Վերլուծություն

Լռության օր

Լռության օր

Ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են ընտրությունների նախորդ օրը հայտարարել լռության օր: Սա յուրահատուկ հանգստի օր է, ինչ է որ հատկացվում է քաղաքական դերակատարներին: Էհ, միևնույն է, ժողովուրդը չի լռում, ինչո՞ւ են պարտադրում լռել քաղաքական գործիչներին: Իմաստը… Սա ի՞նչ ինքնանպատակ բան է, մարդու իրավունքների ի՞նչ անիմաստ ոտնահարում: Նիկոլին պարտադրում են լռել, պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլին: Նա, ի դեպ, վերջինն էր վարչապետի թեկնածուներից, որ ելույթ ունեցավ մեծ լսարանի առջև և համընդհանուր ծղրտոցներից րոպեներ անց, երբ հրապարակի ժամացույցն ազդարարեց հունիսի 6-ի 00:00 ժամը, բոլոր ձայները մարեցին՝ Նիկոլի խոսքը բերանում: Սա անելու բա՞ն էր:

Հարցն էլ այնպես է դրված, որ հենց Նիկոլը լռեց, պետք է բոլորը լռեն՝ «Հայաստան», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», ՔՊ (ներառյալ սատելիտները)… բոլորը: Իսկ համատարած լռությունն էլ պետք է վերահսկեն Նիկոլի կին պաշտոնյաները՝ դատախազը, ՆԳ նախարարը, արդարադատության նախարարը, ինչու ոչ՝ ՄԻՊ-ը: Հարց է առաջանում՝ այդ կանայք աղմուկ կբարձրացնե՞ն, եթե Նիկոլը կամ ՔՊ-ից մեկնումեկը խախտի լռությունը: Որ ինձ կբռնեն լռության օրվա խորհուրդը խախտելու համար, վայրկյան իսկ չեմ կասկածում, բայց Ալեն Սիմոնյանին, Վահագն Ալեքսանյանին, Հայկ Կոնջորյանին, Ռուբեն Ռուբինյանին կբռնե՞ն: Իհարկե՝ ոչ: Եվ ուրեմն այս լռության օր կոչվածը հիմար բան է, մտացածին ապուշություն, քանզի բոլորի վրա հավասարապես չի տարածվում:

Դիցուք՝ ես մեր հարևան Շմավոնին ամսի 5-ին հորդորել էի 6-ին բեսեդկա չիջնել և բիձեքի հետ «դեբոշ» չսարքել: Ինձ ասաց՝ լավ, ու գնաց: Այսօր առավոտյան աչքերս բացեցի սիրենաների ձայնից՝ ինչքան ոստիկանական մեքենա կար, լցվել էր բակ: Անհանգստացած՝ վարտիք-մայկայով իջա ներքև, տեսնեմ՝ Շմավոնի ձեռքերը ոլորել, ուզում են՝ տանել: Դու մի ասա, սա, բարլուսախառը, ում հանդիպել, քարոզ է արել, թե՝ ֆլանին չընտրեք, ք.քն եք ընկնելու… Իշխանական հարևաններն էլ զանգել են ոստիկանություն և հայտնել, որ Շմավոնը խախտել է լռության օրվա խորհուրդը: Բնականաբար՝ միջամտեցի, որ Շմավոնին ոստիկանների ձեռքից ազատեմ:
-Թույլ տվեք ես նրան տանեմ տուն, խոսք եմ տալիս, այլևս չի կրկնվի,- դիմեցի ոստիկանների ղեկավարին:
-Հոպար, դու նախ քեզ կարգի բեր, սա ի՞նչ տեսք է, մայկա-տռուսիկով իջել ես բակ, ի վերջո, սա հասարակական վայր է:
-Կներեք, պարոն ոստիկան, Դուք ճիշտ եք, բայց հարևանիս տվեք՝ տանեմ տուն, կինը, թոռները կանհանգստանան: Արածն էլ մի մեծ բան չէ…
-Ո՞նց թե մեծ բան չէ, նա խախտել է լռության օրվա օրենքը, ուղղորդել է մարդկանց…
-Է հա, դրանից աշխարհը փլվե՞ց… Ենթադրենք մի բան էլ ասել է… Դուք, որ այսպես՝ աղմուկ-աղաղակով լցվել եք մեր բակ, ահաբեկում եք քնաթաթախ մարդկանց, լռությունը չե՞ք խախտում:
-Մենք ծառայություն ենք իրականացնում:
-Պարոն ոստիկան, Դուք Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող կառույց եք, և այսօրվա ձեր ամեն քայլը լռության խախտում է: Դա կարող են փաստել ոչ միայն մեր բակի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները:
-Հարգելի քաղաքացի, բայց ոնց որ դու էլ ես սկսում խախտել լռությունը…
-Ե՞ս, ես ինչ եմ ասե՞լ, որ… Ես ընդամենը մեկ խնդրանք ունեմ՝ հարևանիս տվեք, տանեմ տուն:
-Չեմ կարող, օրենք է խախտել, իսկ եթե շարունակես պաշտպանել նրան և խոչընդոտել մեր գործողությունները, քեզ էլ կտանենք:
-Տարեք, ես իմ հարևան Շմավոնին մենակ չեմ թողնի…

Քաշքշուկ սկսվեց: Ես այդ պահին նկատեցի, որ բակը լիքն էր ընդդիմադիր հարևաններով: Իջել էին գրեթե բոլորը՝ որը շապկանց, որը կամբինացիով, որը հողաթափերով ու պաշտպանում էին մեզ: Ոստիկանական նոր ուժեր եկան: Դիմադրեցինք ինչքան կարողացանք, բայց ինձ ու Շմավոնին վերջը տարան: Շատ չպահեցին բաժնում, որ լիքն էր լռությունը խախտած քաղաքացիներով: Ինչպես և սպասելի էր՝ նրանց մեջ ոչ մի ՔՊ-ական չկար: Փաստաթղթային ձևականություններն ավարտելուց հետո մեզ ասացին՝ ազատ եք, կարող եք գնալ:
-Ես այս տեսքով ո՞ւր գնամ, պարոնայք ոստիկաններ, մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին:
-Բայց դու այդ տեսքով ես եկել:
-Ես ոչ մի տեղ էլ չեմ եկել, դուք եք բերել, բարի եղեք հիմա ինձ տուն տանել:

Մինչ ոստիկանները խորհրդակցում էին, թե ինչպես վարվեն ինձ հետ, էս Շմավոնը սկսեց քահ-քահ ծիծաղել վրաս… Այ մարդ դու էս տեսքո՞վ ես իջել տնից, նոր տեսա… Դե իհարկե նոր կտեսնես… Ինչքա՞ն խնդրեցի, որ ամսի 6-ը շառոտ օր է, բեսեդկա չգնաս…
Այս պահին ես ու Շմավոնը տանն ենք, մածուն ենք ուտում: Երեկոյան Շմավոնը կգա մեր տուն՝ կոնսուլտացիայի, իսկ վաղը միասին կգնանք ընտրությունների:
Լավ լռության օր բոլորիդ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image