Հասարակություն

«Հրապարակ»․ Պարտադիր բժշկական ապահովագրության պատճառով «Զինապահը» տարեկան մոտ 14,5 մլրդ դրամ քիչ կստանա

«Հրապարակ»․ Պարտադիր բժշկական ապահովագրության պատճառով «Զինապահը» տարեկան մոտ 14,5 մլրդ դրամ քիչ կստանա

2026 թվականի հունվարից Հայաստանում վերջապես ներդրվելու է երկար գովազդված մի համակարգ, որը ոմանց երազանքն էր՝ պարտադիր բժշկական ապահովագրություն: Աշխարհում պարտադիր բժշկական ապահովագրություն շատ երկրներում կա, սակայն Հայաստանում ներդրվող մոդելը մասնագետների կողմից բուռն քննադատությունների տեղիք է տվել: Նրանք բազմաթիվ թերի կողմեր են նկատել Փաշինյանի կառավարության մշակած եւ հունվարից ներդրվող համակարգում։ Բայց համարյա չի խոսվել այն մասին, որ Հայաստանում բժշկական ապահովագրությունը ներդրվում է բանակի հաշվին:
Ընդ որում, Փաշինյանը եւ նրա ենթակաները սա ներկայացնում են որպես ներդրվող համակարգի մեծագույն առավելություն: Ե՛վ վարչապետը, ե՛ւ առողջապահության նախարարը հայտարարում էին, որ 2026 թվականին ՀՀ քաղաքացիները բժշկական ապահովագրության համար կատարվող ծախսը չեն զգա իրենց գրպանի վրա: «Որոշակի համակարգեր ենք ստեղծել, որ նրանք կա՛մ քիչ զգան, կա՛մ չզգան»,- ասում էր Փաշինյանը: Եվ առաջին «համակարգը», որը կզգա դա, «Զինապահ» հիմնադրամն է։ Այսինքն՝ աշխատող քաղաքացիների կողմից ամեն ամիս իրականացվող դրոշմանիշային վճարները բժշկական ապահովագրությանն են ուղղվելու: 

Ինչպես հայտնի է, դրոշմանիշային վճարն այն գումարն է, որը Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից տալիս է «Զինապահ» հիմնադրամին: Վերջինս էլ այս միջոցները բացառապես ուղղում է կյանքը եւ առողջությունը հանուն հայրենիքի զոհաբերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին բարեկեցիկ կյանք ապահովելուն։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով 200-500 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կազմում է 5 հազար 500 դրամ: Այժմ քաղաքացիները «Զինապահին» վճարելու են ընդամենը 1000 դրամ, ինչպես եւ ավելի ցածր աշխատավարձ ստացողները, իսկ մնացած գումարը գնալու է նրանց առողջության ապահովագրությանը:  
Օրերս ՊԵԿ-ը բոլոր ձեռնար­կություններին հաշվարկային ուղեցույցներ է ուղարկել, թե որքան է ապահովագրության վճարը 200 հազար եւ ավելի ստացողների համար: Ըստ դրա, 200 հազար եւ ավելի, մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները «Զինապահին» վճարելու են ընդամենը 1000 դրամ: 1 մլն-ից բարձր ստացողների համար բանակի վճարը մնալու է անփոփոխ՝ 15 հազար դրամ: Օրինակ, 250 հազար դրամ աշխատավարձ ստացողը 10 հազար 800 դրամ ապահովագրավճար է տալու, որից 6 հազար դրամը փակում է պետությունը՝ այս գումարը հանելով աշխատողի կողմից վճարվող եկամտահարկից, իսկ աշխատողից պահվում է 4 հազար 800 դրամ։ Դրոշմանիշային վճարը 1 000 դրամ է, նախկին 5 հազար 500 դրամի փոխարեն: Աշխատողի վճարային աշխատավարձը նվազում է 300 դրամով: Եվ, իրոք, ստացվում է, որ քաղաքացին, ինչպես ասում է Փաշինյանը, չի զգա ապահովագրության վճարի ծանրությունը, բայց դա կզգա «Զինապահ» հիմնադրամը: 

Նիկոլ Փաշինյանը դեմ է նման ձեւակերպմանը: Նոյեմբերի 11-ին նա Անահիտ Ավանեսյանի հետ ցուցադրական զրույցում, որը նկարահանվել եւ հեռարձակվել է ԶԼՄ-ներով, այսպես է  բացատրում բանակի գումարների հաշվին քաղաքացիների առողջությունն ապահովագրելու որոշումը. «2021 թվականին իրադրությունը վերլուծելով, «Զինապահ» հիմնադրամի պարտադիր վճարներն ավելացրել էինք նույնիսկ անգամներով, բայց հիմա տեսնում ենք նաեւ, որ «Զինապահ» հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի դրանց կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար: Հիմա մենք քաղաքացիներին ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, շնորհակալ ենք, որ այս ընթացքում այս բեռը վերցրիք ձեզ վրա, հիմա մինչեւ 1 մլն աշխատավարձ ստացողների համար վերադառնում ենք նախկին 1000 դրամ մակարդակին, 1000 դրամից ավել ինչ կա, մենք ուղղում ենք անձի առողջության ապահովագրությանը»: 

Հասկանալի է, որ բանակում առողջությունը կորցրած, զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների վիճակի վրա ապահովագրական վճարի համակարգը բացասաբար է ազդելու: Պետական առողջապահական գործակալության նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը խիստ մոտավոր հաշվարկ է կատարել՝ ՀՀ-ում 200-500 հազար համախառն աշխատավարձ ստանում է շուրջ 256 հազար քաղաքացի, ովքեր 2026-ից «Զինապահ» հիմնադրամին կվճարեն 1000 դրամ՝ մոտ 5000 դրամի փոխարեն: «Հետեւաբար՝ ամսական սույն հիմնադրամի մուտքերը կնվազեն մոտ 1 մլրդ 240 դրամով: Տարեկան 14 մլրդ 400 մլն դրամով կնվազեն»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը: Նաեւ հիշեցնում է, որ զինվորականները, որպես առանձին ապահովագրական փաթեթում շահառուների խումբ, այլեւս չկան: Եթե պետական պատվերում նրանք կային, ապա այսօր ոչ մի արտոնություն չունեն, նույն ձեւով, ինչպես մենք, դուք, ապահովագրելու են իրենց առողջությունը: Որպես սոցիալական խումբ՝ զինծառայողներն այլեւս չկան: Ժամկետային ծառայողների համար, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ փաթեթներ կլինեն, որոշակի սահմանափակ փաթեթներ, բայց սա դեռ խոսակցություն է: «Նախկինում երեխան գնում էր ծառայելու, ու այդ ընթացքում նրա ընտանիքն օգտվում էր բավականին լուրջ պետական փաթեթից: Այժմ դա չի լինելու»,- ասում է ՊԱԳ նախկին պետը: 

Այլ կերպ ասած՝ բժշկական ապահովագրության ներկայիս համակարգի կիրառման արդյունքում զինվորականները եւ նրանց ընտանիքները կրկնակի են տուժելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image