Քաղաքականություն

Քաղաքականությունից տուպիզմ կես քայլ է

Քաղաքականությունից տուպիզմ կես քայլ է

Բոլոր ժամանակների ամենաողորմելի քաղաքական մեծամասնությունը տեսած ԱԺ-ն ավարտում է իր անիմաստ, իսկ այլ գնահատումներով՝ վտանգավոր գոյությունը: ՔՊ-ի օրենսդրական շտաբը վերջին ջղաձգումների մեջ է: Աշխատում են ուժերի գերլարումով, որ պարտակեն դեռ չպարտակվածը, քողարկեն չքողարկվածը, իրենք էլ հնարավորինս մաքրվեն բազում մեղքերից, որ արդյունք են ՔՊ-ական կառավարությանն անմնացորդ նվիրումի եւ կառավարության հայրենաքանդ քաղաքականությունը մեխանիկորեն պաշտպանելու: Հիմա կասեք՝ ՔՊ-ական կառավարություն-ՔՊ-ական ԱԺ՝ ուրիշ ի՞նչ էիք ուզում: Ոչ, սիրելիներս, այդպես չէ: ԱԺ-ն ինչական էլ լինի, պետք է մնա իր տեղում, կառավարությունը՝ իր: Ավելին, ԱԺ-ն, որպես առաջնային քաղաքական մանդատ ունեցող մարմին, կարող էր եւ պետք է կառավարությանը ցույց տար իր տեղը: Մինչդեռ հակառակ պատկերն է, կառավարությունն ինչ ուզում՝ թափ է տալիս ԱԺ-ի գլխին: Եվ այդպես՝ արդեն 5 տարի:

Ինչո՞ւ ենք այս վիճակում: Ո՛չ քաղաքագիտական բարդ հաշվարկներ են պետք՝ այս հարցին պատասխանելու համար, ո՛չ էլ պետք է ժողովրդավարություն կոչվող հասկացությանը մեղադրել: ԱԺ, այսպես կոչված, քաղաքական մեծամասնությունը պարզապես «տուպոյ» է: Այո, тупой и еще тупее… Համոզվելու համար, ձեզ հարց տվեք՝ իսկ ո՞վ է այդ մեծամասնությանը լցրել ԱԺ… Վստահ եմ, ձեզ իսկույն ամեն ինչ պարզ կդառնա: Պակաս «տուպոյ» չենք նաեւ մենք՝ շարքային քաղաքացիներս, որ ԱԺ-ում հավաքված այդ բիոմասսան համարում ենք քաղաքական գործիչների հավաքածու:

Այսօր կանդրադառնամ ԱԺ ղեկավարությանը: Նախագահությունում 3 ՔՊ-ական են, երեքն էլ՝ քաղաքական առումով ինչքան ուժ ունեն՝ «տուպոյ»: Հակառակ պարագայում բոլոր 3 աթոռները չէին զբաղեցնի՝ իմանալով, որ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Այս եռյակի տանձին չի, սակայն… լավ էլ թառել են նախագահությունում, եւ ամեն մեկն իր համար արտահերթ ելույթ է պատվիրում, արտահերթ թռնում ընդդիմադիրների դեմքին, բարձրախոս անջատում, անվտանգություն կանչում: Մի խոսքով՝ ինչ ուզում, անում են, ընդհուպ՝ շուստրիություն: Սրանց անվիճելի «գլավարը», ով էլ կկասկածեր, Ալեն Սիմոնյանն է, որ, իր տարօրինակ բարեմասնություններով հանդերձ, ունի նաեւ մի մեծ բացասական կողմ՝ ԱԺ նախագահն է: Այո, ԱԺ նախագահ է, բայց քաղաքական գործիչ չէ, քաղաքական հոտառություն չունի:

Նրա «ղեկավարած» ԱԺ-ն շուտով կավարտի աշխատանքները, բայց նա դեռ չգիտի կամ գլխի չի ընկնում, որ, երբ առաջիկա ընտրություններից հետո մեծ էշին ախոռից հանեն, հաջորդն ինքն է լինելու, որից պահանջելու են պատասխան տալ երկրի ու ժողովրդի այս թշվառ վիճակի համար: Դու ի՞նչ ես արել, Ալեն Սիմոնյան, որ Հայաստանի շատ տարածքներ «խաղաղ ճանապարհով» չօկուպացվեն, որ Արցախը չհայաթափվի, որ հազարավոր հոգեւոր եւ մշակութային արժեքներ չմնան անտեր, որ տասնյակներով հայ մարդիկ չտառապեն ադրբեջանական բանտերում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, որ թոշակները բարձրանան, որ աշխատատեղ լինի, որ ՀՀ քաղաքացին վերջապես արժանապատիվ կյանք ունենա իր հայրենիքում: Ոչինչ էլ չես արել, Ալեն Սիմոնյան, դու միայն ընդօրինակել, կապկել ես քո կուսղեկին` միայն այդքանը: Բայց մի՞թե հնարավոր է միայն նայելով քաղաքական գործիչ դառնալ: Իհարկե՝ ոչ… Եթե նայելով հնարավոր լիներ քաղաքական գործիչ դառնալ, ապա ղասաբի շունը վաղուց ղասաբ դարձած կլիներ: Ավելի պարզ հարց տամ. ի՞նչ ես կարծում` կարո՞ղ է քաղաքական գործիչ համարվել մեկը, որ բավական չէ հանրության վրա «թքողի» համբավ է վայելում, մի բան էլ մասնակցում է «ուղտերթի»: Լավ, դու չէի՞ր հասկանում, որ բոլոր տեսախցիկներն այդ օրը քեզ վրա են սեւեռվելու:

Եվ ավարտեմ Ալեն Սիմոնյանի քաղաքական տուպիզմի մասին վկայող մի փոքրիկ, բայց խոսուն դրվագով: Սույն բարձրաստիճան ՔՊ-շնիկը, ուրեմն, «լայվ» էր մտել ու ապաքաղաքական դիրքերից, իբր, քննադատում էր Դաշնակցությանը: Ասում էր՝ ինքնիշխան Հայաստանը Դաշնակցության ամենամեծ վախն է: Հոխորտում էր, թե առաջիկա ընտրություններում, ժողովրդի աջակցությամբ, մեկընդմիշտ փակելու է Դաշնակցության էջը: Հիմա ես նայում եմ սրա «լայվն» ու մտածում՝ լավ, մի՞թե ԱԺ նախագահի աթոռին հասած մարդը կարող է այնքան «տուպոյ» լինել, որ նստի Դաշնակցության ստեղծած ՀՀ զինանշանի ու եռագույնի ֆոնին եւ Դաշնակցություն քննադատի: Աբսո՞ւրդ է: Չէ… Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ կովը հիշողություն չունի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image