Փաշինյանը, որ 2018 թվականին իշխանության է եկել հակասահմանադրական իշխանափոխության միջոցով, նախապատրաստվում է իշխանազավթման հերթական արարին` հող է նախապատրաստում՝ 2026 թվականին նշանակված խորհրդարանական ընտրությունները չեղարկելու համար: Խոսքը ոչ թե քվեարկությունը չեղարկելու մասին է, այլ՝ ընտրությունները, քվեարկությունը կարող է լինել, բայց քաղաքացիները զրկվեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, քվեարկությունը կրի կեղծ եւ ֆորմալ բնույթ: Քանի որ Փաշինյանն իրեն մրցակից է տեսնում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ ձեւավորվող դաշինքին եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, որոշել է սրանց «նշանակել» Ռուսաստանի գործակալներ եւ հրահանգել է առաջիկա ամիսներին քարոզչությունն իրականացնել հենց այս ուղղությամբ:
Փաշինյանի պաշտոնական քարոզչությունն իրականացնող Հանրային կոչվող հեռուստաընկերության եթերով հաղորդավարը, դիմելով Անդրանիկ Թեւանյանին, որի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը որոշել է ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի հետ համատեղ, ասում է. «Մարդիկ ասում են, որ Ռուսաստանն է ձեզ համախմբում, Ռուսաստանից Սամվել Կարապետյանն է, որ ասում է` ես Ռուսաստանի հետ կապ չունեմ, Քոչարյանն է, որ ամենից անկեղծն է, ասում է` կապ ունեմ, ամեն ինչ լավ կլինի իրենց հետ, եւ դուք եք, դուք էլ եք Ռուսաստանի կողմից, Ծառուկյանն էլ է Ռուսաստանի հետ, սա ոնց որ Ռուսաստանի գծած լայն համախմբումն է: Դուք ռուսական ծրագիր եք, որովհետեւ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կապ ունի: Ես «կապ ունի» ասելով, նկատի չունեմ, որ նա այնտեղ ապրում է, ես նկատի ունեմ քաղաքական կապի մասին, որ նրան ուղարկել են էնտեղից»:
Հանրայինի հաղորդավարը, փաստացի, երեք քաղաքական ուժի մեղադրում է Ռուսաստանի հետ կապ ունենալու, Ռուսաստանից ուղարկված լինելու եւ կառավարվելու մեջ, մեղադրում է, որ Ռուսաստանն է Հայաստանում հանրային համախմբում կազմակերպում` ընդդեմ գործող իշխանության: Եվ այս պնդումներն արվում են առանց որեւէ ապացույցի՝ հղում անելով մարդկանց խոսակցությունների կամ ինչ-որ փորձագետների կարծիքների վրա: Իրականում, հաղորդավարի այս պնդումները հենվում են Փաշինյանի այն հրահանգի վրա, որ իրենք պատրաստվում են քաղաքական դաշտից դուրս շպրտել նախկին նախագահներին եւ օլիգարխներին:
Հետեւելով նույն հրահանգին՝ փաշինյանական թեզը կրկնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, որը հայտնի է որպես իշխանության թուրքամետ թեւի ներկայացուցիչ կամ համակարգող, եթերում հայտարարելով. «Մենք պիտի տեր կանգնենք էս խաղաղությանը, մենք պիտի տեր կանգնենք այն ամենին, ինչին հասել ենք այսքան զրկանքների գնով, եւ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելառուսամետ հակումներով օլիգարխին՝ որոշել մեր երկրի ճակատագիրը»: Ովքե՞ր են այդ «մենք»-ը, որ պետք է թույլ չտան կամ խոչընդոտեն հայ ընտրողի քվեարկությանը․ ինքը՝ Փաշինյանը, Սերդար Քըլըչը, Հաքան Ֆիդանը, Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Էրդողանը: Բայց ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես նրանք պետք է թույլ չտան, որ ամենամեծ հանրային վարկանիշ եւ հանրային վստահություն ունեցող երեք ուժերը չորոշեն երկրի ճակատագիրը:
Փաշինյանական նույնաբովանդակ քարոզչությունն իրականացնում է նաեւ ՔՊ-ի մեկ այլ հաստիքային քարոզիչ` Արամ Սարգսյանը, որը Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ի եթերում ասում է, որ եթե Կարապետյանը չկատարի Պուտինի հրահանգները, ապա կպատժվի: Նույն տրամաբանությունն է, որ ընդդիմությանը եւ նրա առաջնորդներին ներկայացնեն որպես Պուտինի աշխատողներ, ենթականեր:
Փաշինյանական ծրագիրը պարզ է. քանի որ «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն եւ նրա շուրջ համախմբվող ուժերը, «Հայաստան» դաշինքը ամենամեծ հանրային աջակցություն ունեցող կուսակցություններն են, որոնք ընտրություններում կարող են ստանալ մեծամասնություն եւ դաշինք կազմելով ձեւավորել նոր իշխանություն, նրանց պետք է ուղղակի թույլ չտալ մասնակցել ընտրություններին: Իսկ թույլ չտալ հնարավոր է միայն մի ձեւով. առաջիկա երկու-երեք ամիսներին նրանց հռչակել Ռուսաստանի գործակալներ, մեղադրել Ռուսաստանից ուղղորդվելու եւ Ռուսաստանից կառավարվելու մեջ եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության` թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ընտրություններին:
Փաշինյանը եւ նրա թիմակիցները հասկանում են, որ դա կնշանակի ընտրությունների փաստացի չեղարկում, դա կլինի իշխանության բռնազավթում, որը քրեորեն պատժելի արարք է, բայց իրենց թվում է, թե, ունենալով հավաքական Արեւմուտքի`ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կատարյալ աջակցությունը, կկարողանան մարսել այդ հանցագործությունը:
Փաշինյանն այնքան կարմիր գծեր է հատել` անօրինական եւ անթույլատրելի քայլեր արել, որ թվում է, թե այս մեկն էլ կարող է անել ու մարսել: Սակայն Հայաստանում թվացյալ կայունությունը պահպանվում է միայն մի պատճառով, որ դժգոհություն ունեցողները սպասում են ընտրություններին եւ հույս ունեն օրինական եւ սահմանադրական ճանապարհով հեռացնել փաշինյանական ռեժիմին: Եթե ռեժիմը փակի նաեւ այդ ճանապարհը, հանրային դժգոհությունը կարող է եւ անկանխատեսելի դրսեւորումներ ունենալ, եւ այդ դեպքում նրան ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն կարող ոչնչով օգնել կամ կարող են օգնել միայն ապաստան տրամադրելով: