Քաղաքականություն

Մարտի են գնում ՔՊ-ի գեղեցկուհիները

Մարտի են գնում ՔՊ-ի գեղեցկուհիները

Օրերս ՔՊ-ից մի աղջիկ կաքավել էր, թե իրենք ոչ թե զինաթափում են Հայոց բանակը, այլ խոստում էին տվել ժողովրդին եւ կատարում են: 

Ես, որեւէ բան չհասկանալով այս գեղգեղանքից, գրել էի, որ այդ աղջիկը հիվանդ է, քանզի հստակ գիտեի, որ ՔՊ-ն ու մանավանդ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոստացել զինաթափել բանակն ու կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը: Ընդհակառակը, Նիկոլը միշտ ասել է՝ մենք կարդիականացնենք մեր բանակը, կհզորացնենք մեր պաշտպանությունը, Ֆրանսիայից ռազմական տեխնիկա կբերենք, Հնդկաստանից՝ հրթիռային կայանքներ եւ այլն: 
Հիշո՞ւմ եք, թե ինչ ողբերգություն էր ապրում Նիկոլն այն օրերին, երբ փողն իբր փոխանցել էին Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը զենքը չէր ուղարկել: Իսկ քի՞չ են խոսել ռազմարդյունաբերության զարգացումից… Իրենց հավատայիր՝ մենք հիմա արդեն զենք արտահանող երկիր էինք դարձել: Փաստորեն, այս ամենը փչո՞ց է եղել: ՔՊ-ի աղջկա բառերից այդպես է ստացվում՝ խոստացել են մի բան, արել՝ տրամագծորեն հակառակը:

Պապիկյան Սուրեն, դու այդ ի՞նչ տեսակ Պնախարար ես, որ վարչապետին թույլ ես տալիս զինաթափել Հայոց բանակը, կրճատել ֆինանսավորումը, նոր պաշտպանական բնագծեր ու դիրքեր չկառուցել, սպաների աշխատավարձ չավելացնել, զինվորին չապահովել անհրաժեշտ սննդով ու պաշտպանական հանդերձանքով: Պապիկյան Սուրեն, դուք ե՞րբ եք վերջին անգամ փամփուշտ բերել Հայաստան, որ հայ զինվորը կրակել սովորի, մարտ վարել սովորի, նռնակ նետել սովորի, հարձակման անցնել կամ խրամատում դիրք պահել սովորի: Դուք խոստացել էիք արդիականացնել բանակը: Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ… 

Իզուր շուրջդ մի նայիր, Պապիկյան Սուրեն, ոչինչ չեք արել: Մի ելակ եք մտցրել բանակ, մեկ էլ խոհարար ու արտաքնոց մաքրող բերել: Մի քանի նոր զինատեսակի անուն տուր, Պապիկյան Սուրեն, որ քո աչքով տեսել ես զորամասերում՝ հայ զինվորի ձեռքին, հայ զինվորի տրամադրության տակ: Սահմանին մոտ մի փլատակ էիք դարձրել զորանոց, էն էլ վառվեց՝ 15 ջահել տղայի կյանք խլելով:

Քոչարյան Անդոն ընդդիմադիր պատգամավորներին ասում էր՝ եկեք ձեզ տանեմ, նորակառույց ու կահավորված դիրքերը ցույց տամ: Չե՞ս ամաչում, Քոչարյան Անդո, եքա մարդ ես… 44-օրյա պատերազմի ժամանակ զինապահեստների մասին դուրս տվածդ ստերը քիչ էին, հիմա էլ նո՞ր ստեր ես հորինում: Ի՞նչ նոր դիրքեր, ի՞նչ կահավորում, ի՞նչ պաշտպանություն: Կարո՞ղ ես ինձ բացատրել, թե այդ ինչ կատարվեց մեր դարավոր թշնամու հետ, որ հանկարծ դարձավ խաղաղության աղավնի, ու մեզ բանակ այլեւս պետք չէ: Հիմա դու պաշտպանության հանձնաժողովի նախագահն ես՝ քո արեւին, վարչապետն էլ ասում է՝ պաշտպանական ծախսերը պետք է կրճատել: Բա ո՞ւր է քո կարծիքը, հեր օրհնած, ինչո՞ւ վարչապետիդ չես ասում, որ դու այդպիսի խոստում չես տվել, եթե դու այդպիսի խոստում տված լինեիր, ականջներդ կտեսնեիր, բայց վարչապետի աթոռը չէիր տեսնի: Անդո, դու բանակից փողով ազատվելու մասին օրենք ընդունեցիր՝ ասելով, որ բոլորը պետք է ծառայեն հայրենիքին․ որը՝ 2 տարի, որը, փողին մուննաթ, 1-2 օր՝ սեփական «Լեքսուսով» զորամաս այցելելով: Սրա արդյունքում՝ զորակոչին մարդ չի հավաքվում, մինչդեռ բանակը զինվորով է բանակ… Ե՞ս պետք է քեզ բացատրեմ, որ չէր կարելի այդպիսի բան անել, որովհետեւ կառավարություն չունես, պաշտպանությունից ու անվտանգությունից հասկացող մարդ չունես այդ կառավարությունում:

Խնդրեմ, ՔՊ-ից մի աղջիկ է կաքավում բանակը զինաթափելուց: Ախր, նրա ի՞նչ խելքի բանն է բանակը, նա ի՞նչ է հասկանում Նիկոլի ֆինտուֆլյուշկաներից: Այդ աղջկա համար ամենակարեւորը պարգեւավճարն է, որ կշարունակի ստանալ, եթե բանակի արդիականացման եւ հզորացման համար նախատեսված գումարներն ազատվեն… Լավ «կալգոտկի» կառնի, ֆրանսիական դուխի, լավ ավտո կքշի, թանկարժեք գեղեցկության սրահներ կայցելի, մեկ-մեկ էլ, երբ Նիկոլը գա ՔՊ գրասենյակ, ավտոյի դուռը կբացի, որ մեծարգոն իջնի ավտոյից: Ասում է՝ մենք բանակը չենք զինաթափում, մենք խոստումներ ենք տվել, որ իրականացնում ենք: Բա չասե՞ս՝ այ ձուն գա գլխիդ, այ գեղեցկուհի, դուք ձեր տված այդ ո՞ր խոստումն եք կատարել, որ հանկարծ սկսել եք խոստում կատարել: 

Դուք խոստացել եք Արցախը պահել, Շուշի եւ Հադրութ ապաօկուպացնել, Տավուշից տարածքներ չզիջել, «Զանգեզուրի միջանցք» չտալ, թշնամուն դուրս քշել ՀՀ օկուպացված տարածքներից, պայքարել արցախահայության իրավունքների համար: Ո՞րն եք կատարել, որ հիմա էլ Ադրբեջանի պահանջով թուլացնում եք Հայոց բանակն ու հայտարարում, թե դա ձեր խոստումն է եղել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image