Հասարակություն

«Հրապարակ». Բյուլետեն բացելու ու մայրական նպաստ ստանալու նոր համակարգը վատ է աշխատում

«Հրապարակ». Բյուլետեն բացելու ու մայրական նպաստ ստանալու նոր համակարգը վատ է աշխատում

Ժամանակավոր անաշխատունակության հաշ­վարկ­ման նոր համակարգը գործարկվել է սեպտեմբերից եւ արդեն հասցրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն առաջացնել: 

Նախկին կարգը պարզ էր ու հասկանալի․ հիվանդության դեպքում սովետից եկած «բյուլետեն» ստանալով, մարդն այն ներկայացնում էր գործատուին, եւ նրա բացակայության օրերի համար գումար չէր պահվում: 

Այսօր անաշխատունակության թերթիկը բացվում է առցանց, էլեկտրոնային եղանակով պոլիկլինիկայի կամ հիվանդանոցի կողմից եւ հասանելի է Միասնական սոցիալական ծառայության համար: Կառավարությունը սա որպես մեծ առաջընթաց է ներկայացնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները՝ Նարեկ Մկրտչյանը, որի օրոք փոփոխությունը նախատեսվել է, ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը, հարցազրույցներում ու ելույթներում շեշտում էին, որ աշխատողն այսպիսով ազատվում է թուղթ տանել-բերելու անհրաժեշտությունից: Այս «առավելությունը» նախկին կարգի համեմատ առայժմ հասկանալի չէ՝ անաշխատունակության թերթիկը «բացվում» էր բժշկին դիմելու պահից, իսկ գործատուին էր տրվում այն օրը, երբ աշխատողը գնում էր աշխատանքի, այնպես որ՝ թղթեր երկար տանել-բերելու կարիք չկար: Ավելի էական են նոր կարգի թերությունները՝ հասկանալի չէ հաշվարկի մեխանիզմը, մարդիկ չեն ստանում իրենց հասանելիք գումարները, նոր կարգը խրթին է: 

Նախկին օրենքով, ժամանակավորապես անաշխատունակը հիվանդության օրերի համար ստանում էր հասանելիք աշխատավարձի 80 տոկոսը: Այսօր էլ նույն 80 տոկոսն են ստանում, բայց արի ու տես, որ արդեն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չնչին կոպեկներ, սիմվոլիկ գումար են ստացել: Մեզ դիմած քաղաքացի Նաիրի Գ․-ի կինը ծանր հիվանդության պատճառով մոտ երկու ամիս չի կարողացել աշխատանքի գնալ: «Վճարումը չի համապատասխանել նրա երկու ամսվա աշխատավարձի 80 տոկոսին: Նույնն էլ այլ աշխատողների հետ է եղել, անկախ բացակայելու օրերից: Կա՛մ վճարում են, կա՛մ չեն վճարում, կա՛մ ահավոր քիչ են վճարում: Անհասկանալի համակարգ է: Խնդրում եմ, օգնեք՝ պարզաբանում ստանալ, թե ինչպես է կատարվում հիմա վճարումը»,- ասում է տղամարդը: 

Ըստ նոր կարգի, մեխանիզմը հետեւյալն է. անաշխատունակության դեպքում, այդ թվում՝ հղիության եւ ծննդաբերության հիմքով բացված, անձը դիմում է հիվանդանոց կամ պոլիկլինիկա։ Տվյալ բուժհաստատությունը նրա անվամբ ստեղծում է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը հասանելի է պետական մարմիններին՝ ՊԵԿ-ին եւ Միասնական սոցիալական ծառայությանը։ Համակարգիչը հաշվարկում է ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվում է գործատուին, որը վճարում է աշխատողին՝ գումարը «նստեցնելով» նրա քարտին: Ո՞րն է պատճառը, որ նորույթը, որը պետք է հեշտացներ մարդկանց կյանքը, իրականում ավելի է բարդացրել:

Մեր հարցերին պատասխանեց Կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը: Ասաց, որ հիվանդության դեպքում հիմա էլ են աշխատողներն անաշխատունակության թերթիկ ներկայացնելով, ստանում միջին աշխատավարձի 80 տոկոսը՝     այնտեղ նշված օրերի համար: «Կարծում եմ, խնդիրն այն է, որ մենք ունենք մի փոքր տեխնիկական խնդիրներ: Որոշակի տվյալներ չեն ստացվում, եւ, հետեւապես, միջին ամսականի եկամտով չեն հաշվարկվում: Օրենսդրությունը նախատեսում է նման դեպքերում վերահաշվարկի մեխանիզմ։ Այդ խնդիրները երբ որ կարգավորվեն, բոլորն անպայման վերահաշվարկ են անցնելու, եւ այդ պակասորդ գումարները վճարելու ենք»,- ասաց նա: 

- Աշխատողն ումի՞ց է ստանում իրեն հասանելիք վճարը, գործատուի՞ց, թե՞ պետությունից: 

- Գործատուից, հետագայում գումարի մի մասը գործատուն ստանում է պետությունից: Ենթադրենք, աշխատողը 20 օրվա բյուլետեն է տարել, այդ բոլոր 20 օրերի համար գործատուն նրան կվճարի միանվագ, հետո 15 օրվա վճարը գործատուն կստանա բյուջեից: Նախկինում գործատուն մե՛կ վճարում էր, մե՛կ չէր վճարում, փոքր ու միջին բիզնեսում վճարման հետ կապված խնդիրներ կային, բյուլետեն չէին ընդունում: Այս ամենից ելնելով, որոշում կայացվեց, որ պետական նպաստը պետական մարմինն էլ թող վճարի: 

- Իսկ հիմա չունե՞ք նման բողոքներ:

- Ես մեր ահազանգերից կարող եմ ենթադրել, որ չկան նման դեպքեր: Նախկինում մանր ու միջին գործատուները հիմնականում խուսափում էին նպաստը վճարելուց, մանավանդ՝ մայրության նպաստը: 

- Մայրության նպաստի հաշվարկման հարցում փոփոխություն եղե՞լ է:

- Ոչ: Հիվանդության նպաստի վճարման հարցում մի փոքր փոփոխություն կա: Առաջ աշխատանքային օրերով էինք վճարում, հիմա՝ օրացուցային օրերով: Առաջ շաբաթ-կիրակիները հանում էինք, էն ժամանակ հնգօրյա շաբաթի դեպքում միջին օրացուցային թիվը 21 օր էր, վեցօրյայի դեպքում՝ 24 օր, իսկ հիմա միջին օրերի թիվը 34 օր է: 

- Ինչո՞ւ է համակարգը թերի գործում, փորձարկում չի՞ եղել:   

- Փորձարկումներ եղել են, իհարկե, բայց իրական ռեժիմում ծագեցին հարցեր, որոնք փորձարկման փուլում չէին եղել: 

- Ձեր աշխատողները չե՞ն կարողանում օնլայն թերթիկ լրացնել:

- Եկեք նեղ գերատեսչական բաներ Ձեզ չասեմ, կարեւորը՝ խնդիրները ֆիքսել ենք, լուծումների վրա աշխատում ենք: 
Անահիտ Գալստյանը խոստանում է, որ խնդիրները հնարավորինս արագ կլուծվեն, եւ քաղաքացիները կստանան իրենց չստացած գումարները: Իսկ մինչ այդ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է անում քաղաքացիներին` հայտնել ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների ստացման հետ կապված բարդությունների մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image