Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի միջնորդությամբ սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության տոնի առթիվ «իրավակարգի ու օրինականության ամրապնդման եւ դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար» Երախտագիտության մեդալով էր պարգեւատրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանին եւ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Բացի նրանցից, դատավորներ Հովիկ Շահնազարյանը, Սերգեյ Սահակյանը, Մնացական Հարությունյանը, Գարիկ Ավագյանը պարգեւատրվել էին Մխիթար Գոշ մեդալով, դատավոր Նաիրա Մարգարյանն էլ՝ Երախտագիտության մեդալով։ Վահագն Խաչատուրյանը 2 դատարանների նախագահներին պարգեւները հանձնել էր անձամբ, մյուսները փոխանցել էր ԲԴԽ-ին, որի նախագահն էլ արդեն խորհրդի շենքում էր դրանք հանձնել տերերին։
Պարգեւների հանձնման ֆոտոսեսիայի լուսանկարները տարածվեցին պաշտոնական աղբյուրներում՝ է՛լ նախագահականի էջում, է՛լ դատական իշխանության էջերում։ Տեղի ունեցածը տեսնելով՝ տարիների փորձ ունեցող դատավորները սրտնեղել են եւ իրենց միջավայրում քննարկել՝ ինչո՞ւ պետք է Երախտագիտության մեդալով պարգեւատրվի Հակակոռուպցիոն դատարանի 3 տարվա նախագահը, բայց 10 տարի եւ ավելի աշխատանքի փորձ ունեցողները` ոչ, եւ ինչո՞ւ հենց Երախտագիտության մեդալով: Ինչո՞ւ է պետությունը մեդալի տեսքով երախտագիտություն հայտնում դատավորներին։ Ամեն դատավոր իր կարծիքն ունի այս հարցի շուրջ, նրանց մեկը մեզ հետ մասնավոր զրույցում ասաց․ «Երախտագիտության մեդալ են տվել` մա՞յր ա, ի՞նչ ա, 10 երեխա՞ ա ունեցել, դրա համար տվել են, ինչի՞ համար, իրենց գործերն առաջ տանելո՞ւ։ Էն էլ էդ օրով տվեցին՝ Արցախը դատարկելու օրով, ամոթ ա, շոու են սարքել, էլի»։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են որոշել, թե որ դատավորները ներկայացվեն պարգեւի, եւ փոխանցեցինք դատավորներից մեկի դիտարկումը` հո մայր չէ՞, որ երախտագիտություն են հայտնում մեդալի տեսքով։ Մամուլի խոսնակը պատասխանեց, որ ԲԴԽ անդամներն ու նախագահն են որոշել պարգեւատրվողներին, եւ ԲԴԽ նախագահի միջնորդությունն է պարգեւատրման հիմքում։ «Ինչ վերաբերում է «մա՞յր է, որ երախտագիտություն են հայտնում» դիտարկմանը, ապա սրտնեղած դատավորին ասեմ, որ Երախտագիտության մեդալը բարձրագույն պարգեւ է, կապ չունի մայրության հետ, եւ նա, ամենայն հավանականությամբ, տվյալ պարգեւը շփոթում է ժամանակին մեծ տարածում ունեցող «Հերոսուհի մայր» շքանշանի հետ»։
Նշենք, որ քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է: Փաստորեն, Աթաբեկյանը կարողանում է ոչ միայն կադրային հարցեր լուծել ու իր մտերիմներին տեղավորել դատարանի նախագահի պաշտոնում, քանի որ նրա միջնորդությամբ էր այս տարվա սկզբին վերջինս նշանակվել քաղաքացիական դատարանի նախագահ, այլ նաեւ իր ընկերներին պարգեւատրելու «քավոր» է կանգնում։ Իսկ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանն առաջիկայում քննելու է Սերժ Սարգսյանի դիզվառելիքի գործը, որը բեկանվել եւ ուղարկվել է նոր քննության: Ըստ ամենայնի, այս պարգեւատրումը «կանխավճար» է՝ երրորդ նախագահի դեմ ակտ կայացնելու դիմաց։