Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ինչ փուլում են ՀՀ նախկին դատավորների ՄԻԵԴ գանգատները

«Հրապարակ»․ Ինչ փուլում են ՀՀ նախկին դատավորների ՄԻԵԴ գանգատները

Հայաստանի նախկին դատավորները Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացրել, սակայն կոմունիկացման փուլին միայն երկուսն են հասել՝ «Հրապարակին» հայտնեցին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից: «Կոմունիկացման փուլն անցել է Սուրեն Անտոնյանի գործը, որով կա վճիռ, նաեւ կա «Գագիկ Խանդանյանն ընդդեմ Հայաստանի» գործը, որը եւս կոմունիկացված է»,- հայտնեցին գրասենյակից՝ նշելով, որ դատավորների գանգատները 10-ից պակաս են: Կոմունիկացման փուլը կողմերին ուղղված հարցերին պատասխանելու փուլն է, որին հաջորդում է որոշումը:

Հիշեցնենք․ Գ. Խանդանյանին ԲԴԽ-ն 3 տարի առաջ է զրկել լիազորություններից` հենվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության վրա, ըստ որի՝ դատավորն իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, գնելով բաժնեմաս «Մուշ» ՍՊԸ-ում: Իսկ «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը հրապարակվել է հունվարին։ Դատարանն արձանագրել է՝ Հայաստանը խախտել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը, քանի որ ԲԴԽ-ն անաչառ չի եղել` արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի սերտ հարաբերությունները լուրջ կասկածներ են առաջացնում Անդրեասյանի անկողմնակալության վերաբերյալ։ 

Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը կարո՞ղ է արդյոք օգտակար լինել նաեւ մյուս դատավորների համար, որոնց նույնպես Մինասյան-Անդրեասյան տանդեմն է զրկել լիազորություններից` նախարարը միջնորդություն էր ներկայացնում, նրա ընկերը՝ բավարարում: Այս հարցն ուղղեցինք ՄԻԵԴ մեկ այլ դիմումատուի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանին: «Քանի որ կար անաչառության խնդիր, այն է` բացահայտված չէր կապը Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի միջեւ, սա խնդրահարույց էր դիտվել: Բոլոր այն կարգապահական վարույթները, որտեղ Կարեն Անդրեասյանը մասնակցել է ԲԴԽ կազմում, եւ Մինասյանը հանդիսացել է միաժամանակ նախարար, մեծ հաշվով, տեսականորեն, կարող են վերանայվել այդ որոշման հիման վրա, բայց դրա վերաբերյալ պետք է կողմի դիմում լինի: Այսինքն, համապատասխան դատավորը պետք է դիմում ներկայացնի, ինչը, կարծում եմ, պետք է պարոն Անտոնյանը ներկայացնի: Նա դեռ մի քանի ամիս ունի, մինչեւ ՄԻԵԴ որոշումը վերջնականացվի, եւ դրանից հետո մի քանի ամիս էլ ունի՝ դիմելու համար»,- պատասխանեց դատավորի ներկայացուցիչը:

Փաստորեն, եթե Սուրեն Անտոնյանը չդիմի նոր քննություն սկսելու համար, մյուս դատավորները չե՞ն կարող օգտագործել նրա վերաբերյալ կայացված վճիռը: «Սա տեսական հարց է: Մեծ հաշվով, անաչառության խնդիրն արձանագրված է պարոն Անտոնյանի մասով: Բայց ՄԻԵԴ որոշումները դրանով կանխորոշելը ճիշտ չէ: Պայմանական եմ ասում: Նույն՝ Դավիթ Հարությունյանի մասով էլ մենք ունենք այդ հարցը բարձրացրած, բայց կարող է Եվրոպական դատարանը քննի ու գտնի, որ մեր դեպքում ամեն ինչ նորմալ է: ՄԻԵԴ-ը կաշկանդված չէ իր որոշումներով»,- պատասխանեց Զորայր Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը միաժամանակ երկու գանգատ ունի ՄԻԵԴ-ում: Առաջինը լիազորությունների դադարեցման դեմ է: Ըստ ԲԴԽ-ի եւ արդարադատության նախարարության մեկնաբանության, դատավորն իբր քննադատել էր ԲԴԽ-ին, որի համար էլ զրկվել է կարգավիճակից: Ապա Դավիթ Հարությունյանը ՍԴ էր դիմել՝ վերացնելու իր հանդեպ կատարված անարդարությունը: ՍԴ-ն որոշել է, որ դատավորի լիազորությունները դադարեցվել են օրենքի խախտումներով, եւ ԲԴԽ համապատասխան որոշումը ենթակա է վերանայման, սակայն ԲԴԽ-ն հրաժարվել է կատարել ՍԴ որոշումը եւ վերանայել իր ընդունած ակտը: «Այդ չվերանայման դեմ մենք ներկայացրել ենք երկրորդ գանգատը», - ասում է Զ. Հարությունյանը: 

Այս պահին Եվրոպական դատարանում են վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի, սնանկության դատարանի դատավորներ Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի, դատավորներ Սիմա Իսկանդարյանի, Նաիրա Մխիթարյանի, Աննա Փիլոսյանի, Զարուհի Նախշքարյանի գանգատները: Հիշեցնեմ, որ սա Զարուհի Նախշքարյանի երկրորդ գանգատն է: Զարուհի Նախշքարյանը 2022 թվականին հանդգնել էր հրապարակայնորեն պաշտպանել դատավոր Աննա Փիլոսյանին, որի լիազորությունները դադարեցվել էին, եւ կասկածի տակ էր դրել ԲԴԽ որոշումը: Զրուցեցինք նաեւ նախկին դատավոր Աննա Փիլոսյանի հետ: 

Ի՞նչ  փուլում է Ձեր գործը: «Դիմել ենք 2023 թ. մայիս-հունիսին, տրվել է առաջնահերթություն, եթե պարզ լեզվով ասեմ՝ 2 տարվա կտրվածքով պետք է որոշում կայացվի: 2 տարին կլրանա 2025 թ. մայիս ամսին: Մեր ենթադրություններն այնպիսին են, որ պարոն Անտոնյանի որոշումից հետո կկոմունիկացվեն եւ որոշումներ կլինեն մնացած գործերով: Ենթադրում եմ, որ պարոն Անտոնյանի որոշումը կլինի ուղենիշային առնվազն 7-8 դատավորների գործերի համար»: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ավտոմատ կիրառվի անաչառության վերաբերյալ այդ գնահատականը նաեւ մյուս գործերով: 
«Եթե ես ճիշտ գիտեմ, բոլորը բարձրացրել են այդ հարցը` առնվազն մի քանի բողոքի բովանդակությանը, հիմքերին ծանոթ եմ, այդ խնդիրը, իմ տեղեկություններով, բարձրացվել է: Մեծ հաշվով, բոլորը արդար դատաքննության իրավունքի հարցը բարձրացրել են, իսկ անաչառ դատարանը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի տարր, հետեւաբար, բոլորի համար այն կլինի ուղենիշային»,- ասաց Փիլոսյանը: Ճի՞շտ եմ հիշում, որ Ձեր լիազորությունները դադարեցրել էին՝ դատական ակտը ուշ ուղարկելու համար, եւ Դուք պատճառաբանել էիք Ձեր ծանրաբեռնվածությունը: «Այո, իմ ծանրաբեռնվածությունը 4-5 անգամ աճել էր, այսինքն՝ եթե հիմա 8-9 անգամ է նորման գերազանցում, եթե չեմ սխալվում, իմ պաշտոնավարման մյուս տարիների համեմատ այդ ժամանակ մոտավորապես 4 անգամ ծանրաբեռնվածությունն աճել էր: 500 գործից հասել էինք մոտ 2 հազար 500 գործի»:
Ձեր լիազորությունների դադարեցումից հետո՝ 22 թվականից, անցել է 3 տարի, նկատե՞լ եք, որ դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար որեւէ բան արված լինի, թե՞ էլի դատավորները նույն բեռնված ռեժիմով են աշխատում, իսկ կալանավորները տարիներով դատավճիռների են սպասում:  

«Իմ լիազորությունների դադարեցումից հետո քաղաքացիական բլոկի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին: Այսինքն՝ լուծումները շատ վաղուց մշակվել էին, բայց մի տեսակ քաղաքական կամքը եւ համաձայնությունը չկար, որպեսզի այդ լուծումները կյանքի կոչվեին: Գումարի բռնագանձման գործերը, որոնք մեծ մասն էին կազմում, դատարանի ենթակայությունից հանվել են, ինչն օբյեկտիվորեն բերել է ծանրաբեռնվածության որոշակի նվազման: Մնացած մասով ինձ հայտնի չէ, հատկապես քրեական բլոկի ծանրաբեռնվածությունը լուծելու հարցում: Որքանով ունեմ տեղեկություններ, ոչ մի համակարգային լուծումներ չեն տրվել»: 

Հեղափոխությունից անմիջապես հետո ՄԻԵԴ-ն այնքան էլ բարեհաճ չէր հայ դատավորների հանդեպ: Միաժամանակ ՍԴ 3 նախկին դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաեւ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գանգատները մերժվեցին 2023-ի դեկտեմբերին: ՄԻԵԴ-ն անընդունելի համարեց դրանք կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով: Սուրեն Անտոնյանի գործը, կարծես, փոխում է եվրոպական արդարադատության ուղղվածությունը: 

Դե, իսկ ՄԻԵԴ-ՀՀ դատավորներ թեմայի ամենաարտառոց միջադեպը 2010 թվականին է տեղի ունեցել, երբ ՄԻԵԴ-ը բավարարել էր նախկին դատավոր Աշոտ Հարությունյանի բողոքը` նրա մահից հետո: Հարությունյանը դատապարտվել է տնտեսական հանցագործության համար եւ մահացել է բանտում 2009 թվականին: ՄԻԵԴ-ն արձանագրեց նրա իրավունքների խախտումը, սակայն փոխհատուցումը ստացավ դատավորի դուստրը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image