Հասարակություն

Շփման գոտում հանգիստ է․ պատերազմի վտանգի մասին լուրերը քարոզչական նպատակ ունեն

Շփման գոտում հանգիստ է․ պատերազմի վտանգի մասին լուրերը քարոզչական նպատակ ունեն

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, իբրև թե հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ է բացել իրենց սահմանների ուղղությամբ: Ինչին ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարությունն էլ ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե դա իրականությանը չի համապատասխանում եւ առաջարկել են իրենց տնօրինած փաստեր տրամադրեն, որ հետաքննություն իրականացնեն եւ պարզեն՝ կա՞ արդյոք նման բան: Ինչն, ի դեպ, ինքնին տարօրինակ առաջարկ է եւ նշանակում է, որ ՀՀ ՊՆ-ն չի տիրապետում իրական իրավիճակին եւ սահմանին հայկական զինուժը կարող է կրակել՝ առանց ՀՀ ԶՈՒ ղեկավարության հրահանգի։ 

Ադրբեջանական կողմի այս հայտարարությունները ոմանք մեկնաբանում են որպես ռազմական հնարավոր ագրեսիան լեգիտիմացնելու փորձեր եւ պատերազմ են կանխատեսում: Չնայած միջազգային իրավիճակին եւ տարածաշրջանային իրողություններին ուշադիր հետեւող մասնագետները հերքում են նման հավանականությունը եւ հայտարարում են, որ պատերազմով վախեցնելու տակտիկն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը կիրառում են հերթական զիջումները հնարավոր դարձնելու համար։ Փաշինյանին միայն իր իշխանությունը պահելն է հետաքրքրում, Ալիեւին՝ Հայաստանից հնարավոր շատ բան ստանալը։ 

Այնուամենայնիվ «Հրապարակը» կապ հաստատեց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որպեսզի կոնկրետ պարզ դառնա՝ արդյո՞ք սահմանին կա շարժ, զինուժի կուտակումներ, հնարավոր ագրեսիայի մասին վկայող որեւէ փաստ նկատե՞լ են: Խաչատուր Բաղդասարյանը մեզ հավաստիացրեց, որ թե ադրբեջանցիների անձնակազմի թվի, թե տեխնիկայի մասով ոչ մի շարժ են նկատել, ոչ էլ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանցիների թիվն է ավելացել: «Եթե մտահոգիչ բան լիներ՝ ինձ կասեին, ես կիմանայի, սակայն ամեն ինչ նույնն է, ինչպես գիտեք»,-ասաց Բաղդասարյանը: 

Ոչ մի մտահոգիչ շարժ կամ սադրանք չի դիտվել նաև Տեղ համայնքի սահմանամերձ Խնածախ գյուղում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը. «Իրենք առաջվա պես իրենց զբաղեցրած դիրքերում են, ոչ մի վտանգավոր կամ մտահոգիչ բան դեռ չենք նկատել։ Մի բան լիներ՝ անհնար է չտեսնեինք, գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են կանգնած»: 

Այն, որ մտահոգվելու առիթ չկա, մեզ հետ զրույցում ասաց նաև Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանը: «Մենք շատ լավ ենք։ Ադրբեջանցիներն՝ այն նույն քանակով ու անձնակազմով են, ինչ եղել են: Եղած տեխնիկան էլ այն նույն տեխնիկան է, որ այստեղ կար՝ ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը: 

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում ևս ոչ թշնամական զորքի կուտակում կա, ոչ էլ սադրանք է եղել՝ տեղեկացանք երկրապահի մեր աղբյուրներից: Իրավիճակը նույնն է նաև Ջերմուկում, որտեղ ադրբեջանցիների գրաված տարածքում դեռեւս ձյուն է դրված ու ադրբեջանական կողմից որևէ շարժ չի դիտարկվել։ 
Երկրապահ կամավորականների մեր աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն քանի ամիս է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին ու զինվորականներին հրահանգված է աչալուրջ լինել ու ամեն պահի պատրաստ՝ ցանկացած սցենարով զարգացման: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image