Քաղաքականություն

Հաղթանակ կամ ոչնչացում

Հաղթանակ կամ ոչնչացում

Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ոչ թե վախ է ներշնչել Գյումրու ղեկավար Վարդան Ղուկասյանին, որ հաջորդն ինքն է լինելու, այլ ընդհակառակը՝ հաջորդը լինելու զգացողությունը նրա մոտ ուժեղացրել է այն գիտակցումը, որ ապրելու համար պետք է հաղթել Փաշինյանին: Վարդան Ղուկասյանը հենց այդպես էլ ձեւակերպեց երկընտրանքը` Փաշինյանը խնդիր ունի բոլոր ինքնուրույն, արժանապատիվ մարդկանց հետ, նրան պետք է, որ երկրում մնան միայն ստրուկներ. 2026 թվականին Հայաստանի քաղաքացիները կա՛մ հաղթում են Փաշինյանին եւ շարունակում են ապրել իրենց հայրենիքում, կա՛մ պարտվում են, որից հետո ոչ միայն չեն կարող պաշտոն ունենալ, այլեւ ընդհանրապես վտանգված է լինելու նրանց ֆիզիկական գոյությունը, պետք է թողնեն եւ գնան իրենց քաղաքից, երկրից:

Բնական էր, որ Փարաքար համայնքի ղեկավարի չեզոքացումից հետո փաշինյանական իշխանության հաջորդ թիրախը լինելու էր Գյումրու ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը: Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնելը մի փոքր ավելի ռիսկային է, նախ՝ նա ավելի լավ է պաշտպանված, երկրորդ՝ նրա դեմ արդեն մի անգամ մահափորձ արել են, եւ նա հրաշքով փրկվել է, նման մի անհաջող փորձը նրան կդարձներ ավելի մեծ ու անհաղթահարելի խոչընդոտ: Փաշինյանն առայժմ խոսում է նրան քաղաքական մեթոդներով չեզոքացնելու մասին՝ չբացառելով, որ եթե դա չստացվի, գործ սարքելն ու կալանավորելը կան ու կան: Փաշինյանը հրահանգեց Ղուկասյանի դեմ քրեական գործ սարքել իբրեւ թե Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն անելու համար` Ղուկասյանը խոսում է Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին, որն իբրեւ թե անհամատեղելի է Հայաստանի անկախության հետ: 

Խորհրդարանում իր ենթակա պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ «հարց ու պատասխան» բեմադրության ժամանակ Փաշինյանը, պատասխանելով Սարուխանյանի հարցին, թե Գյումրու քաղաքապետը, խոսելով Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու մասին, արդյոք հանդես չի՞ գալիս Հայաստանի ինքնիշխանության դեմ, ասում է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ արտահայտություններ անողներին մենք ուղղակի պետք է դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից՝ քաղաքական մեթոդներով եւ բոլոր էն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում»:  

Փաշինյանը Գյումրիում խայտառակ պարտությունից հետո չի համակերպվել դրա արդյունքների հետ, ինչը չի էլ թաքցնում. «Ընտրությունների արդյունքների հետ էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնդեղ ընտրակաշառք ա բաժանվել, դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի ե՛ւ երեւույթը, ե՛ւ հայտարարությունը, ե՛ւ հեղինակը»: Այսինքն, պարզ ասում է, որ մինչեւ 2026 թվականի ընտրությունները ինքն ազատվելու է Վարդան Ղուկասյանից, եւ հրահանգ է իջեցնում իր ենթակա քրեաիրավապահ մարմիններին՝ այդ խնդիրը լուծելու համար մեխանիզմներ գտնելու: «Չի կարող Հայաստանի թեկուզ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը, մենք պետք է մեխանիզմներ ունենանք, եւ փաստ չի, որ չունենք, պետք է գնահատական տանք»։ Այստեղ նա խոսքն ընդհատում է. որ պետք է մեխանիզմ գտնել՝ գնահատական տալու, այսինքն` քրեական գործ սարքելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու:

Վարդան Ղուկասյանը չափազանց արագ եւ օպերատիվ արձագանքեց Փաշինյանին, մինիասուլիս կազմակերպելով եւ հայտարարելով. «Դուք ոչ թե չեք հասկանում, այլ ուղղակի ուզում եք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, որովհետեւ ձեր էրդողաններն ու ալիեւները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից կալանավորեն, արտաքսեն, ունեզրկեն, պետական կառույցներից հանեն»: Անդրադառնալով իր կողմից ընտրակաշառք բաժանելու փաշինյանական մեղադրանքին՝ Ղուկասյանն ասում է. «Ասում է` ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք», եւ ավելացնում, որ դրա մասին գիտեն բոլոր գյումրեցիները, որ ընտրակաշառքի չափը հասել է մինչեւ 60 հազար դրամի, մարդկանց ոչ միայն գումար են բաժանել, այլ նաեւ՝ սննդամթերք․ տոպրակներով սննդամթերքը ձեռքներին՝ մարդիկ դուրս են եկել խանութներից։ «Ամբողջ քաղաքը խոսում է ձեր բաժանած ընտրակաշառքից, մի տան վրա 57 մարդ է գրանցված»:

Ղուկասյանն ընդունում է Փաշինյանի նետած մարտահրավերը. հասկանալով, որ Փաշինյանը պատրաստ է թե՛ ֆիզիկապես իրեն ոչնչացնել, թե՛ քրեական գործ սարքելով կալանավորել, ասում է, որ պատրաստ է ամեն ինչի` ե՛ւ կալանավորման, ե՛ւ մահվան սպառնալիքին: Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղուկասյանի խոսքերին առաջին հերթին պետք է գնահատական տան գյումրեցիները, խոստանում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն եւ Փաշինյանը երկու անգամ ավելի շատ են խայտառակվելու, քան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ, երկու անգամ քիչ ձայն են ստանալու, քան 2025 թվականին: 

Վարդան Ղուկասյանը, իր հակասականությամբ հանդերձ, հեղափոխական առաջնորդի իսկական կերպար է. մարդ, որը ոչ միայն հաղթել է Փաշինյանին, այլեւ չի վախենում հաղթանակի պատասխանատվությունից, ինչպես վարվեցին շատերը՝ հրաժարվելով իրենց հայացքներից եւ ընդդիմադիր դիրքորոշումից: Ղուկասյանը սպառնալիքի ազդեցության տակ անգամ չի հրաժարվում իր դավանած գաղափարախոսությունից՝ պնդելով, որ Հայաստանը որպես անկախ պետություն կարող է մնալ միայն Ռուսաստանի եւ Բելառուսի հետ դաշինքի դեպքում կամ՝ նրան սպառնում են թուրքացումն ու վիլայեթացումը: Ցույց տվեք ուրիշ որեւէ մեկին, որն այսպիսի հստակ դիրքորոշում ունի, որը չի խաղում բազմավեկտորություն, կոմպլեմենտարիզմ եւ այլն: 

ՀԳ. Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում խոսում է ԵՄ-ին միանալու մասին ու դա Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնալիք չի համարում, բայց Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու առաջարկը համարում է` այն դեպքում, երբ ԵՄ անդամների անկախությունն ու ինքնիշխանությունն անհամեմատ ավելի սահմանափակ են, քան Բելառուսինը: ԵՄ-ն ունի ընդհանուր արտաքին քաղաքականություն, ընդհանուր Կենտրոնական բանկ, ընդհանուր դրամական միավոր, միասնական կառավարություն եւ միասնական հարկային քաղաքականություն` միասնական բյուջեով: Մի բան, որ գոյություն չունի Ռուսաստանի եւ Բելառուսի դեպքում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image