Եթե ձեր հավաբնում թռչունների անկում է գրանցվել, կարող եք դիմել աղվեսին: Նա ձեզ կներկայացնի անկման պատճառները եւ դրա դեմն առնելու ուղիները: Որոշակի վարձատրության դեպքում, իհարկե: Սա ամենեւին էլ կատակ չէ, ոչ էլ նույնիսկ հիմարություն: Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց անհանգստացնող հարցերով դիմում են պետական մարմիններին, հսկայական ժամանակ ու նյարդեր վատնում, բայց այդպես էլ չեն հասկանում, որ հենց այդ կառույցներն են մեղավոր, որ իրենց հարցերը չեն լուծվում: Անձամբ ես մի առիթով դիմել էի ՊԵԿ՝ չիմանալով, որ այդ կառույցը հենց նրա համար է, որ իմ գրպանից հնարավորինս շատ փող տանի: Եվ գիտե՞ք ինչ տեղի ունեցավ: Ոչ միայն ինձնից ապօրինի կերպով գողացած փողը չտվին, այլ մի բան էլ մուննաթ եկան, որ գրպանումս իրենց սպասածից շատ ավելի պակաս գումար կար: Հրեայի պատմությունն է, ասում է՝ դրամապանակ եմ գտել, իսկ մեջի գումարը չի հերիքում…
Տիկին Անահիտ Բախշյան, հոկտեմբերի 27-ի գործով դիմել եք ՀՀ գլխավոր դատախազություն, որ ի՞նչ անեք, ի՞նչ եք ուզում, որ բացահայտի հոկտեմբերի 27-ի ակունքներում կանգնած այս իշխանությունը: Մի՞թե Դուք չեք նկատել, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իսկական «շահառուներն» այսօր վխտում են գործող իշխանության մեջ կամ նրա շուրջ, մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ իշխանության «գլուխը» երբեք չի բացահայտելու նրանց ինքնությունը եւ, հետեւաբար, երբեք գլխավոր դատախազին ցուցում չի տալու՝ բացահայտել այդ վաղուց բացահայտված գործը: Հետեւաբար՝ դիմել եք գլխավոր դատախազին, հանդիպում եք պահանջում, որ ի՞նչ անեք: Ու դեռ մի բան էլ գլխավոր դատախազին ու իրավապահ մյուս մարմինների ղեկավարներին եք վիրավորում, որ նրանք, իբր, իրենց տեղում չեն: Նրանք ճիշտ իրենց տեղում են, տիկին Անահիտ Բախշյան, այդ մենք՝ ես եւ Դուք, մեր տեղում չենք, քանզի չենք հասկացել, որ հավաբնից կատարվող գողությունների հարցով աղվեսին չի կարելի դիմել:
Իր մայրամուտն ապրող ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները վերջերս կրկին աղմուկ բարձրացրին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ: Է՛լ Անդրանիկ Քոչարյանին ու Ալեն Սիմոնյանին վատ խոսքեր ասել, է՛լ բան՝ կոծկում եք, թաքցնում եք, խայտառակ պարտության մեղավորներին չեք բացահայտում… Այս իրարանցումը, եթե ուզում եք իմանալ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր էլ չէր: Արդեն գիտեի՝ Անդոն պաս է տալու Ալենին, Ալենն էլ ընդդիմադիրներին մատնացույց է անելու իր հիմնարկի 3-րդ բաժնի պահակին, թե գնացեք, զեկույցն այնտեղ դրված է, ծանոթացեք: Ասենք՝ ծանոթացան (իսկ ծանոթացողներ եղել էին), հետո՞: Ժողովուրդն իմացա՞վ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ում պատճառով ու մեղքով է տեղի ունեցել: Ի վերջո, այս հարցերի պատասխաններից են կախված շատ այլ եւ ավելի բարդ հարցերի պատասխաններ: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում Անդոյից, եթե հայտնի է, որ Ալենն Անդոյի վերադասն է, իսկ Ալենի վերադասն էլ այս «հավաբնի» պահակն է:
Մի քանի օր առաջ Մասյացոտնի թեմում արտասովոր դեպք էր գրանցվել: Դարավոր թեմում կառավարության կողմից թեմակալ առաջնորդ էր նշանակվել: Ու չնայած ամեն ինչ օրենքով էր արվել՝ դատարանի որոշումով-բանով, թեմը, բառի բուն իմաստով, դիվոտել էր: Ափսոս՝ Շամշյանն այդ օրերին Մասյացոտնի թեմում չէր, որ գրեր, թե իրավապահ մարմիններից ինչ երեւելի պաշտոնյաներ էին ժամանել Արարատ՝ դիվահարված ժողովրդին հանգստացնելու համար: Հիմա էս խեղճերն ի՞նչ անեն, ո՞ւմ դիմեն, որ սրբագրվի քրիստոնեության պատմության մեջ հիրավի եզակի այս խայտառակությունը: Գան կառավարության շենքի մոտ՝ ցո՞ւյց անեն, փողո՞ց փակեն, գնան նախագահակա՞ն՝ քնած մանուշակին հյուր… Այնպիսի բան է տեղի ունեցել, որ Մասյացոտնի թեմում մարդիկ այլեւս չգիտեն՝ իրենք իրական Հայաստանի հպարտ քաղաքացի՞ են, թե՞ Հիսուսի հավատից դուրս ընկած խալխ: Երեւի պիտի Աստծուն բողոքեն, հանդիպում պահանջեն… Այլապես այս ամենի «առաջնորդը» խիստ զբաղված է՝ թմբուկ է խփում (Լոռիում կասեին՝ դհոլ ա տալի): Հրաշալի պատկեր է՝ ինչքան դատարկ դհոլ կա, հավաքել է շուրջը, ու դըմփ հա դըմփ: Պատկերացրեք մի պահ, որ այդ դատարկ դհոլների հավաքածուն իր կառավարությունն է, ու ամեն դհոլ հռռում ու բռռում է «առաջնորդի» փայտիկի հարվածի ուժի համեմատ:
Է՜, եղբայր, ամբողջ երկիրն է դիվոտած, մենք Մասյացոտնից ենք խոսում, ՊԵԿ-ից, գլխավոր դատախազից, Անդոյից ու Ալենից…