Նիկոլ Փաշինյանի ղեկավարած տգետ կառավարության եւ ԱԺ խմբակցության որոշ առանձնյակներ վերջերս շրջանառության մեջ դրեցին «մեր ադրբեջանցի գործընկերները» բառակապակցությունը՝ իրենք իրենց միակողմանիորեն դնելով ակնհայտ ծիծաղելի վիճակի մեջ: Ոնց որ ասես՝ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցի գործընկերը… Ծիծաղելի՞ է: Իհարկե: Ադրբեջանցիները, պարզվում է, այդ աստիճանի տգետ չեն եւ, ինչպես Փաշինյանն է մեկ անգամ ասել, մեր համեմատ ավելի կիրթ են:
Եվ, առհասարակ, ինչպե՞ս կարելի է որեւէ երկրի համապատասխան պաշտոնյային համարել գործընկեր, եթե այդ պաշտոնյան ոչ միայն քեզ հետ չի հանդիպում, ոչ միայն չնկատելու է տալիս, այլեւ մինչեւ մի քանի երկրներ չեն միջամտում կամ միջնորդում, քեզ հետ որեւէ բառ չի փոխանակում: Գործընկերն այն անձն է, որը գործի բերումով որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում քո հանդեպ: Խոսքն այստեղ առողջ հետաքրքրությունների մասին է, այլապես Ադրբեջանն էլ հետաքրքրված է Հայաստանի հարցով, բայց ոչ այն իմաստով, որ մեզ է թվում: Մենք դա շատ լավ գիտենք ու տեսնում ենք, բայց, ավաղ, ամեն քայլափոխի բլթացնում ենք՝ «մեր ադրբեջանցի գործընկերները»: Ահավասիկ, Արարատ Միրզոյանն Անթալիայում մասնակցելու է ինչ-որ կարեւոր ֆորումի, որի շրջանակներում, հնարավոր է, երկկողմ հանդիպումներ ունենա: Անմիջապես առաջ է գալիս չարաբաստիկ հարցը՝ իսկ նա կհանդիպի՞ արդյոք «իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ»: Ադրբեջանում, սակայն, այդպիսի հարց ոչ ոք չի բարձրացնում: Ինչո՞ւ… Որովհետեւ Արարատ Միրզոյանին Ջեյհուն Բայրամովի ոչ միայն գործընկեր, այլեւ տեղակալ չեն համարում: Ապացո՞ւյց… Խնդրեմ: Հենց միայն այն փաստը, որ Ջեյհուն Բայրամովը, չսպասելով Արարատ Միրզոյանին, միակողմանի հայտարարեց «Խաղաղության պայմանագրի» պատրաստ լինելու մասին, վկայում է, որ ՀՀ-ն, ՀՀ ԱԳՆ-ն կամ Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կամ Ջեյհուն Բայրամովի համար «յա կան, յա չկան»:
Կուզե՞ք ուրիշ ոլորտ վերցնենք, օրինակ՝ պաշտպանության ոլորտը: Զաքիր Հասանով եւ Սուրեն Պապիկյան: Դուք ինչքան ուզում եք, ասեք՝ Զաքիր Հասանովը Սուրեն Պապիկյանի ադրբեջանցի գործընկերն է, դրանից նրանք գործընկերներ կդառնա՞ն: Հասանովն ամեն օր հայտարարում է, որ Սուրեն Պապիկյանը սահմանին կրակել է, Սուրեն Պապիկյանն էլ ամեն օր ասում է՝ հորս արեւ, տենց բան չի եղել: Գործընկերները, մանավանդ՝ այս ոլորտի, կգային, խրամատների միջեւ եղած չեզոք գոտում կհանդիպեին, դաշտային պայմաններում, վրանի կամ հովանոցի տակ կնստեին, կքննարկեին խնդիրը, մի լուծում կտային: Այլապես սա ի՞նչ գործընկերային վիճակ է: Հասանովը կրակում է, ՀՀ քաղաքացիների տներ է վնասում, իսկ Պապիկյանը չի էլ կարողանում ասել՝ արա, դու գործընկե՞ր ես, թե՞ հանցագործ:
Մի որոշ ժամանակ առաջ էլ ՄԻՊ-ն էր հայտարարել, թե իրենց պահանջը` տեսակցել հայ ռազմագերիների հետ, քննարկել հարցը, մերժվել է Ադրբեջանի ՄԻՊ գործընկերոջ կողմից: Հարցնում եմ՝ գործընկերն ինչպե՞ս կարող է գործընկերոջը մերժել, այն էլ՝ այդքան կտրուկ: Փորձի համար՝ որեւէ հարցով դիմեք Վրաստանի ՄԻՊ-ին ու կտեսնեք, թե գործընկերն ինչպես է լինում: Վրաստանի ՄԻՊ-ը, եթե չկարողանա էլ ամբողջությամբ ընդառաջել ձեր խնդրանքին, կնստի, ձեզ հետ կքննարկի հարցը եւ մի լուծում կգտնի դրան: Սա է գործընկերությունը:
Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, ՔՊ գրասենյակի առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի առաջ բոլոր ճանապարհները բացվելու են, ասաց՝ ճանապարհ, այո, տալու եմ: Հենց այդ օրերին պարզ դարձավ նաեւ, որ միջազգային դատարաններից, այո, Ադրբեջանի դեմ հարուցված գործերը հետ են վերցվելու, իսկ մինչ այդ էլ արդեն հայտարարվել էր, որ Սահմանադրությունն էլ կփոխենք` հանուն խաղաղության, Անկախության հռչակագիրն էլ հեչ կանենք, ասել էինք` մեր անկախությունը նպաստել է մեր պետության չկայացմանը: Թվում էր՝ այսքան բանից հետո Ալիեւը Նիկոլին դիմելիս պետք է ասեր՝ իմ հայ գործընկերը: Բայց չի ասում: Ինչո՞ւ…
Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինն էլ չի ասում՝ իմ ուկրաինացի գործընկերը: Պուտինը չի ուզում նույնիսկ, որ Զելենսկին նստի բանակցությունների սեղանի շուրջ: Թրամփի հետ է տալիս-առնում, պահանջում, որ Ուկրաինայում ընտրություններ տեղի ունենան, եւ նոր իշխանություն ձեւավորվի: Բայց դուք մի հատ Զելենսկու պահվածքը տեսեք այս օրերին՝ ինչ ասես, որ չի ասում Պուտինին՝ է՛լ մարդասպան, է՛լ ագրեսոր, է՛լ… Նիկոլն իր «գործընկեր» Ալիեւին այդպիսի բառեր ասած կա՞: Վույ, աման, չէ, մեր գործընկեր Ալիեւը կիրթ ու կառուցողական մարդ է, համ էլ՝ որ կրակում է, օդ է կրակում, մեր ռեւանշիստներին է վախեցնում, մեր անկիրթ, անուսում, յոթ տարի նույն դասարանում մնացած կառավարությանն ու ժողովրդին: Նիկոլին ուղղված Ալիեւի ամենահարգալից խոսքն էլ «Նօլդու Փաշինյան»-ն է կամ, մեղմ ասած՝ «անսթափ ծաղրածու»-ն:
Թե բա՝ Նիկոլի ադրբեջանցի գործընկեր… Չե՞նք շտապում, արդյոք: