Սոդոմ («այրվող») եւ Գոմոր («ընկղմում, հեղեղում»)… Ըստ Հին Կտակարանի ավանդության, սրանք հնագույն քաղաքներ են Սիդդիմի դաշտում, որոնք երկու այլ քաղաքների հետ կործանվել են «երկնային հրով», ապա ծածկվել Սոդոմա ծովակի (Մեռյալ ծովի) ջրով՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի։ Թշնամիներին անիծելիս՝ հրեա մարգարեները նրանց հաճախակի են հիշեցնում Սոդոմի եւ Գոմորի կործանումը։ Սուրբ Գրոց ավանդություններում Սոդոմը եւ Գոմորը խորհրդանշում է աստվածային այն սոսկալի պատուհասը, որի մեջ իբր իրենց մոտալուտ կործանումը պիտի գտնեն զեխությամբ ու հեշտասիրությամբ ապրող բոլոր մեղսագործ մարդիկ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Սոդոմի եւ Գոմորի ավանդությունն ունի պատմական հիմք՝ համարելով, որ ժողովրդի հիշողության մեջ արտացոլվել է ինչ-որ հնագույն տարերային աղետի հետք Մեռյալ ծովի շրջանում, որի հարավային ափերին հայտնաբերվել են հրաբխային մնացորդներ։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են զգացել այդ քաղաքների բնակիչները, երբ կենդանի-կենդանի հայտնվում էին կրակների մեջ կամ ընկղմվում ծովում: Մենք՝ հայերս, կարծում եմ, նման իրավիճակում ավելի շուտ կսկսեինք իրար ուտել, քան կրակներից դուրս վազել ու փրկություն որոնել ծովի բարձրացող ջրերից: Մեր «պատմության» վերջին 7 տարիները հենց դա են փաստում: Ինչ ասես՝ չտեսանք, բայց ադեկվատ պահվածք ցուցաբերելու փոխարեն իրար ենք ուտում, իրար կոկորդ կրծում: Ցավի զգացողություն ասես չունենք, չնայած այդ զգացողությունը Աստված մարդուն է տվել, երբ տեսել է, թե մարդն ինչպես է ժպտում ամեհի վագրի երախում: Գուցե մենք մարդու ուրի՞շ տեսակ ենք, գուցե մա՞րդ չենք, առհասարակ:
2018-ին Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները հայտնվեցին Սոդոմի եւ Գոմորի ճակատագիրը կրկնելու սպառնալիքի առաջ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Սոդոմ-Գոմորն սկսեց իրականություն դառնալ Հայաստանում: Կորուստներ, կորուստներ, կորուստներ, ձախողումներ, խայտառակություն, հետապնդումներ, բանտ, փախուստ, ցույց, միտինգ, չագուճ, բորդյուր, ասֆալտ, պատերին ծեփված մարդկային մարմիններ, թուք, հայհոյանք… Հասել ենք եկեղեցուն: Աստված, որ սկսել էր մեզ պատժել, դարձել է առավել անագորույն: Փրկության հույսն ամեն օրվա հետ մեռնում է… Մեզ չկա այլեւս ներում: Եվ այս իրավիճակում, չգիտես ում վրա չարացած, իրար ենք ուտում: Հետաքրքիր է՝ Սոդոմ-Գոմորի բնակիչներն ի՞նչ են արել այդ օրերին… Ի վերջո, այնտեղ էլ իշխանություն եւ ժողովուրդ է եղել… Բոլո՞րն էին մեղսագործ եւ բոլո՞րն են իրենց կործանումը գտել զեխության ու հեշտասիրության պատճառով: Ասում են՝ Աստված նաեւ դատավոր է: Արդյոք նա չի՞ փորձել տարանջատում կատարել, թացը չորից ջոկել, մեղավորներին՝ անմեղներից: Անմեղներ չկայի՞ն: Երեւի՝ չկային… Ճիշտ այնպես, ինչպես մեզանում անմեղներ չկան: Մենք արդա՞ր վարվեցինք Նիկոլի նման հակա-Քրիստոսին իշխանություն վստահելով, մենք արդա՞ր գտնվեցինք պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակի հանդեպ, մենք փորձեցի՞նք վռնդել հակա-Քրիստոսին, որ պատերազմից հետո, շողոմ բառերով մեզ լուսավոր ապագա խոստացավ եւ խաղաղություն, մենք ընդվզեցի՞նք, երբ նա Աստծու տված մեր հայրենիքը սկսեց մաս-մաս նվիրել թշնամուն: Հիմա էլ պլշած դիտում ենք, թե ինչպես է ամեն կիրակի Աստծու մի նոր տուն, մի նոր եկեղեցի պղծում իր պիղծ պատարագներով: Մի հատ հարց տվեք ձեզ՝ իսկ ո՞վ է մեղավոր… Պատասխանը մեկն է՝ մենք: Եվ մեր դեպքում էլ, կարծում եմ, Աստված նույնկերպ է վարվելու կամ արդեն վարվում է: Նա կանգ չի առնելու նույնիսկ կիրակի օրերին: Հույս չունենաք: Անգամ եթե հակա-Քրիստոսը վերանա, ռադ լինի մեր միջից, Աստված իր գործը հասցնելու է մինչեւ վերջ: Այ, այդքան մենք կեղտոտվել ենք, այդքան մեղք ենք գործել, այդքան ուծացվել ենք, մեր ու մանուկ մոռացել:
Հայեր, շարունակենք ուտել զմիմեանս… Այդպես մեր վերջը, գուցե, աննկատ կգա: