Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնելու թեմայի շուրջ քննարկումները ոչ մի կերպ չեն հանդարտվում: Դեռ ավելին՝ այդ քննարկումը գնալով ընդլայնվում է: «Հայաստան» խմբակցությունը որոշեց հետ չմնալ ՔՊ-ի գործընկերներից ու հայելային քայլ կատարեց՝ ի դեմս Գեղամ Նազարյանի, իր մանդատների թիվը պակասեցնելով մեկով: Թե ինչ ստացվեց արդյունքում, դժվար է ասել, բայց մի բան հստակ է արդեն՝ ՔՊ-ն կամ Ալեն Սիմոնյանը, ի դեմս Գեղամ Նազարյանի, նոր համախոհ ձեռք բերեցին, բայց «Հայաստան» դաշինքը մնաց ձեռնունայն, որովհետեւ արդեն հույս չկա, որ Հովիկ Աղազարյանի ընկերը կգա ու նրան խորհուրդ կտա՝ մանդատը պահել, բայց անցնել ընդդիմության դաշտ: Այսինքն՝ հաշիվն այս դեպքում 1:1 է, բայց՝ հօգուտ ՔՊ-ի:
Ինչեւէ, շատ է խոսվում այն մասին, որ Հովիկ Աղազարյանը, Գեղամ Նազարյանը եւ Իշխան Զաքարյանը կարող են ձեւավորել անկախ պատգամավորական խումբ: Իհարկե, սա զուտ ցանկություն է, որովհետեւ օրենքը նման բան թույլ չի տալիս: Նշված անձինք պատգամավոր են դարձել այս կամ այն քաղաքական դաշինքի համամասնական ցուցակով, իսկ դա նշանակում է, որ դաշինքը կամ կուսակցությունը լքելու դեպքում նրանք պարտավոր են վայր դնել պատգամավորական մանդատը: Բարոյականության հարց էլ կա այստեղ, բայց դա արդեն երկրորդական է, որովհետեւ տեսնում ենք, թե խոսքն ում մասին է: Իսկ ինչ վերաբերում է օրենքին, ապա մենք գիտենք, որ Հայաստանում, արդեն ինչքան ժամանակ է, օրենքը բանատեղ դնող չկա… Նիկոլը ոնց ասի, այդպես էլ կլինի: Եվ, ուրեմն, եթե Նիկոլն ասի, որ ԱԺ-ում պետք է ձեւավորվի անկախ պատգամավորական խումբ, ուրեմն այդ խումբը կձեւավորվի, չի ասի՝ չի ձեւավորվի: Բայց համաձա՞յն են, արդյոք, Հովիկ Աղազարյանը, Գեղամ Նազարյանը եւ իր համար հով լռված Իշխան Զաքարյանը՝ կազմել մեկ միասնական պատգամավորական խումբ: Ենթադրենք՝ Գեղամն ու Իշխանը Հովիկին չուզեն, եւ կամ՝ Հովիկը չուզի Գեղամին ու Իշխանին: Էն տարբերակն էլ կա, որ Հովիկն Իշխանին ուզի, բայց Գեղամին չուզի: Այնպես որ, այս խմբում մեծամասնություն ձեւավորելու խնդիրը բավականին բարդ է Նիկոլի համար: Նա այսքան ջանք է ներդրել, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ բուֆեր ձեւավորի` ի դեմս այս անկախ պատգամավորական խմբի, մինչդեռ այնտեղ կարող է գզվռտոց սկսվել, եւ նրա բոլոր ջանքերը գնան գրողի ծոցը: Բոլորս գիտենք, չէ՞, որ էշի խրտնածը ձիուց բեթար է: Դե մի հատ պատկերացրեք, թե Նիկոլին ինչպես կարող են քննադատել այս երեքը, եթե բանը հասնի դրան: Եվ, ուրեմն, Նիկոլը պետք է շատ զգույշ լինի Գեղամ-Հովիկ-Իշխան կազմով անկախ պատգամավորական խումբ ստեղծելու հարցում:
Իսկ հիմա ենթադրենք, որ այդ խումբը ստեղծվի… Ո՞վ է լինելու այդ անկախ ֆրակցիայի ղեկավարը: Իմ կարծիքով՝ Գեղամ Նազարյանը շանս չունի: Ի՞նչ իմանաս, թե Գեղամի «էծերը» երբ կգան, ու ինչ կանի նա հաջորդ վայրկյանին: Հասկացանք, Ալեն Սիմոնյանի հետ շորտիկով նկար ունի… Բայց չէ՞ որ դա հիմք չէ մտածելու, որ Գեղամն այլեւս երբեք Նիկոլի հրաժարականը չի պահանջելու: Հենց փողը կամ գործուղումները պակասեն, մեկ էլ տեսար՝ «էծերը» գան, ու արի՝ Գեղամ Նազարյանին լռեցրու: Հովիկն էլ փողի տեսանկյունից լավ վիճակում չէ, վարկեր ունի, պոչին՝ քրեական գործեր, ընկերոջ մասին առասպելն էլ, չգիտեմ, ճիշտ է, թե սուտ: Հովիկն այս իմաստով ավելի խոցելի է, հետեւաբար՝ նաեւ ավելի կառավարելի: Մնաց Իշխանը: Հա՛մ փող ունի, հա՛մ էքսցեսներ չի սիրում, հա՛մ էլ քրեական գործեր արդեն չունի պոչից կախ` ինչ որ հարուցել էին «Պատիվ ունեմ» մտնելուց հետո, հենց դուրս եկավ` կարճեցին, փակեցին: Հողերի աճուրդ կար` ինչ-որ, ապօրինի գույքի մասին ինչ-որ գործ, էն, որ Նիկոլը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից թմբկահարում էր, Ծաղկաձորի սպորտբազա-բան, հիմա կարծես էլ չկա` Նիկոլը փակեց, գնաց: Համաձայնեք նաեւ, որ Գեղամն ու Հովիկը պարոն Իշխան Զաքարյանի խարիզման էլ չունեն: Կարճ ասած՝ Իշխանը երկուսին էլ կրում է ԱՊԽ-ի (անկախ պատգամավորական խմբի) ղեկավարի պաշտոնի համար պայքարում: Մանավանդ՝ բոլոր նախագահների ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, պատգամավոր է եղել եւ իր «անկախությունը», այսպես ասենք` լիարժեք վաստակել է:
Եվ իմ վերջին հարցը. բացառվո՞ւմ է, արդյոք, որ այդ խումբը հետագայում մեծանա: Օրինակ, Անդրանիկ Քոչարյանը, գեներալ Գագոն, Արփի Դավոյանը եւ ուրիշներ, հանկարծ որոշեն մաս կազմել ԱՊԽ-ին: Ինչպե՞ս կարձագանքի ընդդիմությունը դրան: Նկատենք, որ հայելային քայլերն այս դեպքում ոչինչ չեն տա ո՛չ «Հայաստան» դաշինքին, ո՛չ էլ «Պատիվ ունեմ»-ին: Դա կնշանակի իմպիչմենթի մասին մոռանալ ընդհանրապես, քանզի հուսալ, որ Նիկոլի ձեւավորած ԱՊԽ-ն քվե կտա Նիկոլի հրաժարականի կազմակերպման գործին, միամտություն կլինի: Եվ, ուրեմն, ընդդիմությունը պետք է արդեն այսօրվանից տորպեդահարի ԱՊԽ-ի գաղափարը եւ հանդես գա Հովիկ Աղազարյանի մանդատն ու կարգավիճակը ՔՊ խմբակցությունում պինդ պահելու օգտին: Եթե կուզեք՝ ընդդիմությունը պետք է կատարի Հովիկ Աղազարյանի՝ այդպես էլ Հայաստան չեկած ընկերոջ դերը եւ պահանջի, որ նա երբեք չհրաժարվի ՔՊ-ի մանդատից ու այդ մանդատով իր ֆիքսված տեղից: Հովիկին ժողովուրդն է ընտրել, եւ վերջ:
ՀԳ. Պարոն Հովիկ Աղազարյան ջան, զադնի չդնես: Էն ոչխարների գործն էլ լուրջ չընդունես, ախպեր: Նաղդ արդարացվող ես: Փորձել ես կենդանի ոչխարների արտահանո՞ւմ իրականացնել՝ շատ էլ լավ ես արել: Ինչքան քիչ ոչխար մնա Հայաստանում, այնքան լավ: