Իջևան քաղաքի բնակիչ, 1981թ․-ին ծնված, բարձրագույն կրթությամբ, ամուսնալուծված, խնամքին մեկ անչափահաս ունեցող, առանձնապես խոշոր չափերով խարդախության համար Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 2020թ․-ին 7 տարի ազատազրկման դատապարտված Նարա Ղազումյանին նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006-2009թթ․ընթացքում աշխատելով «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամում որպես մարզային կազմակերպչի օգնական, ապա՝ կազմակերպիչ, ուրիշի գույքը խարդախությամբ հափշատակելու դիտավորությամբ Արա Սիմոնյանի, Ստելլա Դավիդյանի և Ջեմմա Ֆրանգուլյանի օժանդակությամբ, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, վերջիններիս՝ նշված գործունեությունը դադարեցված բարեգործական հիմնադրամում բարձր վարձատրվող տարբեր աշխատանքների ընդունելու, թանկարժեք ավտոմեքենաներ և բնակարաններ հատկացնելու․ շինություն վարձակալելու պատրվակով, խաբեությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ։
Ն․ Ղազումյանը գտնվել է կալանքի տակ, մնացած 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ն. Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»)՝ 5 դրվագով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»)՝ 7 դրվագով, Ա․ Սիմոնյանին՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 4 դրվագով, Ջ․ Ֆրանգուլյանին՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով և Ս․ Դավիդյանին՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 4 դրվագով:
Ըստ մեղադրանքի՝ Ն․ Ղազումյանը տարբեր պատրվակներով 2018թ․ հոկտեմբերից մինչև 2019-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Հակոբ Խոսրովյանից հափշտակել է 28 980 000 ՀՀ դրամին համարժեք 60 հազար ԱՄՆ դոլար։ Ա․ Սիմոնյանին, Ջ․ Ֆրագուլյանին․Ս․ Դավիդյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք Ն․ Ղազումյանին օժանդակել են խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելուն։ Սույն քրեական գործով դատավարությունը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրում մեկնարկել է 2020թ․ օգոստոսի 11-ին։ 2023թ․ հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Դ․ Սարգսյանը որոշել է քրեական գործի ընդդատությունը փոխել, գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ 2024թ․ փետրվարի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը որոշել է Ն․Ղազումյանի պաշտպանների միջնորդությունը բավարարել և վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով: Սույն գործով դատավարության 2026թ․ հունվարի 22-ի, փետրվարի 3-ի, փետրվարի 12-ի դատական նիստերը հետաձգվել են վկաներ հրավիրելու հիմքով, փետրվարի 24-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Ստելլա Դավիդյանի չներկայանալու հիմքով, մարտի 12-ի դատական նիստը հետաձգվել է մեկ այլ դատական նիստով դատալսումներ իրականացնելու պատճառաբանությամբ, մարտի 19-ի նիստը հետաձգվել է թարգմանչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, մարտի 26-ի նիստը՝ տուժողի չներակայանալու պատճառով։ 2026թ․ մայիսի 26-ի դատական նիստում դատավոր Ս․ Մխիթարյանը որոշել է Ն․ Ղազումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացնել, իսկ բացակայելու արգելք խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Սույն քրեական գործով հաջորդ նիստը նշանակված է հունիսի 16-ին։