Քաղաքականություն

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանն առանց իշխանություն ունենալու, օրակարգ է թելադրում

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանն առանց իշխանություն ունենալու, օրակարգ է թելադրում

Երեկ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։ Նա իր Facebook-յան էջում էր գրել այդ մասին, նաեւ տեսանյութ հրապարակել` մասնավորապես նշելով. «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ»։

Սա, իհարկե, լրիվ տեղավորվում է նախընտրական լեգիտիմ ընտրակաշառքի թեմաների շրջանակում, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներից են կատարում այդ բարձրացումը, եթե 2026 թվականի պետական բյուջեն 2025-ի վերջին հաստատվել է, եւ այնտեղ նման բան նախատեսված չէ, ու գումարները, ինչպես ասում են, բյուջեի մեջ դրված չեն, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ նույն Փաշինյանն ասում էր, որ թոշակի բարձրացում հնարավոր չէ, նաեւ անիմաստ է. այդ 10 հազարը տարեցների կյանքում ոչինչ չի փոխի, եւ նրանք չեն իմանա, թե այդ գումարն ինչպես ծախսեն։

Փորձեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ճշտել, թե մեկ ամսում այդ ինչ նոր աղբյուրներ գտնվեցին, եւ որտեղից են վերցնելու 600 հազար անձի կենսաթոշակը բարձրացնելու միջոցները: Սոցապնախը մեզնից գրավոր հարցում պահանջեց, դիմեցինք ֆինանսների նախարարություն, այնտեղից էլ պատասխանեցին՝ վճարվելու են 2 աղբյուրից․ «Պահուստային ֆոնդի միջոցներից եւ հավելյալ միջոցներից։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի մեր հարկերի կատարողականը բարձր է եղել, քան սպասում էինք 2026-ի բյուջեն կազմելիս, կունենանք հավելյալ եկամուտներ։ Նախատեսվում է, որ բավարարելու են բարձրացմանը»։ Ֆիննախից նշեցին նաեւ, որ այս նախագիծն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացմանը, ասաց․ «Իրենք հայտարարել են, որ կենսաթոշակառուների մինիմալ կենսաթոշակն են բարձրացնելու 10 հազար դրամով, նվազագույն կենսաթոշակ ստացողների թիվը կազմում է մոտավորապես 73 հազար մարդ։ Ամենագլխավոր խնդիրն այստեղ այն է՝ երբ կենսաթոշակների մասին խոսք էր լինում, իրենք ասում էին՝ կենսաթոշակառուն ծախսելու ձեւը չգիտի, 20-30 հազարով եթե բարձրացնենք, այդ սոցիալական խնդիրները չեն լուծվելու: Ու բանից պարզվում է, որ ապրիլին իրենք այդ քայլը նախաձեռնում են։ Ես հարցադրման ձեւով կասեմ՝ կարելի՞ է ենթադրել, որ սա այլընտրանքային կաշառքի ձեւ է, իհարկե, կարելի է ասել, որովհետեւ փետրվարի 7-ին օրենք ընդունեցին, որ բարեգործությունները պետք է սահմանափակել, բայց իրենք բյուջեի միջոցով կենսաթոշակ են ավելացնում։ Ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, հարցադրում եմ արել, որ Սամվել Կարապետյանը, առանց իշխանություն ունենալու, կարողանում է օրակարգ թելադրել, որովհետեւ դա մեր օրակարգում է»։

Անդրադառնալով նաեւ հավելյալ միջոցներից կենսաթոշակների բարձրացումն ապահովելուն՝ տնտեսագետն ասաց․ «Պահուստային ֆոնդն է, որտեղից չնախատեսված ծախսերն են իրականացնում, իսկ ինչ վերաբերում է, որ բյուջեն գերակատարել են, ես միշտ ասում եմ՝ դա հայտնագործություն չէ, դու կարող ես պլանավորել, որ պետք է հավաքագրես X միավոր, դու ես պլանավորողը, բայց այդ X-ը կատարես ավել, ասել՝ գերակատարեցի, դրանք արհեստական ցուցանիշներ են։ Եթե իրենք պոտենցիալից պակաս են պլանավորում, այդտեղ գլուխ գովելու բան չկա։ Բնականաբար, այդքան հարկերի բարձրացման ֆոնին պետք է գերակատարվի, բա ի՞նչ պետք է արվի։ Բյուջեի գերակատարման մասին` դա ավելորդ նախադասություն կարելի է համարել, իրենք նախընտրական քայլ են անում»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image