Նիկոլական խունտայի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը զբաղված է հայ հասարակությանը թուրքական եւ ադրբեջանական հպատակությունն ընդունելու անխուսափելիության քարոզչությամբ: Դանիել Իոաննիսյանը պատահական մեկը չէ, նա Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը վերաձեւակերպողներից է, մեկը նրանցից, որի միջոցով Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության տեքստից պետք է հանի Անկախության հռչակագրի հղումը, ինչը փաստացի նշանակելու է հրաժարում անկախությունից եւ ադրբեջանական հպատակության ճանաչում: Հիմա պետք է այնպիսի քարոզչական ֆոն ապահովել, որ հայ հասարակությունը մտածի, որ Ադրբեջանին հպատակվելու այլընտրանք չկա, մենք անպաշտպան ենք, մեզ կկոտորեն:
Երկու օր անընդմեջ Իոաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է Ռուսաստանի եւ ռուսական իշխանությունների ձախողման, սեփական երկիրը պաշտպանելու անկարողության մասին: «Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերամշակող գործարանը վառվում է, բազմաթիվ խոցումներ կան։ Թե բա՝ «անվտանգության երաշխավոր»... Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունն ապահովի»,- Ուկրաինայի կողմից Ռուսաստանի մայրաքաղաքի վրա հարձակումների օրերին գրում է Իոաննիսյանը: Մի հատված էլ՝ հաջորդ գրառումից. «Երեւանում որոշները աջ ու ձախ պնդում են, որ Ռուսաստանը պետք է մեզ ինչ-որ մեկից պաշտպանի, բայց մեկը լինի` Ռուսաստանին պաշտպանի։ Ուրեմն Ռուսաստանն արդեն 12 տարի է, ինչ օկուպացրել է 2,5 միլիոն բնակչությամբ Ղրիմի թերակղզին։ Պուտինի հպարտությունն էր դա։ Բայց հիմա ուկրաինացիք կարողացել են հեռահար հարվածներով կտրել Ղրիմ վառելիքի մուտքը թե՛ ցամաքով եւ թե՛ ծովով։ Պատկերացնո՞ւմ եք, «ուժեղ տղա» Վլադիմիր Պուտինը չի կարողանում ապահովի, որ իր հպարտությունը հանդիսացող Ղրիմի 2,5 միլիոն բնակիչները բենզին ու դիզվառելիք ունենան։ Որքան էլ տարբեր ЛОМ-եր գոռան, որ Ռուսաստանն ուժեղ է, արդեն ակնհայտ է դառնում, որ ոչ, արդեն էլ ուժեղ չի»։
Իսկ ո՞վ է այդքան ուժեղ, որ կարող է երաշխավորել իր դաշնակիցների անվտանգությունը, չլինի՞ Միացյալ Նահանգները, որի մերձավորարեւելյան դաշնակիցներ Կատարը, Բահրեյնը, Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան ենթարկվում էին Իրանի հրթիռային հարվածներին միայն այն պատճառով, որ թույլ էին տվել իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաներ կառուցել, եւ այդ ռազմաբազաներն օգտագործվում էին Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար: Իրանն այդ երկրների եւ դրանց քաղաքացիների դեմ թշնամանք չուներ, բայց այդ երկրները, դրանց ենթակառուցվածքները ենթարկվում էին հարձակման միայն այն պատճառով, որ ամերիկյան վասալներ են: Ավելին, երբ Իրանը հրթիռակոծում էր Բահրեյնի ամերիկյան բազաները, տեղի բնակչությունը դա ընդունում էր ցնծությամբ, փողոց էին դուրս գալիս՝ չթաքցնելով իրենց ոգեւորությունը, քանի որ խոցվում էին թշնամի եւ նվաճող ԱՄՆ-ի բազաները: Դրա մասին Իոաննիսյանը, բնականաբար, որեւէ բառ չգրեց, ամերիկյան ուժն ու հզորությունը կասկածի տակ դնելն արգելված է:
Հիմա վերադառնանք Ռուսաստանի թույլ լինելու եւ իրեն պաշտպանել չկարողանալու թեզին: Ո՞րն է դրա անընդմեջ տարածման նպատակը: Հայաստանը եւ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը Ռուսաստանը եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը համարել են Հայաստանի անվտանգության երաշխիք Թուրքիայից, իսկ 2020 թվականի պարտությունից հետո` նաեւ Ադրբեջանից եկող սպառնալիքից: Համարվել է, որ Հայաստանն այդքան ուժ եւ կարողություն չունի՝ սեփական ուժերով պաշտպանելու իր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ Ռուսաստանը, լինելով ատոմային տերություն եւ ունենալով աշխարհի ուժեղ բանակներից մեկը, կարող է լինել անվտանգության երաշխավոր:
Հիմա, երբ ասվում է, որ Ռուսաստանը ռազմական առումով այնքան թույլ է, որ չի կարողանում պաշտպանել նույնիսկ իր մայրաքաղաքը կամ Ղրիմը, դրանով հայ հասարակությանը մի ուղերձ է հղվում` թույլ Ռուսաստանը չի կարող մեզ պաշտպանել Թուրքիայից եւ Ադրբեջանից: Իսկ ի՞նչ անել նման պայմաններում, երբ մեզ պաշտպանող չկա, իհարկե, խելոք ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներին, որպեսզի նրանց առիթ չտանք՝ հարձակվելու եւ ոչնչացնելու Հայաստանը: Այնպես որ, եթե Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանում իշխանությունը գտնվի ՔՊ-ական խունտայի ձեռքին, պետք է համակերպվել, փոխել սահմանադրությունը եւ հրաժարվել Անկախության հռչակագրից, եթե միջանցք են ուզում, պետք է ասել` խնդրեմ, եթե պահանջում են, որ 300 հազար ադրբեջանցի գան ու բնակվեն Հայաստանում, պետք է խելոք համաձայնել, եթե Թուրքիան պահանջում է հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից, պետք է հայտարարել, որ ցեղասպանության մեղավորը Ռուսաստանն է ու մի քիչ էլ՝ մենք, որ միամտաբար եւ հիմարաբար ըմբոստացել ենք մեր թուրք տերերի դեմ, Արարատն էլ մի քանի հազարամյակ թուրքական լեռ է եղել, մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք:
Երբ ԱՄՆ-ն կամ հավաքական Արեւմուտքն ուզում է Ռուսաստանի պարտությունը, դա իր բացատրությունն ունի, այդ պարտությունը հնարավորություն է տալու տիրանալ Ռուսաստանի տարածքին եւ հանքահումքային ռեսուրսներին ու անխնա շահագործել այդ հարստությունները, բայց երբ ադրբեջանական վասալի կարգավիճակ ունեցող հայաստանյան խունտայի ներկայացուցիչներն են դրա վրա ուրախանում, մի քիչ անհասկանալի է` այդ թալանից ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն ձեզ բաժին չեն հանելու: Չնայած մի բացատրություն այնուամենայնիվ կա. Ռուսաստանի հաղթանակը հավաքական Արեւմուտքի նկատմամբ, վտանգելու է խունտայի գոյությունը: