիր, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն օրերս հայտարարել է, որ պետք է ընտրողների տարիքային ցենզն իջեցնել` 18 տարեկանի փոխարեն դարձնելով 17 կամ 16: Ստացվում է, որ մի տեղ անչափահասը` 16-17 տարեկանը, այնքան անգիտակից է ու որպես անհատականություն չի ձեւավորվել, որ անգամ համացանց մուտք գործելու իրավունք չունի, մյուս կողմից` այնքան գիտակից, հասուն, կայուն եւ գաղափարական է, որ կարող է ընտրություններին մասնակցել, երկրի ապագան որոշել, վճռորոշ դեր խաղալ որպես քաղաքացի եւ այլն: 

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, «Հրապարակի» հետ խոսելով մինչեւ 16 տարեկան դեռահասներին համացանց մուտք գործելու սահմանափակումների մասին, նկատեց. «Ամբողջ աշխարհում կա միտում, որ այն երեխաները, ովքեր հասուն չեն, չեն կարող լիարժեք օգտվել սոցցանցերից, այսինքն` փորձում են դժվարացնել պրոցեսը, կամ, ասենք, օրինակ, առավոտյան ժամերին, երբ դասապրոցես է ընթանում, արգելափակել սոցկայքերի հասանելիությունը, որպեսզի երեխան կենտրոնանա դասապրոցեսի վրա: Օրինակ` Ավստրալիայում վերջերս նման օրենք ընդունվեց, տարբեր երկրներ տարբեր օրենսդրական լուծումներ են գտնում այս հարցի վերաբերյալ, սակայն, ամեն դեպքում, այս բոլոր պրոցեսները պետք է համաձայնեցնել սոցիալական հարթակների հետ: Այնպես չէ, որ ԿԳՄՍ նախարարը որոշեց, ու օրենք ընդունվեց, դրանով ամեն հարց լուծվելու է։ Ոչ: Օրինակ` Ավստրալիան դիմեց Ֆեյսբուքին, որպեսզի Ֆեյսբուքը տա համապատասխան գործիքներ, ինչի արդյունքում 13-14 տարեկան երեխաները չկարողանան իրենց անունով օգտահաշիվ բացել, կամ եթե, օրինակ, ուրիշի անունով ունենա, արգելափակեն եւ այլն: Այն բավականին երկարատեւ պրոցես է, եւ աշխարհը գնում է այդ ուղղությամբ: Կան հետազոտություններ, որոնց համաձայն` սոցիալական ցանցերն ազդում են կրթության որակի վրա, ինչը մենք տեսնում ենք նաեւ Հայաստանում: Ես կարծում եմ, որ մենք եւս պետք է այդ ուղղությամբ գնանք, սակայն՝ խելացի եղանակով, այլ ոչ թե ուղղակի քննարկումների մակարդակով: Ես անգամ չգիտեմ, թե ԿԳՄՍ նախարարությունը, խոսելով համացանցի մասին, կոնկրետ որ սոցհարթակները նկատի ունի»:

«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, իրավաբան Նորիկ Եղիազարյանը, որն Ընտրական օրենսգրքից քաջատեղյակ մեկն է, մեզ հետ զրույցում խոսելով Դանիել Իոաննիսյանի առաջարկի մասին, որ ընտրողների տարիքային ցենզը պետք է իջեցնել՝ դարձնելով 16-17 տարեկան, ասաց. «Դա աննորմալություն կլինի, ինչպե՞ս կարելի է նման առաջարկություն անել: Աշխարհում ընդունված բան է, որ ընտրողի նվազագույն տարիքը պետք է լինի 18-ը: Իմ իմացած բոլոր երկրներում, համենայնդեպս, այդպես է: 16 տարեկանը ոչ լիարժեք պատասխանատվության ենթակա սուբյեկտ է հանդիսանում, ըստ Քրեական օրենսգրքի` 16 տարեկան անձը համարվում է պատասխանատվություն կրող, սակայն մի շարք հանցագործությունների պարագայում պատիժը մեղմ է նախատեսվում կամ, առհասարակ` պատիժ չի սահմանվում: Այնպես որ, անձը լիարժեք քաղաքացի է դառնում 18 տարեկանից սկսած: Մինչեւ 18 տարին լրացած անձը անգամ ինքնուրույն չէ, ունենում է խնամակալներ, այսինքն` լիիրավ քաղաքացի անձը դառնում է 18-ից հետո: 16-17 տարեկանը չի կարող հասնել հասունության այն աստիճանին, որ լիարժեք կարողանա գիտակցել, թե ինչ բան է ընտրությունը: Նրանց շատ հեշտ կարելի է գցել մոլորության մեջ, ազդեցությունների տակ, ասեմ ավելին` անգամ 18-19 տարեկաններն են վտանգավոր այս հարցում»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image