Քաղաքականություն

Վենեսուելայից մինչև Հայաստան

Վենեսուելայից մինչև Հայաստան

Իմացաք երևի, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի ղեկավարին և նրա կնոջը գերեվարումից հետո մեղադրել է նարկոտեռորիզմի մեջ: ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին է հայտնել այդ լուրը՝ նշելով, որ Մադուրոն ու նրա կինը խառն են Նյու Յորքի հարավային շրջանում ենթադրյալ «նարկոտեռորիզմի» և Միացյալ Նահանգների դեմ օգտագործված զենք պահելու մեջ։ Եթե ամերիկան իրավապահների այս կասկածները հաստատվեն, ես այնքան էլ դեմ չեմ լինի, որ Մադուրոն և նրա կինը որոշ ժամանակ անցկացնեն ԱՄՆ հատուկ ծառայությունների այսպես կոչված պադվալում: Հենց թեկուզ դաստիարակչական նկատառումներով դա դրական ազդեցություն կունենա ինչպես Մադուրոյի և նրա կնոջ, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա: Մնացած բոլոր առումներով ես դատապարտում եմ ԱՄՆ-ի նախահարձակ գործողությունները անկախ և ինքնիշխան Վենեսուելայի նկատմամբ:

Ի՞նչ է նշանակում՝ գիշերով, երբ մարդիկ քնած են, հարձակվել պետության վրա, ռմբակոծել մայրաքաղաքը, տակնուվրա անել ամեն ինչ, մտնել մատակարար կազմակերպությունները, թալան անել, սպանել նախարարների ու խաղաղ բնակիչների, հետո էլ Մադուրոյին իր կնոջ հետ տանել Ամերիկա: Ասում են Վենեսուելան նավթով հարուստ երկիր է, և դա է պատճառը, որ ԱՄՆ-ը այսպիսի քայլի է դիմել: Սա ամենազզվելի բանն է, որ, եթե հաստատվի, ԱՄՆ-ը կխայտառակվի աշխարհով մեկ՝ որպես գող-ավազակ երկիր: Կրկնում եմ, ցավում եմ ԱՄՆ-ի համար և հույս ունեմ, որ Մադուրոյին ու նրա կնոջը ներկայացված նարկո-մեղադրանքն այնուամենայնիվ կհաստատվի:

Այսպես խորհրդածելով՝ աննկատ հասա Հայաստան և մեզանում մեծ աղմուկ հանած նարկոտիկի գործին, որն այդպես էլ չբացահայտվեց: Կատակ բան չէր՝ երկիր տոննաներով թմրանյութ էր մտել և ՀՀ իշխանությունների «անփութության» կամ չգիտեմ ինչի պատճառով մնացել աննկատ: Ի՞նչ եղավ վերջը, ի՞նչ արին այդ թմրանյութը… Ոչ ոք չիմացավ, և, հավանաբար, ես էլ չհիշեի, եթե Թրամփը Մադուրոյին չբռներ այդպիսի գործով: Օպերացիան իրոք հանճարեղ էր մտածված: Հարձակվել մոտ 950 հազար ք/կմ տարածք և 27 միլիոն բնակչություն ունեցող երկրի վրա, մի քանի ժամում տապալել իշխանությունն ու տանել երկրի ղեկավարին՝ համաձայնեք հեշտ գործ չէ: Կեցցես Թրամփ, կեցցես ԱՄՆ, ձեր ներուժն ո՞վ ունի: Ահավասիկ ես խնդրում եմ նման մի օպերացիա էլ Հայաստանում իրականացնել՝ մեր նարկոբարոնների դեմ և ԱՄՆ «տեղափոխել» նրանց՝ իրենց կանանց հետ: Մադուրոյին հարցաքննելիս ուշադիր եղեք՝ արդյոք նա Հայաստանի անունը չի՞ տալիս, որպես Վենեսուելայից արտահանվող թմրանյութի իրացման կամ տարանցիկ երկիր: Ի դեպ՝ Վենեսուելայում հրաշալի բանան է աճում, իսկ Հայաստան տոննաներով մաքսանենգ թմրանյութը հենց բանանի արկղերով է հասել:

Մեծարգո պարոն Թրամփ, անչափ ուրախ եմ, որ ամերիկյան կողմն է վերահսկելու «Զանգեզուրի կորիդորը», ինչը նշանակում է, որ հայ և ադրբեջանցի նարկոախպերությունը չի կարողանա այդ միջանցքով նարկոբեռներ տեղափոխել մինչև Չինաստան: Ուրեմն հենց նման բան նկատես՝ միանգամից դոմփիր Երևանին էլ, Բաքվին էլ, ինչպես դոմփեցիր Կարակասին: Մենք աչքներս էլ չենք թարթի, եթե մեր ղեկավարին իր տիկնոջ հետ միառժամանակ տանես ԱՄՆ՝ կրթելու և դաստիարակելու: Միայն թե, պարոն Թրամփ,  հատկապես մեր օրիգինալին կտանես և ոչ թե նրա կրկնօրինակին: Այլապես աշխարհի թերթերը գրում են, որ օրիգինալ Մադուրոն սպանված է,և ԱՄՆ-ում «դվայնիկ» են ցույց տալու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image