Սկսենք ՀՀ իշխանությունների եւ նրանց անմիջական առաջնորդի՝ մոտ մեկ դյուժին հոգեւորականների ամենասարսափելի ձեւով «քցելուց»: Ինչից սկսվեց դա: Պրոցեսը գնաց այն բանից հետո, երբ հակաեկեղեցական շարժման ռահվիրան, տեսնելով իր «ուղտերթերի» խայտառակ պատկերը, հայտարարեց, թե սրանից հետո իր ֆեյսբուքյան տնամերձում նախապես չի հայտնելու, թե որ եկեղեցում է պիղծ պատարագի արարողություն կատարելու: Սա բաց տեքստով նախազգուշացում էր ինչպես տիրադավ սքեմավորներին, այնպես էլ սրանց ազդեցության շրջանակներին ու աղանդավորությանը: «Գլխավոր հովիվն» իր հագեւոր քյանդրբազության ֆիասկոն պատրաստվում էր բարդել «հարիֆների» վրա, որոնք այդպես էլ չկարողացան սրբապատշաճ ֆոն ապահովել ո՛չ իր՝ որպես շարժման առաջնորդի, ո՛չ էլ իր մասնակցությամբ «պատարագների» համար: Մարդ չէր գալիս՝ դա դեռ հարցի մի կողմն է: Հարցի մյուս՝ առավել կարեւոր կողմը բովանդակայինն էր, որ տիրադավների փողասիրության, կենցաղային անմաքրության եւ տգիտության պատճառով այդպես էլ մնաց չլուսաբանված: Կարճ ասած՝ քյանդրբազությունը չկպավ: Է՛լ եկեղեցու բարենորոգման հանձնախումբ, է՛լ ճանապարհային քարտեզ, է՛լ քաղաքական ֆինտուֆլյուշկաներ… Ոչինչ այլեւս փրկել չէր կարող վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպված հավատուրացության շքերթը:
Թույլ տվեք մի փոքր շեղվել այս ծանր թեմայից եւ տեղափոխվել Լեւոն Տեր-Պետրոսյանի «երկրորդ գալստյան» տարիները… Հիշում եմ, Ազատության հրապարակում նա «անժամկետ» հանրահավաքների շարք էր սկսել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ Սերժ Սարգսյանն իր հերթին վերցրել ու փակել էր Օպերայի տարածքի բոլոր զուգարանները: Տեր-Պետրոսյանը զգում էր, որ ֆիասկոն մոտ է, եւ դիմեց Սերժ Սարգսյանին՝ Սերժ, քեզ եմ ասում, բացիր զուգարանները… Փաստը կա, ես ոչինչ չեմ ավելացնում: Բայց ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն այդպիսի անսովոր «խնդրանքով» դիմեց Սերժ Սարգսյանին, ի՞նչ էր պատահել: Մենք դա ավելի ուշ իմացանք: Տեր-Պետրոսյանին պատրվակ էր պետք՝ դադարեցնելու հանրահավաքները, որոնք օրեցօր ավելի սակավամարդ էին դառնում: Պատճառը, իհարկե, փակ զուգարանները չէին: Ֆիասկո էր ապրում առաջին նախագահի սկսած շարժումը, որից նրան պետք էր տարանջատվել: Եվ առաջին նախագահը հնարը գտավ՝ նա մեղադրեց ցուցարարներին, որոնք այլեւս քիչ էին, եւ հայտարարեց, որ ինքն այդ պայմաններում «չի կարող աշխատել»: Վերջ, այդպես էլ թողեց ու գնաց տուն:
Քաղաքական ֆիասկոներից գլուխը պրծացնելն անգամներով ավելի հեշտ է, քան հոգեւոր ֆիասկոյից: Բայց պատահաբար, առանց որեւէ քաղաքական հիմնավորման իշխանության հասած մարդուն որտեղի՞ց այսպիսի հետահայացություն ու խոհեմություն, որ չանի բաներ, որոնք ո՛չ իր հագով են, ո՛չ իրեն հարիր, ո՛չ էլ, առհասարակ՝ իրագործելի: Տեսավ՝ խայտառակվում է… Հիմա ուզում է «զադնի դնել», բայց պրոցեսն իրեն չի ենթարկվում, իր հունով առաջ է գնում, սպառնում՝ իրեն էլ հետը տանել գրողի ծոցը: Եկեղեցին, պարզվեց, այնքան օյիններ ունի իր իշխանության գլխին խաղալու, որոնց մասին ինքը պատկերացում չի ունեցել՝ սկսած 1975թ. հունիսի 1-ից, իր ծնված օրվանից: Իրեն թվում էր, որ եթե «ՀՀ վարչապետ» բառակապակցությունը դնի «բարենորոգության» հանձնաժողովի գլխին, փառաբանի տիրադավ եպիսկոպոսին ու վարչապետական հատուկ կոնդակով թեմակալ առաջնորդ հռչակի, կաթողիկոսը, կարող է պատահի, հեռանա Վեհարանից: Չես էլ կարողանում ասել՝ տո այ դմբո, քեզ պե՞տք էր մատդ մտցնել կրետի բույնը, ուրիշ գործ չունեի՞ր: Լա՞վ է, որ հիմա մի ողջ ազգ հենց քեզ է մեղադրում՝ է՛լ Հազկերտ, է՛լ Նյուսալավուրտ անվանելով: Դե արի եւ ինչպես այս «հոգեւոր» էշը կոխել ես ցեխը, այնպես էլ հանիր: Ինչո՞ւ ես անտեր թողել հետեւդ գցած «հոգեւորականներին», ինչո՞ւ քո փառահեղ ստորագրությունը չես դրել նրանց վերջին հայտարարության տակ, որով պահանջում են չեղարկել արտերկրում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը: Վախեցե՞լ ես, պատշաճ չե՞ս համարել, թե՞ հասկացել ես, որ դա ոչինչ չի փոխելու ստեղծված իրավիճակում: Քեզ լավ ճանաչելով՝ զգում եմ, որ ուզում ես թռնել: Ի՞նչ կա որ, հանուն Հայաստանի Հանրապետության ամեն ինչ էլ կարելի է անել: Ջեյմս Բոնդը, օրինակ, ամեն անգամ երբ արթնանում էր հերթական գեղեցկուհու անկողնում, խաչակնքվում էր ու ինքն իրեն հանգստացնում՝ ինչե՜ր չես անի հանուն Մեծ Բրիտանիայի միապետի: Դու ինչո՞վ ես պակաս այդ լեգենդար հետախույզից: Թռիր, փրկվիր այս հոգեւոր լաբիրինթոսից: Եղածը մի դյուժին սքեմավոր չի՞…
Այս ընթացքում քչերի՞ն ես «քցել» «հանուն Հայաստանի Հանրապետության»: Իսկ եթե տիրադավներն էլ ըմբոստանան քո դեմ, ոչ մի խնդիր չի առաջանա: Մեկից «Բենթլին» կխլես, մյուսից՝ քո տված թեմակալ առաջնորդի պաշտոնը, երրորդի դեմ կոմպրոմատներ շաղ կտաս… Ի՞նչ է պատահել որ: