Մշակույթ

Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի հայրենասիրության եւ դավաճանության ինստիտուտը 

Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի հայրենասիրության եւ դավաճանության ինստիտուտը 

«Համահայկականությունը՝ որպես հայոց պետականության հարատեւության երաշխիք»․ այսպես է կոչվում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի համահեղինակությամբ ստեղծված գիրքը:

Գիրք-աշխատությունը բաղկացած է 2 բաժնից։ Առաջին հատվածում պրոֆեսոր Է․ Մինասյանն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին եւ դրա ամբողջականության հայեցակարգային հիմքերին, մասնավորապես, թե ինչպես պետք է  կառուցվի այդ փոխադարձ համագործակցությունը, եւ ինչպես ապահովվի միասնությունը։ 

Գրքի 2-րդ հատվածը հեղինակել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը եւ ներկայացրել է համահայկական պետության ազգային եւ գաղափարաբանական հիմքերը, թե ինչպիսի գաղափարախոսություն պետք է ունենա պետությունը. «Ներկայացրել եմ համահայկական պետության սահմանադրական մոդելը, թե ինչպես եմ տեսնում պետության սահմանադրական մոդելը»,- մեզ հետ զրույցում նշում է Այվազյանը: 

Գիրքը տպագրվել է բարերար Հակոբ Այնթապլյանի պատվերով ու հովանավորությամբ։ Այն նախատեսված է լայն շրջանակների համար, ինչպես հեղինակն է նկատում՝ «ցանկացած հայ մարդու համար», որպեսզի «կարդա եւ գիտակցական մոտեցում ցուցաբերի հայոց պետականության նկատմամբ»։ Գիրքը չի վաճառվելու եւ առաջնահերթ շահագրգիռ անձանց ու մասնագետներին է բաժանվելու։

«Գրքի գաղափարը սա է՝ մենք ունենք մոտ 3 մլն հայ մեր երկրում եւ 3 անգամ ավելին՝ ամբողջ սփյուռքում, ու ամբողջ իմաստն այն է, որ ժամանակակից մարտահրավերները ստիպում են մեզ, որպեսզի ունենանք այնպիսի պետություն, որը կմիավորի ոչ թե 3 մլն մեր հայերին, այլ ամբողջ աշխարհի հայերին, եւ ամբողջ աշխարհի հայերի ու բոլոր ոլորտների ներուժը կօգտագործի ոչ միայն մեր պետության հզորացման համար, այլ նաեւ կծառայի ամբողջ աշխարհում սփռված հայերի իրավունքների պաշտպանության համար։ Ու գրքի հիմնական մեխն այն է, որ դա հնարավոր է միայն պետականություն ունենալու միջոցով։ Տեսեք, մեզնից մի քանի անգամ ավել տարբեր ազգություններ կան, որոնք շատ են, բայց պետականություն չունեն ու այդպես էլ չեն կարողանում համախմբվել եւ իրենց ազգային շահերի համար օգտագործել իրենց ներուժը։ Դրա լավագույն կազմակերպման ձեւը եղել եւ մնում է պետականությունը, այստեղ առաջ է քաշվում հենց համահայկական պետականության, համահայկական քաղաքացիության մոդելը»,-նշում է զրուցակիցս։
     
Պետականության պահպանման երաշխիք միայն համահայկականությո՞ւնն է, թե՞ այլ գործոններ էլ կան, որոնց մասին խոսվում է գրքում։ «Թիվ մեկ լինելիության հրամայականը որակյալ հայի ստեղծումն է, իսկ եթե այդ որակի չափանիշները մենք չենք ստեղծում, մեր պետականությունը չի կարող այս մարտահրավերների պայմաններում գոյատեւել: Մեր հարեւանությամբ 80 մլն-անոց Թուրքիան է եւ 8 մլն-անոց Ադրբեջանը, եւ որպեսզի կարողանանք դիմագրավել այդ մարտահրավերներին, այլընտրանք չունենք, քան համախմբել, կոնսոլիդացնել աշխարհում ապրող 13 մլն հայերին, ընդ որում` այդ 13 մլն-ին պետք է համախմբել մեկ պետականության մեջ, բոլորը պետք է համահայկական պետականության բաղկացուցիչներ լինեն` մասնակիցներ: Սա է գաղափարը: Ես աշխատության մեջ գրել եմ, որ մեր սահմանադրության մեջ պետք է ամրագրվի հայրենասիրության ինստիտուտը, նաեւ՝ դավաճանության ինստիտուտը, գործող իշխանությունների բոլոր տեսակի` քաղաքականից մինչեւ քրեական պատասխանատվության սկզբունքը` սահմանադրական պարտականություններից շեղվելու համար, եւ այլն: Այսինքն՝ դա համալիր միջոցառումների եւ գործողությունների ամբողջություն պետք է լինի, որի առանցքը, կրկնում եմ` համահայկականությունն է, համախմբել ամբողջ հայության ներուժը, նրանց մղումները, հայրենասիրությունը, որպեսզի մենք կարողանանք այս լուսնի տակ տեղ ունենալ, հակառակ դեպքում, ինչպես տեսնում եք՝ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, մենք կարող է եւ աշխարհաքաղաքական քարտեզից վերանանք, եթե այս տրամաբանությամբ չընթանանք»,- մտահոգություն է հայտնում սահմանադրագետը: 

Գաղափարախոսական դրույթներից բացի, գրքում հեղինակները տալիս են նաեւ դրան հասնելու ուղիները, այսպես ասած` ճանապարհային քարտեզը. «Այդ համախմբմանը հասնելու համար ես տալիս եմ նաեւ, թե սահմանադրական ինչպիսի մոդել պետք է լինի, մասնավորապես՝ մենք նոր սահմանադրություն պետք է ունենանք, որտեղ առանձին մի գլուխ պետք է վերաբերի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, պետական կառավարման եւ իշխանության օղակները պետք է ներգրավեն սփյուռքի կարող ուժերը եւ այլն, իսկ այդ ամենը պետք է սահմանադրական մոդելով լինի: Այսինքն՝ մեզ մոտ, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, առաջին հերթին անհրաժեշտ է այս ամենի գիտակցումը, հայրենասիրություն, պատասխանատվության գիտակցում եւ կամք, որովհետեւ այլընտրանք չկա, եթե ուզում ենք, որ մեր երկիրը կարողանա այս մարտահրավերներին դիմակայել եւ գոյություն ունենալ արժանապատիվ ձեւով»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image