Գյումրի համայնքի ավագանին տարօրինակ կերպով խառն է։ Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամի լիազորությունները դադարեցվեցին, որի շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում, այժմ էլ ՔՊ-ի նախաձեռնությամբ հուլիսի 26-ին արտահերթ նիստ է հրավիրվելու։ Պարզվում է՝ պատճառը Շիրակի մարզի դատախազի գրությունն է՝ ուղղված ավագանիներին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզելուց հետո, փաստորեն, այնքան էլ հանգիստ չի նստել եւ նոր սցենար է մշակել նախկին կոալիցիոն գործընկերոջ «հախից» գալու եւ ամենայն հավանականությամբ քաղաքային իշխանությունը վերջնականապես զավթելու նպատակով ։ Հատկապես որ դատախազի գրությունը վերաբերում է նաև նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցին։
«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։ ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ)․ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը՝ որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն: 2001թ․-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման: ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին: Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»,-տեղեկացնում է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
Ի դեպ, մեր տեղեկություններով ընդդիմադիր խմբակցությունների ավագանու որոշ անդամներ, այդ թվում նաև «Բալասանյան դաշինքը» որոշել են բոյկոտել նիստը՝ չմասնակցելով :
«Ինչու է դատախազությունը նման առաջարկությամբ հանդես եկել , քանի որ գործող իրավական կարգավորումների համաձայն ՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց կարող է ներկայացնել միայն այն պարագայում, եթե ավագանին չի ներկայացնում հայց վարչական դատարան :Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել, որ կամ ավագանին ներկայացնի հայց վարչական դատարան կամ չներկայացնի, որի հիմքով դատախազությունը կկարողանա հայց ներկայացնել :Մենք նպատակահարմար ենք գտել, որ նման հայցապահանջով դատարան հայց ներկայացնելը ճիշտ կլինի դատախազության կողմից , քանի որ ամիսներ, տարիներ շարունակ այդ գործը քննվել է պատկան մարմինների կողմից եւ դատախազության կողմիւց իրականացվել է համապատասխան վերահսկողություն այդ գործի նկատմամբ , լիարժեք իրենք տիրապետում են բոլոր փաստական հանգամանքներին եւ իրավական դաշտին, հետևաբար՝ համայնքի ստորաբաժանումը այդ հնարավորությունը չունի եւ չէր կարող ունենալ ՝ պատշաճ հայց ներկայացնելու, ուստի ավելի նպատակահարմար է, որ դատախազությունը ներկայացնի եւ դատախազությունն էլ իր գրության մեջ նշել է, որ 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում, օրենքի համաձայն հետամուտ կլինեն: Մենք ըստ էության կողմնակից ենք, որ դատախազությունն այդ հայցը ներկայացնի, քանի որ պատկան մարմինն ինքն է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» ավագանու խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը:
ՀՀԿ խմբակցության ավագանու ղեկավար Նարեկ Միրզոյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ արտահերթ նիստին ՀՀԿ-ն չի պատրաստվում մասնակցել : «ՀՀԿ-Ն դատախազոությունից ստացել է համապատասխան գրությունները, այո, ՔՊ-ի նախաձեռնությամբ ավագանու նիստ է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է դատախազի առաջարկը՝ հանրային հայց հարուցել: ՀՀԿ-ն դեռւս դատախազի գրությունն ստանալու ժամանակահատվածում պատասխանել է համապատասխան մարմիններին , եւ մենք գտնում ենք, որ դա ենթակա է մերժման հետևյալ հիմքերով՝ նախ ՀՀ սահմանադրության 73 հոդվածի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն :74 հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են :Եզրակացությունն այն է, որ ավագանուն ուղղված դատախազի գրությունը որևէ կերպ չէր կարող ազդել այդ որոշումից ավելի վաղ գործողության իրավաչափության վրա :Այսպիսով՝ մենք գտնում ենք, այդ որոշումները անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով դատարան հայց ներկայացնելու առաջարկությունները չունեն որևէ իրավական հիմք, ուստի ենթակա են մերժման , եւ մեր խմբակցությունը գրավոր կերպով համապատասխանաբար անդրադարձել է դատախազության կողմից հասցեագրված գրությանը:Արտահերթ նիստին չենք մասնակցելու, քանի որ մենք արդեն, ինչպես ասացի անդրադարձել ենք՝ ավելի վաղ պատասխանելով համապատասխան մարմիններին, մենք իրավական խնդիր ենք տեսնում այդտեղ»,- hraparak.am-ին ասաց ՀՀԿ ավագանու անդամը:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե դատախազի գրությունը քննարկման լուրջ առիթ է դարձել ՔՊ-ի ներսում, եւ ոչ միայն ՔՊ-ի, քանի որ ավագանու անդամներից շատերի համար դատախազի առաջարկն անընդունելի է համարվել։