Հասարակություն

Համայնքը հաղթեց կղերականներին

Համայնքը հաղթեց կղերականներին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին նամակ է ուղարկել Xana Gardens Ltd.-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021-ի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրով՝ «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքը, որը սահմանակից է Երուսաղեմի Հին քաղաքի հուդայական կամ հրեական թաղամասին, 99 տարով վարձակալության պետք է անցներ մի իսրայելցու ընկերության, որն էլ նախատեսել էր այնտեղ հյուրանոց կառուցել: Հնարավոր գործարքն առաջացրել էր Երուսաղեմի հայ համայնքի անդամների բուռն դժգոհությունը։ Մարդիկ դուրս էին եկել փողոց, պայքարում էին ընդդեմ պատրիարքարանի կամայական գործողությունների՝ հայտարարելով, որ գործարքը կնքվել է պատրիարքարանի ներքին կանոնադրության խախտմամբ, որով այն չի կարող լինել վավերական։

Պայքարի այդ ընթացքում բավական հետաքրքիր ու ինտրիգային մանրամասներ ելան ջրի երես, որոնց անդրադարձել էր «Հրապարակն» իր հոդվածներում։ Այդ ընթացքում կարգալույծ հռչակվեց գործարքի հետ անմիջականորեն առնչվող Կալվածոց տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, ով էլ իր հերթին բավականին պիկանտ բացահայտումներ կատարեց պատրիարք Նուրհան Մանուկյանի եւ իր միջեւ՝ գաղտնի կերպով, որոշակի փայաբաժնով, թանկարժեք զարդեղենի վաճառք իրականացնելու վերաբերյալ։ Հարցի առնչությամբ պատրիարք Նուրհան Մանուկյանը զրույցներ է ունեցել թե՛ Գարեգին Բ Ամենայն հայոց եւ թե՛ Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Եվ ահա, խնդրահարույց եւ կասկածելի գործարքի չեղարկմամբ կարեւոր նախադեպ է ստեղծվում։

Ըստ էության, պետք է արձանագրել, որ երուսաղեմահայ համայնքը հաղթեց պատրիարքարանի կղերականներին։ Մյուս կողմից էլ, համայնքը կարողացավ այս մի դեպքով ցույց տալ, որ ի վիճակի է ապահովել անհրաժեշտ վերահսկողությունը համայնքի հետ կապված՝ պատրիարքարանի գործողությունների հանդեպ, հատկապես, եթե դրանք վերաբերում են համայնքի գույքային եւ հողային գործերին։ Սա կարեւոր ձեռքբերում է, որը հարկ է, որ երուսաղեմահայ համայնքը գիտակցի եւ կարողանա պահել իր ձեռքում՝ դառնալով պատրիարքի եւ պատրիարքարանի գործերի վերհսկող, ընդգծելով, որ համայնքն է, որ շինությունը դարձնում է եկեղեցի՝ աղոթատուն եւ կազմակերպություն, այլապես այն կա՛մ միայն կրոնավորների համախումբ է, կա՛մ դատարկ շինություն։ Կարելի է ասել, որ եթե երուսաղեմահայ համայնքը ոտքի չելներ եւ պայքարի դրոշ չպարզեր, ապա «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված խնդրահարույց գործարքը «կմարսվեր»․ կշահեին ոմանք, կտուժեին Երուսաղեմի հայկական բազմադարյա ներկայությունն ու տեղի համայնքը։    

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image