Հասարակություն

Ողբերգությունը մարդու կորուստն է

Ողբերգությունը մարդու կորուստն է

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ 20 տարուց ավելի՝ 2002-2003 թվականներից, երբ «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր էր եւ ոչ թե այսօրվա նման՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կցորդն ու սպասարկուն: Այն ժամանակ «Հանրապետությունն» իսկապես բազմամարդ կուսակցություն էր, այնտեղ էին հավաքվել Վազգեն Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ եւ համախոհներ` սկզբունքային եւ ազնիվ մարդիկ, ովքեր պայքարում էին ավելի արդար Հայաստան ստեղծելու գաղափարի համար: Այն ժամանակ Տիգրան Տեր-Մարգարյանը չափազանց երիտասարդ էր, ու ինձ թվում էր, որ նա ըմբոստ ու իր սկզբունքները պաշտպանելու վճռականություն ունեցող մեկն է: Այն ժամանակվա իշխանությունների կողմից իրականացվող ոստիկանական տեռորի դեմ պայքարի առաջամարտիկներից էր, հանրահավաքների եւ երթերի առաջնագծում: Թվում էր, թե նա եւս պայքարում է հանուն այնպիսի իշխանություն ունենալու, որը ոչ թե կբռնանա մարդկանց ազատությունների եւ իրավունքների վրա՝ ճնշելով ցանկացած այլախոհություն կամ դրա ամենաչնչին դրսեւորում, այլ կլինի ճնշվածի, անարդարության զոհի կողքին:

Պարզվեց, որ նա եւ իր կուսակցության նախագահն իշխանություն են ուզում ոչ թե ավելի արդար Հայաստան կառուցելու համար, այլ որ իրենք լինեն ոչ թե ճնշման եւ բռնության զոհը, այլ ընդհակառակը` ճնշողն ու բռնացողը:
Ժամանակի ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունը մաղվեց. դրա անդամների մի մասը հասկացավ, թե ով է իրականում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ նա, խոսելով Վազգեն Սարգսյանի գաղափարներն ու նպատակները կյանքի կոչելու մասին, իրականում վարում է ճիշտ հակառակ քաղաքականություն`ամեն գնով կառչել որեւէ իշխանությունից, ստանալով այդ իշխանությունից օգտվելու եւ այդ իշխանությունը սեփական բարեկեցությանը ծառայեցնելու հնարավորություն: Կուսակցության անդամներից ոմանք անցած 20-25 տարիներին մահացան կամ հեռացան, կուսակցությունում մնացին Արամ Սարգսյանի, Տիգրան Տեր-Մարգարյանի, Անի Խաչատրյանի տիպի պրիմիտիվ դեմագոգներ, բռնարարներ եւ լաչառներ:

Ողբերգությունն այն չէ, որ Տիգրան Տեր-Մարգարյանը խեղաթյուրում է հայ տղամարդու կերպարը` երբ խմբակային հաշվեհարդար կազմակերպելով Արթուր Չախոյանի նկատմամբ, հայտարարում է, որ ինքն իրեն պահել է «նորմալ հայ տղամարդու պես», որովհետեւ հարց է առաջանում․ եթե հայ տղամարդու իրենց համար ընդունելի կերպարը մարդ ծեծողն է, ինչո՞ւ ինքն ու Արամ Սարգսյանն իրենց նորմալ հայ տղամարդու պես չէին պահում ընդդիմադիր եղած ժամանակ, երբ կանանց եւ երեխաներին թողնելով փողոցներում՝ փախչում էին` ոստիկանական հետապնդումներին զոհ չգնալու համար: Թե՞ միայն իշխանություն ունենալու դեպքում է իրենց տղամարդկությունը դրսեւորվում, իսկ ընդդիմություն եղած ժամանակ այն անհետանում է:  Բայց, ինչպես հայտնի է, Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն «նորմալ հայ տղամարդ է», այլեւ՝ եվրաարժեքների կրող, դրանց անմնացորդ նվիրյալ, եւ Նոր Նորքի թաղապետարանում դրսեւորած նրա վարքը եւս եվրաարժեքներին նրա անմնացորդ հավատարմության դրսեւորում էր:

Ողբերգությունն այլ տեղ է. դա հավատի կորուստն է ցանկացած պայքարող, ընդդիմադիր գործչի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի Տիգրան Տեր-Մարգարյանի եւ նմանների օրինակով՝ հասարակության մեջ կորչում է հավատն ընդդիմության, ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Մարդիկ սկսում են մտածել, որ նրանք ազնիվ ու սկզբունքային են միայն այն ժամանակ, երբ ընդդիմություն են, իսկ երբ հայտնվում են իշխանության ղեկին, դառնում են իսկական բռնապետեր եւ ջարդարարներ: Մարդիկ սկսում են կասկածանքով վերաբերվել նաեւ այլ ընդդիմադիրների, որոնց մեջ կարող են լինել իսկապես ազնիվ եւ սկզբունքային մարդիկ:

«Ոսկե հորթի» հերոսներից սովետական ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոն հարցնում էր Բենդերին, թե ինչու է նա իրենից մեկ միլիոն ռուբլի պահանջում՝ իր դեմ հավաքած կոմպրոմատների փաթեթը չհրապարակայնացնելու եւ իրավապահներին չհանձնելու դիմաց: Բենդերը պատասխանում է, որ, ծանոթանալով Կորեյկոյի գործունեությանը, ինքը կորցրել է հավատը մարդկության նկատմամբ, եւ հռետորական հարց է տալիս. «Մի՞թե հավատը մարդկության նկատմամբ չարժի մեկ միլիոն ռուբլի»: Կորեյկոն համաձայնում է նրա հետ: 

Յուրաքանչյուր անգամ, երբ հերթական «հերոսը» վերածվում է հակահերոսի, հազարավոր մարդկանց մոտ կորչում է հավատը մարդու եւ մարդկայնության նկատմամբ: Ցավոք, այդ հավատը հնարավոր չէ գնահատել եւ որեւէ կերպ փոխհատուցել կամ վերականգնել: 

Ողբերգությունն այն չէ, որ Տիգրան Տեր-Մարգարյանը ոհմակով հարձակվեց եւ ծեծի ենթարկեց Արթուր Չախոյանին, ողբերգությունն այն է, որ նախկինում ազնիվ ու սկզբունքային մարդու համարում ունեցողը դարձավ ջարդարար ու բռնարար: Արթուր Չախոյանին հասցված ֆիզիկական եւ մարմնական վնասվածքները կվերականգնվեն, բայց Տիգրան Տեր-Մարգարյանն այլեւս երբեք մարդ չի դառնա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image