Այլ

Ուզում ես շորտ հագի, ուզում ես՝ դա էլ մի հագի․․․

Ուզում ես շորտ հագի, ուզում ես՝ դա էլ մի հագի․․․

Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, կառավարության նիստը այն տեղն է, որտեղ ամեն ինչի մասին պետք է խոսել։ Եվ ավելացնում է՝ ինչի մասին չեն խոսում, նշանակում է՝ լուծում չեն տալու։ Ո՞նց կարող ենք չհամաձայնվել։ Կառավարության նիստում խոսում են ամեն ինչի մասին, բացի մեր երկրի իրական, գոյաբանական խնդիրներից։
Դրանք, փաստորեն, գաղտնիք են։ Մեր երկիրն է, մեր պետությունն է, բայց նրա ճակատագրական հարցերը քննարկվում են մեզնից գաղտնի։

Եվ եթե հավատանք հենց վարչապետի խոսքին, ապա նշանակում է՝ այդ խնդիրներին լուծում չեն տալու։ Կամ՝ լավագույն դեպքում, լուծում չեն տալու պետության շահերից ելնելով։
Փաշինյանն անում է հենց այն, ինչ ասում է։

Կառավարության նիստը վերածվել է չխմելու, չծխելու, նիհարելու, հեծանիվ քշելու, շորտ հագնելու շուրջ քննարկումների։ Պետության ղեկավարը կառավարության նիստում խոսում է այնպես, կարծես բակում նստած պառավ կնոջ հետ զրույց անի.

«Մեկը տեսնում են՝ նիհարել է, ասում են՝ վա՜յ, ինչու՞ ես այդքան նիհարել»։
Եվ սրանից քաղաքական եզրակացություն է անում՝ այո՛, պետք է նիհարենք հինգ անգամ։ Ասում է, հետո ինքն էլ ծիծաղում է իր ասածի վրա։ Այդ նույն ոճով է խոսում նաև շորտի մասին.

«Առողջ ապրելակերպը բրենդավորված չէ, հակառակն է բրենդավորված՝ բա տղամարդը շորտ կհագնի՞»։ Այ մարդ, շորտ ես ուզում հագնել՝ գնա հագի։
Ուզում ես՝ շորտ հագի, ուզում ես՝ մի հագի։ Ո՞վ է ձեռքդ բռնում, ո՞վ է նայում։ 
Բայց հարցը շորտը չէ։
Այնքան ցավ է տվել հային, այնքան կոտրված, նվաստացած, հարվածված վիճակի մեջ ես թողել հասարակությանը, որ նրա դարդը շո՞րտն է։
Մեր նման երկրի համար, որը վերջին տարիներին անընդհատ ստորացվել է միջազգային հարթակներում, շորտ հագնելն է ամո՞թ, թե՞ պետություն չունենալը։

Ժողովուրդը սկզբում զարմանում էր, երբ դու՝ որպես երկրի ղեկավար, պատշաճ հագուստով չէիր ներկայանում այլ պետությունների առաջ։ Հիմա մեզ համար դա արդեն սովորական է դարձել։ Եվ նույնիսկ զարմանում ենք, երբ հանկարծ կոստյում ու փողկապով ես հայտնվում։ Սա արդեն ոչ թե ազատության, այլ չափի կորստի նշան է։
Ինչևէ, կառավարության նիստը փաստացի դարձել է «բամբաս բյուրո»։

Ոչ թե ռազմավարության, ոչ թե անվտանգության, ոչ թե արտաքին քաղաքականության, ոչ թե արժանապատվության հարթակ, այլ՝ առօրյա մանր խոսակցության։

Եվ պատկերացրեք՝ առողջ ապրելակերպի ջատագով Արսեն Թորոսյանը մի օր շորտ հագած գար նիստի։
Փաշինյանի համար դա քաղաքական հաղթանակ կլիներ։ Նրա «աչքի լույսը» կդառնար։ 
Բայց պետությունը դրանից ոչ ավելի առողջ, ոչ ավելի անվտանգ, ոչ ավելի արժանապատիվ չէր դառնա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image