Հայաստանի հասարակությունը եւ ընդդիմությունը հայտնվել են փակուղում, որից կարծես թե ելք չկա: Ընդդիմությունը հայտարարում է, որ երկրի եւ հասարակության առաջ կանգնած խնդիրները լուծելու համար նախ պետք է հեռացնել գործող վարչակազմին, որը վարում է Հայաստանի եւ նրա ժողովրդի շահերին հակասող քաղաքականություն, բայց ինչպես իրականացնել իշխանափոխություն, ինչպես հասնել Փաշինյանի ռեժիմի հեռացմանը՝ չգիտեն: Տեսականորեն գիտեն, բայց գործնականում չեն կարողանում իրականացնել` տեսությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիմա, երբ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, ընդդիմությունը եւ դրա առանձին խմբեր համարում են, որ ընտրություններն ամենաօրինական եւ ամենաիրատեսական ճանապարհն են՝ ազատվելու ռեժիմից: Հասարակության զգալի մասը դեմ է գործող իշխանությանը, մարդիկ կգնան ընտրատեղամասեր եւ իրենց քվեարկությամբ կմերժեն իշխանությանը, եւ իշխանափոխությունը տեղի կունենա: Բայց արդյոք իշխանությունը թույլ կտա՞ ազատ եւ արդար ընտրությունների անցկացում, թե՞ հերթական անգամ կկեղծի հասարակության ընտրությունը, ընտրությունների արդյունքները: Ի վերջո, 2021 թվականին եւս հանրային վստահություն չկար, որ Փաշինյանը չկեղծեց ընտրության արդյունքները, ուղղակի ընդդիմությունը չվիճարկեց դրա արդյունքները: Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, անդրադառնալով երկրում ընթացող դատավարություններին, ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, դատարանները գործում եւ վճիռներ են կայացնում Փաշինյանի հրահանգով: Եթե մի երկրում չկա արդարադատություն, ինչպե՞ս կարող են լինել արդար ընտրություններ, եթե դատարաններն առաջնորդվում են ոչ թե օրենքով եւ խղճով, այլ կատարում են Փաշինյանի կամքը, ինչո՞ւ ընտրական հանձնաժողովները, որտեղ նրա ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, այդ թվում եւ այդ անարդար դատական համակարգի կողմից նշանակված, չպետք է կատարեն Փաշինյանի հրահանգները եւ նրան չհայտարարեն հաղթող՝ անկախ հասարակության քվեարկությունից: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի:
Փակուղային է նաեւ իշխանափոխության մյուս տարբերակը` փողոցային պայքարը: Երբ ընդդիմությունը տապալվում է ընտրություններում, ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ դա դեռ պայքարի ավարտը չէ, որ պայքարը նոր է սկսվում, եւ իշխանությանը կարելի է հաղթել փողոցում, հանրային ճնշում գործադրել, ստիպել, որ նրանք հեռանան իշխանությունից: Բավարար է հավաքել կրիտիկական զանգված, 50-60 հազար մարդ, եթե ավելի շատ լինի՝ ավելի լավ, պարալիզացնել Երեւանը, Հայաստանը, իշխանության համար ստեղծել փակուղային վիճակ, եւ հաղթանակն ապահովված է: Տեսության մեջ ամեն ինչ շատ լավ է, բայց գործնականում չի հաջողվում: Անհաջողության համար հասարակությունը մեղադրում է ընդդիմադիր առաջնորդներին անվճռականության, պայքարը կազմակերպելու անընդունակության եւ էլ տարբեր մեղքերում, ընդդիմադիր առաջնորդները մեղքը բարդում են հասարակության վրա`քիչ մարդ հավաքվեց, հավաքվածներն էլ շուտ հուսահատվեցին, միանգամից հաղթանակ էին ուզում եւ այլն: Բայց ամենակարեւորը. իշխանությունն իր ունեցած ամբողջ ուժային ռեսուրսով ճնշում է փողոցային պայքարը` ակտիվիստները ծեծի են ենթարկվում, կալանավորվում, ընդդիմության առաջնորդների վրա քրեական գործեր են սարքում, նրանց մեղադրում են ահաբեկչության կամ բռնի հեղաշրջման նախապատրաստության մեջ, բանտարկում են, ամիսներով եւ տարիներով դատական պրոցեսներ են բեմադրում, չնայած բոլորի համար էլ պարզ է, որ այդ դատավարությունների տակ ոչ մի քրեական ենթատեքստ չկա, բայց, ինչպես նման դեպքերում են ասում, գնա՝ քո պատժաժամկետը նստի, դուրս կգաս՝ քո արդար լինելը կապացուցես: Ընդդիմությունը փոխանակ զբաղվի իր բուն գործով, հարկադրված է լինում զբաղվել դատական քաշքշուկներով, անարդար դատարաններից արդարադատություն ակնկալելով: Պայքարը՝ հանուն իշխանության հեռացման, վերածվում է պայքարի՝ հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման:
Նկարագրվածի մեջ ոչ մի արտառոց բան չկա, ու դա հատուկ է ոչ միայն Հայաստանին: Երբ երկրում հաստատվում է բռնապետական ռեժիմ, իսկ որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ Փաշինյանի ռեժիմը բռնապետական է, եւ այն ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ, ապա բռնապետական ռեժիմին հնարավոր չէ հեռացնել ժողովրդավարական մեթոդներով: Ինչպես ընտրությունները, այնպես էլ փողոցային հանրահավաքային պայքարը, ժողովրդավարական երկրներին հատուկ մեթոդներ են, որոնք աշխատում են ժողովդավարական հասարակություններում: Բռնապետության պայմաններում փորձել ժողովրդավարական ընտրությունների վրա հույս դնել կամ նման ընտրություններով իշխանություն փոխել՝ նույնն է, թե որեւէ մեկը փորձի Երկրի վրա թռչել այնպես, ինչպես դա հնարավոր է տիեզերքում ձգողականության բացակայության պայմաններում: Ցանկացած նման փորձ կավարտվի գլուխը գետնին խփելով:
Արդյոք ասվածը նշանակո՞ւմ է, որ իշխանության դեմ պայքարել պետք չէ, քանի որ դա անիմաստ է եւ չի հանգեցնելու հաջողության: Ամենեւին էլ ոչ. որովհետեւ ցանկացած բռնապետական ռեժիմի դեմ պայքարել ոչ թե պետք է, այլ անխուսափելի է: Նույնիսկ ամենադաժան եւ ամենախիստ բռնապետական ռեժիմը հավերժ չի եղել, դրանք ընկել են հենց հանրային հետեւողական պայքարի արդյունքում: Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվելու. դեռ ոչ մի բռնապետ կամավոր եւ հոժարակամ իշխանություն չի զիջել: