Նիկոլը դադարել է մեր Նիկոլը լինելուց: «Մեր» ասած՝ նկատի ունեմ ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավորներին, որ այս օրերին ուրուր տեսած հավի ճտերի պես անկանոն վազքի մեջ են: Արգիշտի Քյարամյանն այնպիսի բան չարեց ԱԺ-ում, որ խորհրդարանի քպականությունը «դրայվի» ու «ռելաքսի» մեջ` հորանջելով շարունակեր իր անիմաստ գոյությունն այս կյանքում: Ասինք՝ դեբիլ են, բայց չասինք՝ այն աստիճանի դեբիլ, որ չնկատեին դանակի՝ ոսկորին հասնելը: Տեսեք, Հովիկ Աղազարյանի մասին ենք, չէ՞, խոսում, գրում ենք, թե նա առաջինն էր, որ զգաց վտանգն ու ընդվզեց: Ոչ, ոչ եւ եւս մեկ անգամ՝ ոչ: Ճանաչելով Հովիկ Աղազարյանին՝ ասեմ ձեզ, որ նման բան հնարավոր չէ: Ավելի հավանական է, որ Հովիկ Աղազարյանը վերջիններից մեկն է նկատել ուրուրի մոտենալը: Այլ հարց է, որ Հովիկ Աղազարյանը չկարողացավ իրեն զսպել, ինչպես մյուս ՔՊ-շնիկներն ու մերձքպական շրջանակները: Մարդկային խառնվածքի հարց է, հասկանո՞ւմ եք: Չգիտեմ՝ միամտություն ասեմ, թե անմիջականություն… Հովիկ Աղազարյանն իր մարդկային խառնվածքի զոհն է: Մի անգամ քացով կարտոֆիլի պարկ շուռ տվեց: Ինչի՞ արդյունք էր… Այո, անմիջականության, բռնկուն բնավորության ու նման բաների: Ինքը չլռեց, Քյարամյանն էլ ավելի խորացավ, ու բանը հասավ գզվռտոցի: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան նման էր մի կաթիլ մեղրի պատմությանը:
«Յանըմ» Հովիկ Աղազարյանը, գլուխը կախ, օրենք էր ընդունում ԱԺ-ում, մեկ էլ էն կողմերից Արգիշտի Քյարամյանը եկավ ու տո՛ւր, թե կտաս… Որ ուզում եք իմանալ՝ Արգիշտի Քյարամյանն իսկի «պրիցել» չէր բռնել Հովիկ Աղազարյանի վրա: Ուղղակի Աղազարյանը միամիտ-միամիտ ընկավ «դռբի տակ»: Այ Հովիկ ջան, բա դու չգիտեի՞ր, որ ուժային կառույցի ղեկավարի հետ այդպես խոսել չի կարելի: Նա էլ հո կարտոլ ծախող չէ՞. զորք ունի, զինանոց ունի, դուբինկա ունի, ջրցան մեքենա ունի, բերման տանող ֆուրգոններ ունի եւ էլի լիքը «ֆինտուֆլյուշկաներ»: Մի «մոմենտ» էր՝ լեզուդ կծեիր, էլի: Բա ո՜նց կլիներ՝ Հովիկը լռեր: Դե հիմա «կեր», բոլորը կգնան իրենց գործին, իսկ քո ձեռքից մանդատը կվերցնեն: Ու տեսնեմ՝ հիպոթեքդ ոնց ես փակելու: Լավ, գոնե այս ամենից հետո հարցազրույցներ մի տուր աջուձախ: Ավելի ես խորացնում Արգիշտի Քյարամյանի հետ քո հակամարտությունը: Թե բա՝ ՊԵԿ նախագահ Բադասյանի հետ կոֆե ա խմել, ու որոշել են բոլորին հանցագործ դարձնել: ՊԵԿ-ն էլ է ուժային կառույց, Հովիկ ջան, էս ի՞նչ ես անում, ասում ես՝ ՊԵԿ-ում էլ խնդիրներ կան: Քեզ կճզմեն, ախր, հույսդ ո՞ւմ վրա ես դրել: Նիկոլի՞… Միամիտ մարդ… Էդ նույն Նիկոլի հետ չէ՞ր, որ արդարադատության նախարարի գլուխը կերաք: Բա ինչո՞ւ չեք կարողանում մի հատ արդարադատության նախարար նշանակել ձեր միջից: Այո, հենց Նիկոլը, ինչո՞ւ չի կարողանում նախարար նշանակել:
Համակարգ ասվածը գիտե՞ս ինչ բան է, Հովիկ ջան: Այ, այդ համակարգը չի թողնում, այլապես Նիկոլը ոչ մի դժվարություն չէր ունենա Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակել: Համակարգը մի քիչ ուրիշ ձեւով է գործում, պարոն Աղազարյան: Դու կյանքումդ հիդրա տեսե՞լ ես: Դա մի տեսակ կենդանի է, որի գլուխը երբ պոկում ես, տեղը երկուսն է աճում: Ես սա քեզ սարսափեցնելու համար չեմ ասում, դա իրոք այդպես է: Դու մի հատ փորձիր քո տարիքն ու կարիերան համեմատել Արգիշտի Քյարամյանի տարիքի ու կարիերայի հետ: Սարուձորի տարբերություն կա, Հով ջան: Համակարգի համար ՔԿ-ի նախագահի պաշտոնից մինչեւ վարչապետի պաշտոն մեկ քայլ է, եւ ոչ ոք, անգամ բոլոր ՔՊ-շնիկները միասին վերցրած, չեն կարող ընդդիմանալ դրան: Եվ չմոռանամ ասել, որ այս կանոնը գործում է բոլոր բռնապետություններում, այդ թվում՝ եւ Հայաստանում:
Պարոն Աղազարյան, ՔՊ-ն քանի՞ պատգամավոր ունի ԱԺ-ում՝ յոթանասունմե՞կ, յոթանասուներկո՞ւ: Եթե համակարգը որոշի, որ բոլորդ էլ հանցագործ եք, հավատա, այդպես էլ կլինի: Ու ոչ ոք չի կարող պլստալ: Տնտեսության բլոկում քանի՞ նախարար է աշխատում այսօր: Նրանք մեկ օրում հանցագործ կհայտարարվեն, եթե համակարգն այդպես որոշի: Ի դեպ, Նիկոլն էլ՝ նրանց հետ, եթե փորձի դեմ գնալ համակարգին: Այնպես որ, սիրելի Հովիկ, դու ավելի լավ է ուշադիր հետեւես Անդրանիկ Քոչարյանի ելույթներին: Նա պալատական խարդավանքների մեծագույն գիտակ է եւ նույնիսկ ողնուղեղով է զգում մոտալուտ վտանգները: Տեսա՞ր ոնց էր քեզ շիրա տալիս, որ «թռնես» Քյարամյանի դեմքին: Իսկ նրա խոսքե՞րը հայտարարությունների ժամին, ընդհուպ՝ թափանցիկ ակնա՞րկը, որ Քյարամյանն ու մյուս երիտասարդ ուժայինները խորհրդային ԿԳԲ-ի բարքերն են որդեգրել ու չեն կարողանում հարգանքով խոսել ԱԺ պատգամավորների հետ: Հովիկ ջան, դու մի կարծիր, թե Անդրանիկ Քոչարյանն այնքան քաջ է, որ մինչեւ վերջ կգնա համակարգի դեմ: Իրականում արջն իր ահից է գոռում: Անդրանիկ Քոչարյանի մեղքերը քիչ չեն, Հովիկ ջան, բայց նա մինչ օրս հանցագործ չի հայտարարվել, որովհետեւ երբեք չի գնացել համակարգի դեմ: Նյուխ ունի, հասկանո՞ւմ ես, քեզ նման միամիտ չէ: Քեզ շիրա կտա, կհանի Քյարամյանի դեմ, բայց ինքը կմնա ստվերում: Հավատա, Նիկոլից ավելի ճարպիկ է Անդոն:
Ի՞նչ դիրք կգրավի Նիկոլ Փաշինյանը՝ ուժայիններ-պատգամավորներ հակամարտության մեջ:
Միանգամից ասեմ՝ այս պայքարում Նիկոլի բոլոր ուսապարկերը դատապարտված են պարտության եւ ասպարեզից վերանալու: Իսկ ողջ գաղտնիքն այն է, որ Նիկոլն էլ իր հերթին է ուսապարկ, բայց՝ ուրիշների մոտ: Նա երբեք չի եղել ՔՊ-ի Նիկոլը: Այդպես ձեւացրել է, այդպես թվացել է ՔՊ-ին: Տեսեք՝ մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ Նիկոլի եւ Ալիեւի քայլերը համընկնում են, որ Նիկոլը հաճախ կատարում է Ալիեւի պահանջները եւ այլն, եւ այլն: Իսկ ձեզ չի՞ թվում, որ այստեղ մի գաղտնիք կա, որ մեկ միասնական համակարգ է գործում՝ վերպետական մի հիդրա, որի տարածվածությունը մենք դժվարանում ենք պատկերացնել անգամ: Նիկոլն ու Ալիեւն ընդամենը հյուլեներ են այդ հիդրայի մարմնի վրա: Քոչարյան Անդոն շատ բան գիտի այս մասին, Հովիկ ջան, իսկ դու ասում ես՝ ե՜ս, իմ տղե՜ն, իմ տղու ավտո՜ն…