ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում երեկ անդրադարձավ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին։ Նա ասաց, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար` «հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը»։ Նշեց, որ ԱՄՆ-ն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձեւավորել է։ Խոսեց մեր խորհրդանիշներից` եկեղեցի, Արարատ, որից չի կարելի հրաժարվել։ Ինչ վերաբերում է ընտրություններին` հնարավոր է ձեւավորել խոշոր նախընտրական 3-4 բլոկ, որոնք կարող են համագործակցված աշխատել: TRIPP-ը, ըստ նրա, հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ դա մեծ սպառնալիք է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը, եւ չփարատվեն Իրանի մտահոգությունները։ Ասաց, որ ՀԱՊԿ-ից ինքն էլ ունի որոշակի հիասթափություն։ Լավատեսություն հայտնեց, որ պատկերն ընտրություններում ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար, եւ շեշտեց, որ սոցհարցումներով են որոշելու իրենց դաշինքի առաջին համարին։ Բավականին հավակնոտ հայտարարություն արեց. «Ինձնից լավ ոչ մեկ չի կարող երկիրը հանել այս վիճակից։ Ես հենց սրա համար եմ մասնակցելու ընտրությանը։ Եթե մեր քաղաքական ուժն առաջին տեղը չի լինի, ես որեւէ հավակնություն չեմ ունենալու՝ վարչապետ դառնալ… Ես չեմ գնալու նախարար աշխատելու կամ մանդատ վերցնելու՝ պատգամավոր դառնալ»:
Խոսեց նաեւ Եկեղեցու դեմ արշավի մասին. «Եթե որեւէ մեկն ինձ ասեր, որ գալու է մի պահ, ու մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, որ հարց տվողը հոգեկան հիվանդ է… Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ ժողովրդին սիրում է։ Հետո պարզվեց, որ փողն է սիրում, ոչ թե՝ ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակն այսպիսին չէր լինի»։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանին հարցրինք` ո՞րն էր նախագահի ասուլիսի հիմնական մեսիջը։ «Ռոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսը եկավ ապացուցելու, որ «Հայաստան» դաշինքը մասնակցելու է հերթական ընտրություններին, լինելու է ընդդիմության կարեւոր քաղաքական գործոններից մեկը, իսկ Քոչարյանը՝ ինքը, իր մասնակցության ֆորմատը գալիք ընտրություններում տարբեր կերպ է ընկալում: Սակայն ակնհայտ է, որ նա անձամբ է մասնակցելու պրոցեսներին` ներքաղաքական առումով: Արտաքին քաղաքականության առումով էլ կուզենայի ընդգծել, որ նա ասաց այն, ինչը փորձում են թաքցնել հասարակությունից: Խոսքը Թրիփ նախագծի մասին է: Տնտեսական առումով պրոյեկտ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ միանշանակ դրական է ցանկացած տնտեսական պրոյեկտի իրականացման դեպքում, բայց եթե կա անվտանգության կոմպոնենտ, ապա դու պետք է այնպես անես, որ տնտեսական պրոյեկտը չդառնա անվտանգության լրջագույն խնդիր, իսկ Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրման փուլում չափազանց կարեւոր է այս հարցերի համար զսպիչ մեխանիզմներ առաջ բերելը: Նա փաստացի կրկնեց նախկինում արած իր հայտարարությունն այն մասին, որ Թրիփը պետք է երկարացվի, ինչպես նաեւ՝ ռուսական կողմին, որպես անվտանգության երաշխավոր, պետք է ներգրավել պրոցեսներում: Ես այդտեղ կավելացնեի նաեւ հետեւյալը` մտահոգություն ունի նաեւ Իրանը, քանի որ ԱՄՆ-ի ներգրավվածությունն անմիջապես իր սահմանին կարող է անկառավարելի ռիսկեր առաջացնել: Մեր միջպետական պայմանագիրն այնպես է կազմված, որ դու գլոբալ առումով չես կարող որեւէ մեկին առանձին հատվածից հանել, մնացած հատվածներում թողնել: Հանուն Թրիփի դու հանում ես ողջ ռուս սահմանապահներին ողջ երկայնքից, ստացվում է, որ Թուրքիայի առաջ մենք բացում ենք մեր անվտանգության բոլոր դռները: Սա, ըստ էության, անվտանգային առումով առաջարկ էր երկրորդ նախագահի կողմից: Մյուս կարեւոր կետը սահմանադրական փոփոխությունների մասին էր: Ես եւս կարծում եմ, որ դրա փոփոխությունն անհրաժեշտ է, սակայն ոչ այն օրակարգով, որն առաջ է քաշում Թուրքիան, մասնավորապես` Անկախության հռչակագրից հրաժարումը: Խոսքն այն մասին է, որ այս սահմանադրական համակարգն այլանդակ ձեւով մարդուն դարձնում է քաղաքական մոնստր: Այդ համակարգը պետք է փոխվի: Կիսանախագահական մոդելը մեզ համար այս փուլում նախընտրելի է»,- ասում է Մաթեւոսյանը:
Բայց այս աստիճանի պրոռուսական լինելը չի՞ խանգարում Ռոբերտ Քոչարյանին։ «Խնդիրն այն է, որ ցանկացած անձի, սուբյեկտի կարելի է քննադատել, բայց քննադատել հանուն քննադատության՝ ոչ մի բանի չի բերում: Թեզեր են առաջ բերվում ՌԴ-ի մասին, որոնք էմոցիոնալ են: Իշխանությունները պնդում են, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, Ռ. Քոչարյանն էլ պնդում է, որ եթե նման բան լիներ, ապա, ԱՄՆ-ի նման, մաքսատուրքերը` հայկական ապրանքատեսակների վրա, կսահմաներ 200 տոկոսով: Սա ի՞նչ է՝ արձանագրո՞ւմ, թե՞ պրոռուսականություն»: