Այս պահին Հայաստանում ադրբեջանա-թուրքական գերիշխանություն է: Հայաստանի ղեկավարն, ըստ էության, ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Իլհամ Ալիևը, որի անմիջական շեֆն էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նիկոլ Փաշինյանն այս պահին ընդամենը ցեղապետի կարգավիճակ ունի: Նրա հիմնական գործառույթը հայ ցեղակիցներին զսպելն է, որ սրանք հանկարծ չըմբոստանան Ալիևի դեմ ու ինքը չզրկվի ցեղապետի պաշտոնից: Նա շատ լավ հասկանում է, որ Ալիևի մատի մի շարժումն էլ բավական է, որ ինքը թռչի աթոռից և, ահա, կաշվից դուրս է գալիս, որ Ալիևի մատի այդ շարժումը տեղի չունենա:
Ցեղապետ Նիկոլի բախտը, սակայն, ոչ մի կերպ չի բերում: Նրան բաժին է ընկել Ալիևի պես մի ղեկավար, որ ուղղակի կշտանալ չունի: Ինչ տալիս է՝ էլի է ուզում, էլի է տալիս՝ էլի է ուզում, բայց արդեն նոր բաներ: Ազատագրված տարածքները տվեց՝ Ղարաբաղն ուզեց, Ղարաբաղը տվեց՝ Հայաստանից հողեր ուզեց, Հայաստանըից հողեր տվեց՝ Հայաստանի անկախությունն է ուզում… Չի հագենում Ալիևը: Ամենակուլ վիշապի նման ընկել է մեր ջանին և օրը մի նոր պահանջ է ներկայացնում: Երկու օր առաջ էլ հայտարարեց, որ անկախ Հայաստանը ֆաշիստական պետություն է, և պետք է ֆաշիզմն այնտեղից հալածել: Դա չանի ցեղապետ Նիկոլը, կանենք մենք՝ ասել է նորին սուլթանափայլությունը՝ հարամելով ցեղապետի՝ նախօրեին կերած ձվածեղը: Բայց ուր էր, թե սա լիներ միայն հոխորտանք: Ալիևը մեր ցեղապետին նաև տեղեկացրել է, որ ինքը փաթաթած ունի անկախ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ու նոր տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ որպես «արդար» սահմանազատման ու սահմանագծման վերջաբան: Խեղճ ցեղապետ… Կարո՞ղ էր, արդյոք, նա իր ամենավատ երազում անգամ այսքան բան տեսնել: Ի՞նչ անել, երբ Ալիևի պահանջներն անցնում են բոլոր սահմանները: Դիմել ՄԱ՞Կ, Ե՞Մ, դաշնակիցների՞ն… Իսկ դաշնակից ունի՞ իզգոյ ցեղապետը: Նրա դաշնակիցը Ստյոպիկ Սաֆարյանն է, էն էլ էշ-էշ դուրս է տվել, թե Ալիևը վախից է այդ բաներն ասել: (Արա, այ ճպըլ, Ալիևն ումի՞ց է վախեցել, քեզնի՞ց, թե՞ քո ցեղապետից):
Ես շատ կուզենայի օգնել իմ ցեղապետին այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար, բայց, ավաղ, նա իմ ասածներին ականջ կախելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ ընդունակություն: Նա Բաքվում և Անկարայում նստող իր խորհրդականներն ունի, որոնք ուղղակի թելադրում են ինչ անել, երբ անել, ինչպես անել: Նույնիսկ կարմիր գծեր են քաշում մեր ցեղապետի առաջ, օրինակ, այսպիսի կարմիր գիծ՝ հանկարծ չփորձես հակառակվել նորին սուլթանափայլություն Ալիևին, որովհետև նա մի այնպիսի բան ունի… մատ ունի, որ հանկարծ թափահարեց, դու այլևս տեղում չես մնա: Եվ ի՞նչ է մնում անելու վասալ պետության ցեղապետին, եթե ոչ հանուն իր «պաշտոնի» լռելյայն բավարարել «վերինի» պահանջները: Պետք լինի՝ իրեն գժի տեղ էլ կդնի, հազար ու մի օկիններ էլ կզարդարի, որ ցեղին զբաղեցնի ու տակից կատարի այն, ինչ իրեն ասում են:
Շատ էլ հեռու չէ այն օրը, որ եվրոպական դիտորդների լուրթ հայացքների ներքո ադրբեջանական հարկահանները շատ հանգիստ, առանց որևէ կրակոցի, մտնեն Հայաստան և սկսեն հարկահանություն իրականացնել: Ի՞նչ եք կարծում, ցեղապետը կընդդիմանա՞: Հարկ վճարողը հերոս է չէ՞: Ի՞նչ տարբերություն, թե ում է հարկ վճարում՝ ցեղապետի՞ն, թե՞ ցեղապետի անմիջական ղեկավարին: Ցեղապետն իր համբալներին կհրամայի՝ ինչ ունեք-չունեք բարձեք ձեր Opel-ներն ու բերեք հրապարակ… Պարոն Կոզբադինն է եկել անձամբ, որ հարկը տանի՝ քառսուն կոտ ոսկի, քառսուն փութ արծաթ, քառսուն կարճ կնիկ, որ երկանք աղան, քառսուն երկար կնիկ, որ ուղտեր բառնան… Հը, ծանո՞թ պատկեր է: Ալիևն արդեն այսօրվանից հոգ է տանում, որ հանկարծ մի Դավիթ չհայտնվի ու Կոզբադինի ատամները ճակտին չշարի… Ցեղապետին հրահանգել է՝ էդ ֆաշիզմի վերջը տուր, թե չէ՝ ես կտամ:
Իսկ հիմա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, լսիր, թե քեզ ինչ եմ ասում: Գնա, ձվածեղոտ մատներդ լվա ու դիմումդ գրի: Գոնե որպես վարչապետ հեռացիր, այլապես Ալիևի և Էրդողանի պահանջները վերջ չեն ունենալու: Դու պարտվել ես թե պատերազմի և թե խաղաղության դաշտում, դու տվել ես ամեն ինչ ու թողել Հայաստանի չարչրկված անկախության մի թղթի կտոր, որով մեր ժամանակներում ոչ ոքի այլևս զարմացնել չես կարող: Ասում ես՝ պատմությունից դասեր ես քաղում: Լավ է: Սիրիան և Ուկրաինան քեզ օրինակ թող լինեն: Հեռացիր, որ Հայաստանը մնա: