ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ազգակործան ծրագրերում այնքան հեռու է գնացել, որ հայտարարում է Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու և «եկեղեցին ժողովրդին վերադարձնելու մասին»` այնպես, ինչպես իշխանությունն են «վերադարձրել»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում իր զարմանքը չի թաքցնում:
«Սա բեսպրեդելի ու լկտիության գագաթնակետն է, որովհետև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին որևէ կապ չունի աշխարհիկ իշխանության հետ և ընդհանրապես ժողովուրդը չի ստեղծել այս եկեղեցին: Այս եկեղեցին ստեղծված է Աստծո կողմից: Երբ ինքը ժողովուրդ է ասում, ո՞ւմ նկատի ունի․ օրինակի համար, ենթադրենք, հարյուր հազար մարդ հավաքեց- տարավ սուրբ Էջմիածին, խուլիգանաբարո մտան Վեհարան ու գրավեցին, հետո՞: Այսինքն, ժողովուրդն այդ հարյուր հազար նիկոլապաշտ զանգվա՞ծն է` ուզում եմ հարց տալ: Խնդիրն այն է, որ իր այդ յոթ տարի առաջվա կապիկությունները՝ ժողովրդի անվան տակ իշխանությունը զավթելն ու իշխանության գալը, դա արդեն անցած էտապ է՝ մեկ: Երկրորդը, եթե աշխարհիկ իշխանությունը կարելի է այդ մեթոդներով զավթել՝ ժողովրդի անվան տակ, հոգևոր իշխանությունն ընդհանրապես զավթել չի լինում` ոչ մի ձևաչափով, դա թող բոլորն իմանան: Եվ երրորդը՝ ամենակարևորը, հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներն են աշխարհի հայերի 80-85% տոկոսը, այսինքն, 11 միլիոն հայից մոտավորապես 9 միլիոն հայը Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է: Հիմա հարց. Հայաստանում բնակվում է 2.5- 2.9 մլն, մոտավորապես կես միլիոնից ավելին աղանդավորներ են, այսինքն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդ կոչվածը նաև Սփյուռքում ապրող մեր քույրերի, եղբայրների փոխարեն ինչ-որ բան՝ իրավունք չունի որոշելու»,-ասաց Համբարյանը:
Նա շեշտում է, որ Փաշինյանը երբեք չի հայտարարել, որ ինքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, հիմա սկսել է նման հայտարարություններ տարածել, այնինչ համացանցում փաստեր կան, որ Փաշինյանն աղանդավոր է: «Օրինակ, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, տեղադրում էր «Կյանքի խոսք» կազմակերպության հայտնի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները և խորհուրդ էր տալիս իր հետևորդներին՝ լսել այդ անձի քարոզները: Այդ անձի կասկածելի գործունեությունը բացահայտվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պարզվեց, որ այս անձը Արցախում, թե Հայաստանում ինչ-որ ռազմավարական, զինվորական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքել և ԱԱԾ-ն այդ ժամանակ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, որ այդ անձին հանկարծ տեղեկատվություն չտան, հասկանում եք, չէ՞: Կասկածելի գործողություն ծավալող անձի քարոզները Նիկոլը ժամանակին գցում էր իր էջ: Մարդը «Կյանքի խոսք» աղանդից է: Երկրորդը, երևի բոլորս ենք համացանցում տեսել Նիկոլ Փաշինյանի միջնեկ և կրտսեր դստեր տեսնայութերն ու լուսանկարները՝ նույն «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ: Շուշան Փաշինյանը պարում էր աղանդավորական շատ հայտնի բլոգերի հետ, մյուս փոքր աղջիկն էլ Արփին` «Կյանքի խոսքի» այդ ադեպտները ինչ-որ բան էին խոսում, ինքն էլ ուշադիր լսում էր: Հիմա հարց, այս ամեն ինչից հետո ո՞վ կարող է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է»,-ասաց քաղաքագետը:
Համբարյանը` Փաշինյանի »աղանդավոր» լինելու մեկ այլ օրինակ է բերում՝ անցած տարվա սեպտեմբերի վերջին նա, ելույթ ունենալով ՄԱԿ-ի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի գագաթաժողովին, Աստվածաշնչից մեջբերում արեց, սակայն այդ մեջբերումն արեց ոչ թե Հայ Առաքեական Սուրբ եկեղեցու կողմից ընդունված թարգմանությամբ, այլ «Եհովայի վկա» կազմակերպության պաշտոնական էջում համապատասխան հատվածի թարգմանությունը ներկայացրեց: Համբարյանը հավելում է, որ բողոքական եկեղեցիների ադեպտների մոտ ընդունված է սեփական հայեցողությամբ խմբագրել Աստվածաշունչը և հավելում է. «Քանի անգամ է Փաշինյանը Սուրբ Գրքից մեջբերումներ արել իր էջում և ապացուցված է, որ այդ ամեն ինչը անելու հետ մեկտեղ ինքը նաև խմբագրել է Սուրբ Գրքից մեջբերումները: Այն, ինչը, որ իրեն դուր չի գալիս՝ ինքը հանում է: Դա ընդունված է աղանդների, հատկապես բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների մոտ»:
Գագիկ Համբարյանը շեշտում է. «Այս լկտիությունը, որ ինքը փորձում է ներմուծել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, այսինքն, քաղաքացիական անձինք կարող են մտնել Վեհարան, կարող են պարտադրել և թելադրել եկեղեցականներին, թե ում են ուզում տեսնել կաթողիկոս, դա ամբողջությամբ բողոքական եկեղեցիներում ընդունված կարգ է»: Իսկ եթե հանկարծ Փաշինյանի այս ծրագիրն էլ հաջողվեց, ապա․ «Սա Հայաստանի վերջնական կործանումը կլինի: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին նույնիսկ կոմունիստներն այս ձևաչափով չեն խառնվել: Նույնիսկ Ստալինի մահից հետո որոշում ընդունվեց վերականգնել կաթողիկոսությունը` Խրուշչովի իշխանությունը, նույնիսկ բռնապետական ԽՍՀՄ-ը, եթե ինչ-որ ձևաչափով վերահսկում էր եկեղեցին, ապա փորձում էր դա այնպես անել, որ չվիրավորեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին և չխախտեր այն կանոնները, որոնք գոյություն են ունեցել դարերով՝ Կաթողիկոսի ընտրության կարգը չխախտելով, հասկանո՞ւմ եք»։
«Նիկոլը դիտավորյալ փորձում է ամեն ինչ քանդել ու պղծել»,-կարծում է քաղաքագետը: Փաշինյանն այն մարդն է, ով մեկ ստորագրությամբ ադրբեջանցիներին հանձնեց հարյուրից ավելի գործող վանքեր ու եկեղեցիներ Արցախում, Ամարասի վանքը, որտեղ առաջին հայկական դպրոցն է բացել Մեսրոպ Մաշտոցը: Հիմա այդ բոլոր եկեղեցիներն ու վանքերը պայթեցվում, պղծվում են ադրբեջանցիների կողմից: «Ու մարդը, ում մեղքով այդ ամեն ինչը տեղի է ունեցել, սրբապղծությունի՞ց է խոսում: Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահից ավելի մեծ մեղավորություն ունի Արցախի սրբավայրերը պղծելու մեջ: Այդ ինքն է Արցախը նվիրել ադրբեջանցիներին, որպեսզի ադրբեջանցիներն էլ մեծ հաճույքով պղծեն այդ ամեն ինչը: Եթե եկեղեցում կան խնդիրներ՝ դա զուտ ներեկեղեցական հարց է: Ես էլի եմ կրկնում, ժողովուրդ որ ասում է` ո՞ւմ նկատի ունի: Նույնիսկ 2021 թվականին իր թայֆայով վերընտրվելուց հետո էլ չի կարող ժողովրդի անունից խոսել, որովհետև ամեն դեպքում 50 տոկոսից պակաս ընտրող է գնացել ընտրության: Այդ մարդը հիմա բոլոր տեղերում պարտվում է Վանաձոր, Փարաքար, Գյումրի, Ալավերդի, ԱԽուրյան, Անի, Երևանում իր հարազատ ՔՊ-ին 9 տոկոս է ձայն տվել: Ու այս մարդը իշխանազավթման, իշխանության ուզուրպացիայի միջոցով փորձում է իրեն ներկայացնել որպես ժողվորդի կողմից ընտրված ղեկավա՞ր: Նիկոլն ընդհանրապես իրավունք չունի ոչ մի ձևաչափով իր քիթը մտցնել եկեղեցու ներքին գործերի մեջ»,- շեշտում է Համբարյանը: