Քաղաքականություն

Մարդկա՞նց, թե՞ ռոբոտների հասարակություն. Փաշինյանն ընտրում է երկրորդ տարբերակը

Մարդկա՞նց, թե՞ ռոբոտների հասարակություն. Փաշինյանն ընտրում է երկրորդ տարբերակը

Փաշինյանը հարձակում է գործում ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ հայ ընտանիքի դեմ։ Նրա թիրախն իրականում հայկական ընտանիքն է, նպատակը՝ ընտանիքի ոչնչացումը: Կառավարության նիստի ժամանակ նա չի էլ թաքցնում, որ Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգիրքը փոխում է միջազգային պարտավորությունների շրջանակում: «Այս ոլորտում մենք շարունակական եւ պարբերական օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որոնք հիմնականում կապված են լինում մեր միջազգայնորեն ընդունված, վավերացրած կոնվենցիաների հետ»,- կառավարության նիստում ասում է Փաշինյանը` պարզաբանելով, որ այդ փոփոխությունների ասելիքն այն է, որ «երեխան ծնողի սեփականությունը չէ»: Փաստացի, Փաշինյանը հայտարարում է, որ երեխան սեփականություն է, այսինքն՝ երեխան ոչ թե մարդ է, այլ՝ սեփականություն, ինչ-որ մի ապրանք կամ իր, որի նկատմամբ կարող է լինել սեփականության իրավունք, միայն թե երեխայի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ոչ թե ծնողին, այլ՝ պետությանը կամ համայնքին, որոնք էլ իրավասու կլինեն տնօրինելու իրենց սեփականության ճակատագիրը: Հայաստանում կամ իշխանական վերնախավում մոլեգնում է նեոլիբերալիստական ֆաշիզմը, որի էությունը մարդատյացությունն է, մարդկանց որպես ապրանքի կամ լավագույն դեպքում կենդանու վերաբերվելու մոտեցումը, ըստ որի, երեխային` ինչպես ապրանք կամ ընտանի կենդանու ձագ, կարող են վերցնել ծնողից եւ հանձնել այլ անձանց տնօրինմանը, իբրեւ այդ ապրանքի կամ ձագի ճակատագրի նկատմամբ դրսեւորվող հոգատարության արտահայտություն: Ընտանեկան օրենսգրքի փաշինյանական փոփոխությունների իմաստը Հայաստանում մարդուն կենդանու մակարդակի հասցնելն է, մարդկային էության ոչնչացումը:

Առանց որեւէ միջազգային կոնվենցիայի կամ համաձայնագրի էլ հայկական ընտանիքում երեխային երբեք չեն վերաբերվել որպես սեփականության, եթե Փաշինյանը նման եզրահանգման է եկել իր նկատմամբ ընտանիքում առկա վերաբերմունքից կամ իր կողմից իր երեխաների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից, դա իր խեղաթյուրված ընկալումների արդյունքն է, որը նրան իրավունք չի տալիս ընդհանրացումներ անել: Հայաստանում երեխային վերաբերվում են որպես ընտանիքի լիարժեք անդամի, ավելին` երեխային վերաբերվում են որպես ընտանքի առանձնաշնորհյալ անդամի, ծնողները թե՛ ուտելու, թե՛ հագուստի դեպքում միշտ նախապատվությունը տալիս են երեխային, ամենահամովը, ամենագեղեցիկը՝ միշտ երեխային, ծնողները հագուստ են գնում նախ երեխայի համար, հետո միայն՝ իրենց, հանգստի են ուղարկում առաջին հերթին երեխային, հետո նոր մտածում իրենց հանգստի մասին: Սա է հայ ընտանիքներում երեխայի նկատմամբ եղած վերաբերմունքը, որը, սակայն, Փաշինյանն ուզում է փոխել ու դա փոխարինել ընտանիքի արեւմտյան նեոլիբերալ-ֆաշիստական մոդելով:

«Մեզանում այդպիսի ընկալում կա, երբեմն՝ չձեւակերպվող, երբեմն՝ հաճախ շատ ձեւակերպվող, դե գիտեք՝ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները մեր մոտ են, այնտեղ լրիվ այլասերված արժեքներ են: Ես նորություն ունեմ, հարգելի ժողովուրդ, մեզ համար, էդպես չի, էդպես չի, բացարձակապես էդպես չի, այնքան էդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ: Ուրիշ խնդիր կա, ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս ա հենված բռնության կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա»,- գեղցի շուստրիի աճպարարությամբ կառավարության նիստում վրա է տալիս Փաշինյանը, նման 20-րդ դարի սկզբի այն գյուղացուն, որը գնացել է քաղաք ու էլեկտրական լամպ է տեսել եւ գալով գյուղ` առաստաղից թել ու լամպ է կապել եւ ուզում է, որ քաղաքից բերած լամպը լույս տա ու զարմացնի համագյուղացիներին: Նման հիմնավորմամբ է փորձում բացատրել Փաշինյանը ընտանեկան բռնության դեմ պայքարի քաղաքականությունը: Ըստ նրա, հայկական ընտանիքում կա բռնություն երեխայի նկատմամբ, քանի որ Հայաստանը զարգացած երկիր չէ, բայց, օրինակ, զարգացած երկրներում նման բռնություն չկա, եւ երեխաները պաշտպանված են այդ բռնությունից, քանի որ նրանց իրավունքներն ավելի հարգված են: Հենց Հայաստանում էլ ընտանեկան բռնության դեմ պայքարեն, Հայաստանն էլ զարգացած երկիր կդառնա, ինքն էլ՝ այդ զարգացման առաջամարտիկը: Նիկոլ Փաշինյան եւ զարգացում, զարգացվածություն… չեք պատկերացնում, չէ՞, ես էլ:

Իրականում այն մոդելը, որը քարոզում է Փաշինյանը, ամենեւին էլ նորություն չէ, սա մի մոդել է, որը վաղուց ներդնում են նեոլիբերալ ֆաշիզմի արեւմտյան մոդելի հետեւորդները: Այս մոդելն ուղղված է ոչ միայն ընտանիքի դեմ եւ նպատակ ունի ոչնչացնելու ընտանիքը, նրա հիմնական թիրախը երեխան է, այն բռնություն է ինչպես երեխայի, այնպես էլ ծնողների դեմ, թեեւ փաթեթավորված է ընտանեկան բռնության դեմ պայքարի կարգախոսներով, այնպես, ինչպես արեւմտյան այն ականները, որ կոնֆետի գրավիչ փաթեթավորում ունեն եւ սպանում են դրանց տեսքից խաբվող երեխաներին: Փաշինյանի եւ նրա կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների բուն նպատակը երեխային ապրանք դարձնելն է, որ պետությունը կամ, այսպես կոչված, համայնքը, իր հայեցողությամբ կարող է երեխային խլել ծնողներից՝ համարելով, որ ծնողները ոչ մի իրավունք չունեն երեխայի նկատմամբ, որ ծնողները իբրեւ թե բռնության են ենթարկում իրենց երեխաներին: Որպեսզի կարողանա ցանկացած պահի երեխային խլել ծնողից, երեխան նրանց սեփականությունը չէ` հիմնավորմամբ: Երբ Փաշինյանը հայտարարում է, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, դրա հիմնական ասելիքն հենց դա է. ցանկացած պահի ցանկացած ծնող կարող է զրկվել իր երեխայից: Ահա՝ արեւմտյան, այսպես կոչված, զարգացած, իրականում՝ նեոֆաշիստական հասարակարգի ընտանիքի մոդելը, որն ուզում է Հայաստանում ներդնել Փաշինյանը: Պատահական չէ, որ նա խոսում է աղքատությունից եւ հայտարարում, որ ավանդական հայ ընտանիքն ավելի շուտ աղքատության եւ ոչ թե ավանդույթներին հավատարիմ լինելու արդյունք է: Արեւմտյան ֆաշիզմը հնարավոր է համարում երեխայի օտարումն ընտանիքից նաեւ աղքատության հիմքով, եթե ընտանիքում չկա բավարար սոցիալական ապահովության մակարդակ, երեխային կամ երեխաներին կարող են խլել ծնողներից եւ հանձնել սոցիալապես ավելի ապահով ընտանիքներին կամ այլ հաստատությունների: Արեւմտյան, այսպես կոչված, զարգացած երկրներում աղքատությունը եւս դիտարկվում է որպես երեխայի նկատմամբ ընտանեկան բռնության դրսեւորում:

Մի անգամ արդեն ասել եմ, որ եթե արեւմտյան նեոլիբերալ ֆաշիզմի հաղթարշավը շարունակվի, չի բացառվում, որ ծնողներն իրենց երեխային տեսնեն լավագույն դեպքում միայն ծննդյան պահին, իսկ դրանից հետո երեխայի խնամքը, դաստիարակությունը կազմակերպվեն հատուկ հաստատություններում, որտեղ նրանք իբրեւ թե զերծ կլինեն ընտանեկան բռնությունից կամ տարբեր խտրականություններից, կենցաղի եւ կեցության պայմանները բոլորի համար կլինեն հավասար: Փաշինյանը հետեւողականորեն փորձում է ներդնել հենց այս մոդելը, որի նպատակը մարդուց ռոբոտ սարքելն է` առանց զգացմունքների, արժեքների եւ սկզբունքների: Ռոբոտ, որն առանց վարանելու եւ մտածելու, կատարում է տերերի բոլոր հրահանգները: Մեծ հաշվով, Փաշինյանն ուզում է, որ բոլոր մարդիկ լինեն իր նման, ինչը, բարեբախտաբար, տեղի չի ունենա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image