Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։
Չարաբաստիկ ու եղերական 2020 թվականից նոյեմբերի 8-9-ից հետո՝ հատկապես միայն օր։ Անշուշտ, ոչ սովորական օր՝ հայոց օրացույցում։ Բայց հաստատապես տակավին ոչ տոնական օր՝ հայոց տոնացույցում։ Պատճառները բոլորս գիտենք։
Բայց Արցախի և հազարավոր լույս տղաների կորստի մխացող վերքը չի կարող մթագնել մեր լուսավոր հիշողությունն ու շնորհապարտ զգացումը՝ ասելու, ապրե՛ք, հերոս տղերք, մեզ ապրեցնելու և ձեր անձնազոհության միջոցով մեր կյանքը, Հայրենիքի գոյությունը շարունակելու համար։ Մենք, Հայրենիքն ու Բանակն, աներկբա, հենց Դուք եք։
Եվ սա նվիրական օրվա կենացախոսություն չէ, սա խունկ ու խոնարհում է՝ ձեր հիշատակին, սա խղճի, պարտքի ու երախտագիտության ազատագրում է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին, ձեզնից շատ առաջ, ձեր ավագները՝ պապերը, հայրերը, եղբայրներն ու մյուս քաջորդիներն ազատագրեցին մեր սրբազան եզերք Արցախը։
Եվ ուրեմն՝ փա՛ռք վասն Հայրենյաց զինվորագրված բոլոր հայորդիներին, որոնց պատմությունն իսկ Հայոց բանակի տարեգրությունն է և Հայոց բանակի արարման փառահեղ դիպվածը։
Եվ այս երախտաշատ զգացումն ու հավատամքն անպարագիծ են՝ Հունվարի 28-ից մինչև հաջորդ Հունվարի 28-ը, բոլոր թարթերին, օրերին, ամիսներին ու տարիներին։
Քանի դեռ Հայի ազատագրական ու հայրենատեր պայքարի ոգին աննկուն է։ Քանի դեռ Հայի ցավի կողքին հնչում է հարության Համանվագն ու հաղթության նպատակադրումը։ Իսկ մենք ձեզ ոչ թե հիշում ենք, այլ չենք մոռանում։
Այո, յուրաքանչյուր ժամանակն իր հերոսին է ծնում, բայց դուք բոլոր ժամանակների հերոսն եք, որովհետև հերոսացրել եք մեր ժամանակներն ու մեր հերոսացման կարիքը, իրավ, չունեք։ Եվ ուրեմն՝ պատիվ ունենք լինելու ձեր ժամանակակիցը։
Պատիվ ունենք․․․
Փառք Ձեզ անմահացած հերոսներ
Փառք Ձեզ Հայրենյաց պաշտպաններ
Փառք Քեզ Հայոց փառապանծ բանակ
Եվ, այո՛, Հայոց բանակի օրը պետք է կրկին վերածվի Հայոց Բանակի տոնի։ Դուք այլ տարբերակ չե՛ք թողել․․․