Վերլուծություն

Իտալական խաղերի հայկական ղողանջները

Իտալական խաղերի հայկական ղողանջները

«Այսօր Իտալիայում ավարտվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, որին, չնայած հայ մարզիկների մասնակցությանը, որեւէ ֆունկցիոնալ մասնակցություն չի ունեցել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս օլիմպիական խաղերը մեզ համար նշանավորվեցին դրանով, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի պահանջով հայ գեղասահորդների նախընտրած գեղարվեստական ստեղծագործությունից զեղչվեց «Արցախ» անվանումը, իսկ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն այդ օրերին ոչ թե զբաղված էր հայ մարզիկների սպորտային շահերի պաշտպանությամբ, այլ Վարդենիսում մասնակցում էր նոր սառնարանային տնտեսության մթերման կայանի բացման արարողությանը, հորդորելով տեղի բնակիչներին՝ կարտոֆիլի փոխարեն գազար եւ բրոկոլի աճեցնել։

Հայաստանին առաջարկներ անելու փոխարեն, գուցե պետք է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով զբաղվի եւ պատասխանատվություն կրի ամեն ձախողման ու չարածի համար»։ Սա հայ իրականությանը ոչ անհայտ հասարակական գործիչ, ՀՀ վարչապետին եւ Հ1-ի Պետրոսին ահավոր չսիրող Էդգար Ղազարյանի գրառումն է: Որոշեցի Էդգար Ղազարյանի գրառմանն անդրադառնալ հոդվածի ձեւաչափով, որովհետեւ մեկնաբանությունների հնարավորությունը փակել է, եւ ուզում եմ` մարդիկ իմանան, թե ՀՀ գործող վարչապետին այդքան չսիրող Էդգարն ուր է հասել դեռ կարգին չձեւավորված ընդդիմադիր ճակատը պառակտելու, ընդդիմության ավտոյի անիվները ծակելու եւ ընդդիմության հասցեին մանր-մունր այլ խուլիգանություններ անելու գործում: Պարոն Ղազարյան, ցավով եմ ասում՝ դա Ձեզ չի սազում: Մի արեք: Նարեկ Մալյանին էլ հորդորեք՝ նույնը չանել: Դրա համար լավ ժամանակներ դեռ կգան… Հիմա՝ մի արեք:

Ինչ վերաբերում է բուն գրառմանը, ապա անզեն աչքով էլ կարելի է նկատել, թե Էդգար Ղազարյանն ինչ հրաշալի նյութ է տվել ՔՊ-ական մեդիա-սբրոդին՝ քննադատելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը: Միտումնավո՞ր է արել… Ով՝ ով, բայց Էդգար Ղազարյանը չէր կարող չիմանալ, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն ինչ էլ աներ, չէր կարող ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների «միահամուռ» համաձայնության վրա՝ զեղչել ոչ միայն «Արցախ» անունը, այլեւ այդ անվան հետ կապված ամեն բան: Նա ումի՞ց պետք է պահանջեր, որ «Արցախ» բառն անպայման հնչեր Իտալիայում: Իսկ գուցե, այնուամենայնիվ, պահանջել է, բայց նրա պահանջը բանի տեղ չե՞ն դրել՝ անսալով այդ անվան վրա Ադրբեջանի եւ Հայաստանի համատեղ վետոյին: Եվ, ուրեմն, Էդգար Ղազարյանն ինչո՞ւ է այս գրառումն արել...

Տառացիորեն մի քանի օր առաջ ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը, շունչները պահած, սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Դա, իհարկե, նշան էր այն բանի, որ թե՛ ԲՀԿ-ն եւ թե՛ Գագիկ Ծառուկյանը շատ բան կարող էին փոխել իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հարաբերակցության մեջ՝ դիրքավորվելով քաղաքական դաշտի այս կամ այն թեւում: Գագիկ Ծառուկյանը, սակայն, գործեց շատ զգույշ եւ խոսեց ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով մասնակցելու մասին՝ կոչ անելով վերկուսակցական համախմբման, ինչը, ես կասեի, հազար քայլով առաջ էր ՔՊ-ի՝ «մեզնից թող լինի, թեկուզ պոլի փետ» լինի կարգախոսից: Իսկ հիմա պատկերացրեք, թե ում ճամբարում կհավաքվեն այն մի քանի տասնյակ մանր-մունր քաղաքական-հասարակական ուժերն ու գործիչները, որ այս 8 տարիներին արհամարհված մնացին ՔՊ-ի կողմից՝ միեւնույն ժամանակ հիասթափված այդ «քաղաքական» ուժի վարած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին «քաղաքականությունից»: Սրանց ավելացրեք ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի կայուն ընտրազանգվածը, եւ պարզ կդառնա, թե իրականում ինչ ուժ կարող է ձեւավորվել ընդդիմադիր դաշտում: Ու այնպես էլ չէ, որ Գագիկ Ծառուկյանն իր «տապանի» դռները լայն բացել է բոլորի առաջ: Պատեհապաշտներին՝ պաշտոնի, մանդատի համար եկողներին, ասում է, որ այստեղ տեղ չունեք: Սա նույնպես մեծացնում է «կոնկուրսը», կոնկուրենցիան: Մենք հնարավորություն ենք ստացել՝ ի վերջո ճանաչելու հենց նրանց, որ միշտ հանուն պաշտոնի ու դիրքի են խցկվել այս կամ այն ուժի ցուցակ: Այնպես որ, վատ չէր լինի, եթե բոլոր ընդդիմադիր բլոկներն այսպիսի ֆիլտրեր տեղադրեին մուտքի մոտ:

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ի ընտրազանգվածի մի ահռելի մաս, հատկապես շարքային քաղաքացիներ, որ իրենց մեղավոր չեն համարում պարտված ու բոլոր ուղղություններով պերմանենտ պարտվող ՔՊ-ին ցուցաբերած աջակցության համար, այսօր հայտնվել են շատ հետաքրքիր կացության առաջ՝ ո՞ւմ ընտրել: Ծառուկյանի «տապանը», կարծում եմ, եթե ոչ լավագույն, ապա այն հարմար վայրն է, որտեղ կարելի է աստիճանաբար թոթափել «մեղքի» զգացումն ու վերագտնել հայ մարդու արժանապատվությունը: «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, այո, իր հետեւից տանելու է ՔՊ-ի մի ահռելի ընտրազանգված՝ այդկերպ նպաստելով ընդդիմադիր «միասնական ճակատի» ձեւավորմանը:

Ընդ որում, կարիք էլ չկա, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ թղթեր ստորագրի ընդդիմադիր մյուս բեւեռների հետ, երդումներ տա, հայտարարություններ անի, որ ոչ մի պարագայում չի համագործակցի ՔՊ-ի հետ: Կգա ժամանակը, բոլորով բարեհաջող կերպով կհաղթեն ՔՊ-ին, կվռնդեն խորհրդարանից, իսկ այնտեղ արդեն թող որոշեն, թե ով ում հետ կոալիցիա կազմի:

Ասելս ի՞նչ է… Հարգելի Էդգար Ղազարյան, ժամանակն է, որ մեր կուսակցական նկրտումները թողնենք մի կողմ ու լծվենք այս չարիքի իշխանության հեռացման աշխատանքներին: Դա շատ հեշտ է անել, եթե քաղաքական պրոցեսներին վերաբերվում ես լուրջ եւ կարողանում ես գնահատել որոշակի համոզմունքներ ունեցող քաղաքական գործիչներին: Մարդկանց սեւացնելը թերեւս ամենադժվար ու ամենաանշնորհակալ գործն է: Ուստի առաջարկում եմ՝ գոնե այս փուլում խառնակչությամբ չզբաղվել: Դա մեզ լավ տեղ չի կարող տանել, եթե, իհարկե, չեք տառապում այս իշխանությունների «մշտական» ընդդիմախոսը լինելու մարմաջով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image