«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Կարեն Լազարյանի` աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել և հեռացել. «Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է։
Քոլեջի նոր տնօրենը՝ Արմինե Կոլյանը ոստիկանական ուժերի օգնությամբ է այսօր մտել Գորիսի պետական քոլեջ։
Մենք զրուցեինք քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հետ։ Նա ասաց․ «Գիտեք, ինչքան վատ բան ա, երբ ինքը նորանշանակ տնօրեն ա, գոնե միայնակ գար, ասեր՝ ժողովուրդ ջան, եկեք նստենք, խոսենք, քոլեջը ծաղկեցնելու ենք ի շահ Գորիսի, ՀՀ-ի, ինքը ոստիկանության հետ է մտել, այսինքն՝ փոքր քաղաքում, Գորիսը իր պատմության մեջ նման բան չի տեսել, սա առաջին դեպքն է, բա ամոթ չի՞»։
Ինչպե՞ս է տեսնում նախկին տնօրենը խնդրի հանգուցալուծումը, պատասխանեց․ «Նորանշանակը պետք է նստի այդ մարդկանց հետ քննարկի, խոսի, ուրիշ ի՞նչ պետք է անի։ Ինքն այսօրվանից տնօրեն է եւ ինքը պետք է այդ ամեն ինչը կարգավորի, այնտեղ խուլիգանություն չի արվել կռիվ ծեծկռտուք չի արվել, այնտեղ ընդամենը մարդիկ ասում են՝ տիկին նախարար, այդ մարդը լեգիտի՞մ է թե՞ չէ, 3 անգամ դիմվել է նախարարին, որ Արմինե Կոլյանի հավաստագրի քննության փաթեթը տվեք, մերժում են, մարդիկ էլ հարցեր ունեն, ինչի՞ չի կարելի այդ երկրում հարց տալ, թե պիտի ձեր կարծիքին լինեն մարդիկ։ Բա էդ մի հոգու վախեցրիք, 20 հոգու վախեցրիք, բա մնացածին ո՞նց եք վախեցնելու, ինչի՞ այդ ձեւով է լինելու կրթական դաշտը, այդ ձեւով են ուզում գալ եւ երեխա դաստիարակել, արդեն երեխաներին դաստիարակեցիք, սերմանեցիք, որ այս ձեւով կարելի է գալ, մտնել, այս ձեւով փոքր քաղաքո՞ւմ։ Ազատման հրամանում նշված չէ, որ ես գույքը պետք է հանձնեմ նորանշանակին, եթե նախարարությունը ինձ գրավոր կուղարկի, որ գնացեք գույքը հանձնեք, ես կգնամ կհանձնեմ։ Ինքն ա տնօրեն թող ինքն այդ հարցերը կարգավորի։ Իսկ այս ձեւով չի կարելի մանկավարժների հետ խոսել, որովհետեւ այդ մանկավարժները եւ այդ աղջկանից են գրագետ, եւ նախարարից եւ Սյունիքի մարզպետից են գրագետ։ Մարդ են, կարծիք կարող են ունենալ մարդիկ, հերիք ա, բոլ ա,այդ մարդիկ ասում են՝ հարցեր ունենք, դուք ոստիկանություն եք տանո՞ւմ, չե՞ք կարմրում, գետինը չե՞ք մտնում, այդ ձեւով եք հարց լուծում»։