Այլ

Եկեղեցին չունի բանակ, նրա  բանակը մե՛նք ենք․․․

Եկեղեցին չունի բանակ, նրա  բանակը մե՛նք ենք․․․

Եկեղեցին չունի բանակ։ Նրա բանակը մե՛նք ենք՝ հավատավոր ժողովուրդը։ Աշխարհաքաղաքական  այս իրավիճակում, երբ Հայաստան աշխարհի գոյության հարցն է դրված՝ Կաթողիկոսը գտնվում է երկու քարի արանքում՝ խոսել՝ վտանգավոր է, չխոսել՝ ավելի վտանգավոր։ Եթե նա խոսի, նրան մեղադրելու են քաղաքականության մեջ խառնվելու, իշխանությանը դեմ դուրս գալու համար։ Եթե լռի՝ նրան կմեղադրեն դավաճանության, համակերպման և հավատքի լռեցման համար։ Երկակի պատ է ստեղծվել։ Կաթողիկոսը իր հոտը մենակ չպիտի թողնի։  Դա նրա առաքելությունն է՝ ամենակարևոր առաքելությունը։

Նա իր հոտի, իր ժողովրդի աչքերով է նայում իշխանությանը։ Իսկ ժողովրդի աչքերն այսօր  սարսափած, այլայլված են, երբ տեսնում է, որ սեփական իշխանությունն աշխատում է օտար օրակարգով։ Ժողովուրդը ահաբեկված է, երբ տեսնում է, որ Հայաստան աշխարհը դառնում է օտարների փայ, ահաբեկված է, որ պետական բոլոր ինստիտուտները մեկ մարդու քմահաճույքով փլուզվել ու մնացել է վերջինը՝ Եկեղեցին։ Անհաղո՞րդ մնա Եկեղեցին իր հոգևոր արժեքների փլուզման, իր հավատավոր ժողովրդի ձայնին։ Այս իշխանությունը հենց դա՛ է ուզում, որ Եկեղեցին մնա իր ժողովրդի ցավին ու դավին անտեղյակ, անհաղորդ։ Կաթողիկոսի լռությունը ես հասկանում եմ։ Նրա խոսքը պիտի լինի դատապարտում կամ օրհնություն՝ երրորդ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով է այդ խոսքը  վտանգավոր․
դատապարտելը կարող է սասանել պետության հիմքերը, լռելը՝ արդարացնել անարդարությունը, խեղել պատմական ճշմարտությունը։ 

Մենք այս միջակայքում ենք։ Չպետք է անտեսել, որ երբ լռությունը երկարաձգվում է, դառնում է իշխանության տարածք։ Այսօր իշխանությունը փորձում է զբաղեցնել հենց այդ տարածքը՝ քարոզչությամբ, կեղծ բարոյականությամբ և իբր նոր արժեքային օրակարգով։ Երբ  Եկեղեցին լուռ է, այդ դատարկությունը լցվում է պետական քարոզով։  Լռությունը սկսում է աշխատել ոչ թե Եկեղեցու, այլ իշխանության օգտին։ Հենց դա է պատճառը, որ Եկեղեցին  հայտնվել է հոգևոր շանտաժի դաշտում, որտեղ յուրաքանչյուր բառ կամ լռություն կարող է վերածվել զենքի։ Եկեղեցին  չունի բանակ, չունի ուժային կառույցներ, վարչական լծակներ։ Եկեղեցու բանակը մենք ենք։ Նրա պաշտպանության խնդիրը դրված է հավատավոր ժողովրդի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image