Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպն օրեր շարունակ լայնորեն քննարկվեց թե՛ համացանցում, թե՛ մամուլում: Ինչպես հայտնի է, դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում էին նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Նրանց պնդմամբ՝ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում եւ ուսուցչին ոչ հարիր վարք է դրսեւորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, թրքասիրություն է քարոզում: Սակայն Ռ. Դավթյանն էլ իր հերթին էր դժգոհել դպրոցի ամբողջ անձնակազմից, ծնողներից, աշակերտներից, որոնք, ըստ նրա, կազմակերպված ձեւով ցանկանում էին ազատվել իրենից: ԿԳՄՍ նախարարությունը, դատապարտելով Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատեց եւ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց: Սրանով թեեւ իրավիճակը հանդարտվեց, բայց հարցը չլուծվեց:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, նմանատիպ իրավիճակներ մեր դպրոցներում հաճախ են լինում, ուղղակի այս անգամ այս իրավիճակը մեծ արձագանք ստացավ։ «Ընդ որում՝ այնպես չէ, որ սա մեր դպրոցների ամենաահարկու բաներից մեկն է, ինձ համար զարմանալի է, որ մարդիկ մինչեւ հիմա տեղյակ չեն, որ նախորդ տարիների ընթացքում դպրոցներում աշակերտների կողմից ուսուցիչներ, տնօրեններ են ծեծվել։ Ընդամենը շաբաթներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում աշակերտները ծեծել էին ուսուցչին, ընդ որում՝ ծեծելուց առաջ ասել էին՝ «էղածդ ուսուցիչ չի՞»։ Սա ավելի դաժան դեպք էր, քանի որ ուսուցչին ֆիզիկական բռնության էին ենթարկել եւ արժանապատվությունը վիրավորել, իսկ այստեղ զարմանում ենք, որ աշակերտն ասել է «հորս արեւ» եւ դու-ով է խոսել։ Հիմա հարց՝ ինչո՞ւ առաջին դեպքում աղմուկ եւ դատապարտումներ չեղան, միայն մի քանի լրատվական անդրադարձ, ու վերջ։ Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում, եւ այդ մասին իր գրքերից մեկում խոսել է հայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից մեկը, որն ասում է՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իրականում մի բան է տեղի ունենում, հետո վերցվում է այդ իրական բանը, եւ դրանից ստացվում է մի ուրիշ բան։ Ինչու այս դեպքը նման մեծ աղմուկ հանեց, որովհետեւ կար Արցախի եւ Թուրքիայի հետ կապված խոսույթ, եւ դա վերցվեց ու օգտագործվեց, այսինքն՝ այս միջադեպը ծառայեցվեց քաղաքական օրակարգի։ Սա է ամենամեծ խնդիրը»,-նկատում է փորձագետը։
Մեկ այլ հարց է հասարակության արձագանքը, որն այս դեպքում չափազանց իմպուլսիվ էր։ «Ցավոք, մեր հասարակությունն այնքան իմպուլսիվ է, որ մի հատ չսպասեց, չփորձեց հասկանալ, թե ով է ուսուցիչը, իրականում ինչ է տեղի ունեցել, մի հատ ստուգվեին բոլոր վարկածները, որովհետեւ չի կարելի մի հատ տեսանյութ նայելով դատողություններ անել։ Մենք պիտի հասկանանք, որ տեսանյութի մեջ հո ամեն ինչ չի՞ երեւում, ամեն ինչ չի՞ ասվում։ Դրա համար լավ կլինի, որ այդ իմպուլսիվությունը չլինի, օրինակ՝ անմիջապես ազատել դպրոցի տնօրենին եւ այլն։ Նախ եկեք հասկանանք` ինչ դեպք է, ով է ուսուցիչը, ինչ դպրոց է․․․, մերձավանցիներին հրեշ չդարձնենք, սովորական դպրոց է, եւ ամեն դպրոցում էլ կան այդ տեսակի երեխաներ։ Փորձենք հասկանալ, թե ինչպես եղավ, որ մի քանի շաբաթ առաջ, երբ ուսուցչին ծեծել էին աշակերտները, դա հանգիստ անցավ, նորմալ ընդունվեց, երբ ուսուցչին ծեծել էին ու ասել՝ «էղածդ ուսուցիչ չի՞», բայց երեխան որ ասում է «հորս արեւ» կամ դու-ով է խոսում, դա ոչ միայն չի ընդունվում, այլեւ պախարակվում է։ Իհարկե, չի կարելի ուսուցչի հետ դու-ով եւ այդ տոնով խոսել, անկախ նրանից՝ ով է ուսուցիչը, բայց ուզում եմ նաեւ ասել, որ տպավորություն է՝ երկնքից ենք իջել եւ չգիտենք, թե դպրոցներում ինչ է կատարվում։ Ես 20 տարի առաջ էլ եմ տեսել ուսուցչի հետ դու-ով խոսող աշակերտ, հիմա ի՞նչն է զարմանալի այստեղ։ Ինձ թվում է՝ ինչ-որ բան այստեղ նաեւ մանիպուլացվում եւ գեներացվում է, մինչդեռ պետք է ավելի խորքային ուսումնասիրություն։ Ցավոք, դա չի լինի, եւ մենք չենք էլ իմանա, թե ինչ էր տեղի ունեցել, թեպետ ասվեց, որ համապատասխան մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ։ Այո, պետք է աշխատել, խորքային ուսումնասիրություն լինի, եւ արդյունքները հրապարակվեն։ Սակայն, ցավոք, չեն լինում նման բաներ, հիմա կմոռանանք-կգնա, մինչեւ հաջորդ նմանատիպ միջադեպը, ու կսկսենք դա կիբերինկվիզիցիայի ենթարկել, եւ այդպես շարունակ։ Մինչդեռ պետք է հասկանանք, թե ինչու նման բան եղավ, եւ, որպես կանոն, կոնֆլիկտային իրավիճակներում միանշանակ գնահատական տալը ճիշտ չէ»,- նշում է Ս․ Խաչատրյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս այցելել էր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի եւ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Միաժամանակ նշել էր, որ Մերձավան եւ Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության եւ անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։ Ի՞նչ կտա այդ մշտադիտարկումը՝ խնդիրների լուծման տեսանկյունից։ «Հիմա մենք ոչ թե մշտադիտարկում, այլ կանխարգելում պետք է անենք, այսինքն՝ մենք անընդհատ հետեւանքների հետեւից ենք ընկնում, բայց պետք է այս ամեն ինչը փորձել կանխարգելել, մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որ 100 տոկոս կանխարգելել բռնությունը, այս անշնորհք խոսույթը՝ հնարավոր չէ, որովհետեւ մեր հասարակությանը տրվել են որոշակի ազատություններ՝ առանց համապատասխան բարոյական, կրթական մակարդակի։ Եվ դրա համար այս տեսակի բաներ առաջիկայում էլի լինելու են, սա այդպես հեշտ չէ վերացնելը, քանի որ միշտ են եղել, ուղղակի պետք է փորձենք կանխարգելել, ազդանշան տալ։ Օրինակ՝ այն մարմինները, որոնք այս հարցերով զբաղվում են, պետք է ազդանշան տային, ասեին՝ այ, այս դպրոցում լարված իրավիճակ է, կարող է այսպիսի բան լինել, բայց մեզ մոտ ընդունված է, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ձայն չեն հանում, որովհետեւ չեն ուզում «խաբարբզիկ» դառնալ։ Հիմա մենք կորցրել ենք հանրային վերահսկողությունը, հասարակությունն էլ հետաքրքրված չէ, կարող է տարբեր բաներ տեսնել, բայց անտարբեր անցնել, ազդանշան չտալ»։
Ժ. Անդրեասյանը Մերձավանի միջադեպի հարցում մեղավորության սլաքները հիմնականում ուղղեց ծնողների կողմը, որոնց մեծ մասը, ըստ նրա, երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով։ «Անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ»,- ասել էր նա։
Ս․ Խաչատրյանը կարծում է, որ սա ճշմարտության ընդամենը մի մասն է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ մեր ընտանիքներում, հասարակությունում ընդունված է «դուխով» տղայի գաղափարը։
«Եթե քեզ մի բան ասեն, պետք է քեզ դուխով պահես, քարը վերցնես, տաս գլխին, չխեղճանաս։ Այո, մեր ծնողավարության մեջ բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց հիմա ամբողջ պետական համակարգի խնդիրն այն է, որ այդ տեսակ երեւույթների դեմն առնի։ Հայաստանի ամենամեծ պրոբլեմն անպատժելիությունն է, եթե այսպիսի դեպքերի ժամանակ իրական պատասխանատուները պատժվեն, դրանք քիչ-քիչ կնվազեն։ Այս մեդիա աղմուկից մեկ ամիս հետո գնացեք տեսեք՝ ինչ եղավ, կտեսնեք, որ ոչ մի բան էլ չի լինում, անցնում գնում է, իսկ դա նշանակում է, որ հաջորդ անգամ էլ կարող է լինել նման բան, որովհետեւ մենք չտեսանք, որ ինչ-որ մարդիկ պատժվեցին, ավելին՝ ես չեմ համարում, որ եթե տնօրենին գործից հանել ենք, ուրեմն պատժել ենք։ Ոչ, դրանով ոչ մի հարց էլ չի լուծվել։ Այո, ծնողներն իրենց մեղքի բաժինն ունեն, բայց նաեւ կառավարության խնդիրն է, որ համակարգ ստեղծի, եւ ծնողների բացասական բաներն անպատիժ չմնան, հետեւանքներ ունենան, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն կամ մեկ ուրիշ ծնող հասկանա, որ եթե ինքն էլ նման բան անի, խնդիր կունենա։ Այստեղ ամբողջը համակարգի հարց է, բոլորն էլ այսօր իրենց բարձրության վրա չեն, միայն ծնողների մասին չէ խոսքը, բոլոր ոլորտներում էլ նշաձողն իջեցված է, հիմա եթե մեղադրենք այդ «խաղի» մասնակիցներին՝ ծնող, ուսուցիչ, տնօրեն, մարզպետարան, նախարարություն, դրանից ոչ մի բան դուրս չի գա։ Լուծումն այն է, որ կառավարությունը, որը պատասխանատու է համակարգեր ստեղծելու համար, պետք է ստեղծի այդ համակարգը եւ աշխատեցնի այն։ Երբ մարդիկ տեսնեն, որ համակարգն աշխատում է, իրենք կփոխեն իրենց վարքագիծը, մարդիկ խաղում են այն կանոններով, որը համակարգը թույլ է տալիս։ Եթե մենք ծնողներից բողոքում ենք, նշանակում է՝ թույլ ենք տվել, որ ծնողներն այդ վարքագիծն իրենց երեխաների մոտ զարգացնեն, եւ չենք պատժել, կանխարգելել, հենց անենք, քիչ-քիչ այդ երեւույթները կպակասեն, ամեն ինչ որոշում է համակարգը եւ այն մարդիկ, ովքեր այդ համակարգն աշխատեցնում են»,- համոզված է Ս․ Խաչատրյանը։