Հասարակություն

Ժամանակը գալու է

Ժամանակը գալու է

Մինչ նորանոր վտանգներ են կախվում մեր երկրի գլխին, եւ պատերազմն ընդհուպ մոտենում է մեր սահմաններին, ՀՀ իշխանությունները «թիթեռ են նկարում» եւ «մարտաֆիլմեր նկարահանում»: Տեւական շրջան նրանք զբաղված էին հոգեւորականներին հալածելով` արհամարհելով հայաստանյան հասարակության նեգատիվ վերաբերմունքն այդ ստոր գործընթացի նկատմամբ: Հետո որոշեցին թարմացնել քրեաիրավական մեթոդներով քաղաքական հակառակորդներին հալածելու գործիքակազմը. ընդդիմադիր պատգամավորների դեմ խորհրդարան միջնորդություններ տարան, կաթողիկոսին պաշտպանած Արթուր Վանեցյանի զինակիցներին ապօրինի զենքի կասկածանքով բերման ենթարկեցին, իսկ երեկ արդեն մի նախկին կարկառուն դեմքի` Հովիկ Աբրահամյանին հասան, որը վաղուց պոկվել էր ՀՀԿ-ից եւ փորձում էր ՔՊ-ին ու Փաշինյանին ծառայություններ մատուցելով` արեւի տակ մի փոքրիկ ոտատեղ ապահովել իր համար:

Եթե մեր երկրում դեռ կան միամիտներ, որոնք կարծում են, թե իրավապահ համակարգն անջատ է գործում, չի ենթարկվում վարչապետի հակասական ու հիստերիկ հրահանգներին, ապա, ինչպես ասում են, երանի նրանց, որ այս խառնակ ժամանակներում ապրում են` ինչպես բզեզն ալպիական մանուշակի մեջ: Բոլոր մյուսները հասկանում են, որ ԱԺ-ում Սեյրան Օհանյանի դղյակի մասին հայտարարությունը, կառավարության նիստում հնչած հոխորտանքը, թե «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», գլխավոր դատախազը, քննչականի ու հակակոռուպցիոնի ղեկավարները որպես ուղիղ հրահանգ են ընկալել եւ գործի անցել: Իհարկե, երբ ժամանակը գա, նրանք չեն կարողանալու «պլստալ», թե` վերեւից ենք հրահանգը ստացել, բայց քանի դեռ «ժամանակը չի եկել», այդ պաշտոնյաներին թվալու է, թե երբեք էլ չի գալու, եւ սրբորեն կատարելու են իրենց նշանակողի ամենաապօրինի ու ամենաանբարո հրահանգները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image