Եթե Ստյոպա Ճպըլ-Սաֆարյանի ոճով փորձեմ ներկայացնել իրականությունը, ապա պիտի ասեմ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մի քանի տողանոց պատասխանով Նիկոլի փետուրները քամուն տվեց: Նիկոլի անզուսպ ցանկությունից՝ բանավիճել ՀՀ նախագահների հետ, «ճ» տառը մնաց միայն: Դա դաժան պատասխան էր, դա մի մարդու պատասխան էր, որ Նիկոլին իրավունք ուներ ասելու՝ «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կոչնչացնեմ»: Նիկոլ, դու պիտի չզայրացնեիր Պապիին:
Այսուհանդերձ, ինձ փետրահան Նիկոլն ավելի քիչ է հետաքրքրում, քան նրա այլայլված թիմը եւ այդ թիմի, այսպես ասած, վիճակը: Ի՞նչ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ երկտողի մասին: Նիկոլի սազանդարները «խոհեմաբար» լռում են առայժմ, եւ հույս էլ չկա, որ նրանցից մեկնումեկը կհամարձակվի որեւէ տառ արտասանել այդ կապակցությամբ: Երեւում է՝ լոթի ՔՊ-շնիկներն իրենցն առել են: Իսկ ի՞նչ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարդանք միասին.
«Նիկոլ Փաշինյանին
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում՝ այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։ Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ, դա արդեն կլինի իսկական բանավեճ՝ հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։
Լեւոն Տեր-Պետրոսյան»:
Խնդրեմ, Նիկոլ Փաշինյան, այսքանից հետո ինչքան ուզում ես՝ աղմկիր կամ, ավելի ճիշտ, ինչքան ուզում եք՝ աղմկեք ձեր ՔՊ-ով, Ստյոպա Ճպըլ-Սաֆարյանով, բանով: Հրապարակեք, խնդրեմ, «Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց»: Տեսնո՞ւմ եք՝ ուր է խփել առաջին նախագահը: Ուղիղ տասնոցին: «Իսկ եթե դա չանես (չհրապարակես), եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»: Չգիտեմ՝ դու ինչպես, սիրելի ընթերցող, բայց ես լիովին բավարարված եմ Նիկոլի ճակատին ասված այս շեշտակի ճշմարտությամբ: Բանավեճի հաշիվը դարձավ 10:0՝ հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի:
Այս ամենով հանդերձ, չմոռանանք, սակայն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ նաեւ 44-օրյա պատերազմից հետո, հիրավի հայրական վերաբերմունք է դրսեւորել Փաշինյանի եւ նրա գործերի նկատմամբ: Ինչպես ասում են՝ ծնողի սիրտ է, չի դիմացել, թեւերը փռել է վրան, որ բան ասող չլինի: Փառք Աստծո, մեզանում էլ մարդիկ կան, որոնք ուշիուշով հետեւել են առաջին նախագահի այդ «լիրիկական զեղումներին» ու պատմության համար խնամքով գրի առել դրանք: Ըստ այս հավաքածուի, օրինակ, 2018թ․ մայիսին Լեւոն Տեր-Պետրոսյանը «կարծում էր», որ համաժողովրդական շարժումը (թավշյա խեղկատակությունը՝ Էդ. Ա.) պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը, եւ սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Մեկ այլ առիթով՝ արդեն 2022 թվականին, երբ Փաշինյանն այլեւս հռչակված էր որպես «ազգակործան պատուհաս», ՀԱԿ քաղաքական դպրոցի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ եւ Նիկոլ Փաշինյանի հոգեհայր Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդածում էր. «…Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից: Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»: Իսկ թե ինչպես է Տեր-Պետրոսյանը ողջունել 2022 թ. Պրահայում տեղի ունեցած խայտառակությունը, դա առանձին խոսակցության նյութ է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը (Ադրբեջան՝ 86,600 քառ․կմ, Հայաստան՝ 29,800)»:
Իմանալով այս ամենը՝ հարց է առաջանում. ի՞նչ պատահեց հանկարծ, որ Տեր-Պետրոսյանը, էն էլ Նոր տարվա շեմին, նման անողոք ապտակ հասցրեց բանավիճելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանին: Բայց իսկույն էլ գտնում ես այդ հարցի պատասխանը՝ Նիկոլը հաստատ մի էշություն է արել, որ Պապին այսպես զայրացել է: Եվ, այո, դրել՝ Պապիին բաց տեքստով, դուզ-դուզ մեղադրել է Արցախն Ադրբեջանին նվիրելու ուղղությամբ բանակցություններ վարելու մեջ:
ՀԳ. Սպասում եմ նախկին արտգործնախարար, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալիկ Արզումանյանի արձագանքին, որ մի ժամանակ, ինչպես Նիկոլն է ասում, նման բանակցություններ է վարել: