Մշակույթ

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Անգլիական դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի գրական ժառանգության մեջ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» ընդունված է համարել բոլոր ժամանակների լավագույն դեկտեկտիվ վեպը։ Այսպես են գոնե համարել բրիտանական քրեական ժանրում գրող ավելի քան 600 արձակագիր հեղինակներ՝ անցկացված սոցհարցման արդյունքում։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին։ Այն հանդիսանում է Քրիստիի 6-րդ վեպը եւ երրորդը՝ Էրքյուլ Պուարոյի կերպարի մասնակցությամբ։ Վեպի հրատարակման պահին, ըստ Քրիստիի ժառանգությունն ուսումնասիրած մասնագետների, հեղինակը 36 տարեկան էր։ Սյուժեն հետեւյալն էր․ անգլիական Քինգս Էբոթ գյուղում մահանում է մի հարուստ այրի։ Շուտով տեղի մեծահարուստ Ռոջեր Էքրոյդը հաղորդում է իր բժիշկ Ջեյմս Շեփարդին, որ այրին սպանել է ամուսնուն, իսկ հետո էլ ինքնասպան եղել։ Սա՝ այն դեպքում, երբ Էքրոյդը պետք է ամուսնանար այրու հետ։ Շուտով մահացած են գտնում նաեւ Էքրոյդին։ Կասկածները տարածվում են Էքրոյդի շրջապատում եղած մի շարք անձանց վրա։

Շուտով բժիշկ Շեփարդը պարզում է, որ իր հարեւանությամբ բնակություն է հաստատել մի մասնավոր խուզարկու, որը քաշվել է գործերից եւ ցանկանում է գյուղում հանգիստ ապրել ու վայելել թոշակառուի իր վիճակը։ Խուզարկուն Էրքյուլ Պուարոն է։ Նա հանձն է առնում հետաքննել այդ սպանությունը։ Շեփարդն այս դեպքում փորձում է հանդես գալ որպես Պուարոյի օգնական, թեեւ Պուարոյին նվիրված վեպերում որպես օգնական հանդես է գալիս կապիտան Արթուր Հասթինգսը։ Ի վերջո պարզվում է, թե ով է մարդասպանը։ Սակայն Պուարոն ոչ թե բարձրաձայն հայտարարում է մարդասպանի անունը, այլեւ հասկացնում է մարդասպանին, որ ամեն բանից տեղյակ է ու թույլ է տալիս, որ վերջինս «լուծի իր հարցերը կյանքի հանդեպ»՝ դժբախտ պատահարի անվան ներքո, որպեսզի ցավ չպատճառի մարդասպանի քրոջը, որը վեպի յուրահատուկ կերպարներից է։ Մի շարք գրականագետներ, իհարկե, «Ռ․ Էքրոյդի սպանությունը» իդեալական վեպ չեն համարում եւ իրենց վերլուծություններում մանտնանշում են թերություններ, անհավանական զուգադիպություններ եւ այլն, սակայն, այս ամենով հանդերձ, այն շարունակում է մնալ «հարմարավետ դետեկտիվ», որը նախընտրելի կարող է համարվել երեկոյան ընթերցանության համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image