Հասարակություն

Իրերը՝ իրենց անուններով

Իրերը՝ իրենց անուններով

Նիկոլը մեզ ամբողջ աշխարհով խայտառակեց, Ավինյանը՝ Հայաստանով մեկ: Մեզ ասելով՝ նկատի ունեմ Երեւանի գրանցում ունեցող քաղաքացիներին: Դրանց մեջ ես էլ կամ եւ համարում եմ, որ Նիկոլի ու Ավինյանի շնորհիվ խայտառակվել եմ, համապատասխանաբար՝ ամբողջ աշխարհում եւ Հայաստանով մեկ: Ամբողջ աշխարհում ինձ այսօր ճանաչում են որպես պարտված, կզած թուրքի շուն, որ ուրացել է իր ժողովրդի արյունը: Բա հայը կասեր՝ Արցախը Ադրբեջա՞ն է: Ես այդ տեսակ հայի հոր քյալլեն… Հեռավոր Մոզամբիկում անգամ ինձ հայհոյում են, ասում են՝ արա, դու հո էշ չե՞ս, հայրենիքը ո՞նց կարելի է ուրանալ: Ինչքան փորձում եմ արդարանալ, ասել, որ մենք չենք ուրացել, Նիկոլն է ուրացել՝ հնար չկա: Իրենցն են պնդում, աչքս են կոխում 2021թ. ընտրությունների արդյունքները՝ էս 680 հազար հոգին դուք չե՞ք, կարող ա՞ Լուսնից իջան ու Նիկոլ ընտրեցին: Երեւի ճիշտ են ասում, չգիտեմ: Երկու օր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ժողովուրդը գնացել, Նիկոլ է ընտրել, ի՞նչ կարող էինք անել… Բա էն ՔՊ-շնիկ Ալենը, որ օրումեջ կրկնում է՝ մեզ ժողովուրդն է ընտրել: Շատ ներողություն, բա որ ձեզ ժողովուրդն է ընտրել, ինչո՞ւ այդ ժողովուրդը չի ուզում ընդունել, որ իր ընտրության պատճառով է խայտառակ եղել աշխարհով մեկ: Թե՞ միայն ինձ է տրված խոստովանել, որ այսօր մեզ պարտված, կզած, երկիրը ծախած թուրքի շուն են ասում: Ասեք, որ այդպես չէ, որ ես չափազանցնում եմ: Չեք կարող, չես կարող, Ալեն, որովհետեւ դու, Նիկոլը եւ ձեր ամբողջ ՔՊ-ն ինձնից մի ոտ առաջ է պարտված, կզած, թուրքի շուն:

Կա քաղաքագիտական հայտնի կանոն՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Սա 100 տոկոսանոց ճշմարտություն է: Մենք արժանի էինք Լեւոն Տեր-Պետրոսյանին, արժանի էինք Ռոբերտ Քոչարյանին, արժանի էինք Սերժ Սարգսյանին, այսօր էլ արժանի ենք այս պարտված, կզած, թուրքի շուն իշխանությանը: Եվ ուրեմն թող ոչ ոք ինձ չհանդիմանի, երբ ասում եմ, որ Մոզամբիկից մինչեւ Չինաստան, Չինաստանից մինչեւ Փարիզ, Փարիզից մինչեւ Լոնդոն ու Վաշինգտոն մեզ հայհոյում են: Այս հարցն ինձ համար փակ է այլեւս եւ կբացվի միայն այն ժամանակ, երբ ցորենի հատիկը դառնա կարտոֆիլի չափ, ու մենք կրկին կարողանանք աշխարհին պարտադրել՝ մեր մասին հարգանքով խոսել:

Ես, որպես Երեւանի գրանցում ունեցող ՀՀ քաղաքացի, մի ուրիշ խայտառակության մեջ էլ եմ հայտնվել: Գյումրիից մինչեւ Վանաձոր, Վանաձորից մինչեւ Իջեւան, Իջեւանից մինչեւ Քյավառ, Քյավառից մինչեւ Աբովյան, իսկ մյուս կողմից՝ Գյումրիից մինչեւ Արմավիր, Արմավիրից մինչեւ Էջմիածին, Էջմիածնից մինչեւ Արագածոտն, Արագածոտնից մինչեւ Արարատ, Վայք ու Սյունիք, ինձ ասում են՝ ախմախ երեւանցի: Փորձում եմ հակաճառել՝ ես ծնունդով երեւանցի չեմ, վանաձորցի եմ, դպրոցը Վանաձորում եմ ավարտել… Լսող չկա, ասում են՝ ախմախ երեւանցի ես եւ վերջ: Արա, խի՞, էդ ո՞նց է լինում, որ ես ախմախ եմ, իսկ դուք՝ չէ, մենք, ինչ է, տարբեր երկրներո՞ւմ ենք ապրում… Չէ, ասում են, այստեղ ուրիշ պրոբլեմ կա: Ձեր պրոբլեմն այն է, որ Ավինյանի նման ախմախ քաղաքապետ ունեք: Այսի՞նքն… Ավինյանի ախմախ լինելն ինձ հետ ի՞նչ կապ ունի, արա, կամ ձեր քաղաքապետներն Ավինյանից ավելի ախմախ չե՞ն: Չէ (հիմա էլ իրենք են հակաճառում), մեր քաղաքները փոքր են, քաղաքապետների ախմախությունն այնքան ցայտուն չի երեւում, ինչքան Ավինյանինը… մեկուկես միլիոն եք, բայց Ավինյանի նման քաղաքապետ ունեք… Էլ չդիմացա: Տո լավ ենք արել՝ Ավինյանին ենք ընտրել, մեր համայնքը չի՞… Էն կողմից մի գյումրեցի, թե բա՝ էլ ընչի՞ կնեղենաս, որ կըսենք ախմախ էրեւընցի… Այստեղ արդեն Գյումրի-Վանաձոր դարավոր հակամարտությունն իմ մեջ գլուխ բարձրացրեց:

Տո ախմախությունից ով խոսա՝ խոսա, գոյնա դու մի խոսա… էդ դուք չէի՞ք, որ ձեր քաղաքիցը էն ախմախին զուռնով, դհոլով ճամփու դրեցիք, թե` գնա վարչապետ դառի: Դառել ա, ու հմի սաղս էս օրին ենք: Դուք դրա պատասխանը տալ տե՞ք, թե՞ չէ: Ախմախ էրեւընցի… Մենակ մենձ-մենձ խոսալ գիդեք: Բա որ էն իջեւանցիք են ինձ ասում՝ ախմախ էրեւանցի… Արա, որ ախմախը ես եմ, դո՞ւք ինչ եք, որ Նիկոլի նման ախմախ վարչապետ եք տվել հայ ազգին:
Օֆ դե եսիմ: Արդեն դիմանալու չէ… Հիմա, հավանաբար, Երեւանի գրանցում ունեցող քաղաքացիների մեջ հարց առաջացավ, թե ինչու են մեզ ախմախ ասում, կամ Ավինյանն ինչ կապ ունի այս պատմության հետ: Միանգամից ասեմ, որ Ավինյանն այս պատմության հետ շատ մեծ կապ ունի: Նախ՝ նա ներկայացնում է Նիկոլի քաղաքական ձիանոցը, Նիկոլի, որի պատճառով մեզ աշխարհում ասում են՝ պարտված, կզած ազգ: Իսկ դա նշանակում է, որ Ավինյանը տիրապետում է Նիկոլի բոլոր սատանայական հնարքներին ու մի բան էլ ավելի, որովհետեւ, ի տարբերություն Նիկոլի, շուստրի երեւանցի է, այլ խոսքով՝ շուստրի ախմախ: Ավինյանին հաջողվել է անել մի բան, որ դեռ չի հաջողվել աշխարհի եւ ոչ մի քաղաքապետի: Ուշադիր լսեք՝ Ավինյանին հաջողվել է թանկացնել քաղաքային տրանսպորտը եւ ամբողջ աշխարհին համոզել, որ մենք՝ Երեւանի գրանցում ունեցող քաղաքացիներս, ողջունում ենք նրա այդ քայլը եւ երջանիկ ենք 100-ի փոխարեն 150 դրամով երթեւեկելու համար:

Սենց բան, կարող եմ երդվել, մարդկային քաղաքակրթության պատմության մեջ իսկապես չկա: Վանաձորցիները կասեին՝ ա սա թամուզ վերջն ա: 150 դրամանոց ուղեւորների ինչպիսի՜ համախմբում, ինչպիսի՜ վերահսկողություն քաղաքային տրանսպորտում… Հավաքվում՝ ծեծում են 100 դրամանոց ուղեւորներին, ամոթանք տալիս, ինչ ասես՝ ասում. է՛լ քյոփակ բիձա, է՛լ անշնորհք պառավ, էլ, էլ, էլ… Բա վարորդնե՞րը: Ինչ սրանց կորմը կտրվել է՝ կատաղել են, 100 դրամ վճարող ուղեւորներին դուրս են շպրտում ավտոբուսից, հաթաթա տալիս, թե հանուն Ավինյանի չենք քշի: Դե հիմա պատկերացրեք, թե Ավինյանն ինչ հունարի տեր է, որ կարողացել է 150 դրամով երթեւեկող քաղաքացիների մեծամասնություն ձեւավորել 1,5 միլիոնանոց քաղաքում: Այս իմաստով Ավինյանը հարգանքի է արժանի: Բայց ահա ախմախությունը միանգամայն այլ հասկացություն է եւ բացարձակապես կապ չունի շուստրիության հետ: Ասում եք՝ ժողովուրդն է ձեզ ընտրել, ճի՞շտ է` Նիկոլ, Ալեն, Ավինյան: Շատ բարի: Իսկ դուք հիշո՞ւմ եք մի այնպիսի դեպք, որ ձեր նախընտրական կամպանիաներում ասած լինեք՝ Արցախն Ադրբեջան էն կամ Երեւանի տրանսպորտը պետք է թանկացնեք: Իզուր մի փորփրեք ձեր հիշողությունը, նման դեպք չկա: Ճիշտ այդպես էլ այդ կամպանիաների ժամանակ չեք ասել, որ Ադրբեջանին թողնելու եք ՀՀ-ից տարածքներ օկուպացնել: Կառավարության այնպիսի ծրագրեր եք ներկայացրել, թե հեսա-հեսա ֆուտբոլի չեմպիոն ենք դառնալու, մեքենաշինություն ենք ունենալու, զարգանալու ենք մի ուրիշ տեսակ, աղքատություն չի լինելու: Ո՞ւր է:

Փոխարենը բերել եք տոտալ հարկահանություն, բարձրացրել եք գույքահարկը, ավելացրել վզներիս դրված պարտքը, ոչնչացրել բանակը, դպրոցը, առողջապահությունը՝ ինչ ձեռքներդ ընկել է: Թանկացրել եք տրանսպորտը: Ժողովուրդը ձեզ այս ամենի համա՞ր էր ընտրել: Ալեն, հիմա՞ էլ կպնդես, որ ձեզ ժողովուրդն է ընտրել: Եթե այո, ապա էլ բան չունեմ ասելու, ուրեմն մի հայհոյված հայ էլ դու ես: Հիշիր հայտնի քաղաքագիտական ձեւակերպումը՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:

ՀԳ. Ի դեպ, Զելենսկուն էլ է ժողովուրդն ընտրել: Թրամփն ասում է՝ Զելենսկին այսօր 4 տոկոս վստահություն ունի: Սա՝ իմիջիայլոց:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image