Վերլուծություն

Մուկուչյանն անմեղ երեխա էր Վահագնի կողքին․․․

Մուկուչյանն անմեղ երեխա էր Վահագնի կողքին․․․

Հայաստանի գլխին գալովի են ԿԸՀ նախագահները։ Հիշո՞ւմ եք՝ 2013 թվականին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մի անեկդոտ պատմեց Տիգրան Մուկուչյանի մասին։ Ըստ այդ անեկդոտի՝ Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին խնդրում է աջակցել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Սարգսյանն էլ ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Օբաման զանգահարում է ու ասում. «Քո արածն արա՞ծ է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել»։

Այն ժամանակ դա ներկայացվում էր որպես քաղաքական սատիրա։ Այսօր, սակայն, տպավորություն է, որ Փաշինյանն այդ պատմությունը ոչ թե որպես անեկդոտ էր պատմում, այլ որպես կադրային պահանջագիր։ Արդյունքում Մուկուչյանից էլ ավելի «պրոֆեսիոնալ» ԿԸՀ նախագահ գտավ՝ իր ծոցից ելած, իր նման։ Այնպիսի մեկը, որի կազմակերպած ընտրություններով տեսականորեն նույնիսկ Ալիևը կարող էր հաղթել, բայց բախտներս բերել է, որ այդ հարցը դեռ վիճարկվում է։ Պետք լինի՝ Ծառուկյանի ողջ թիմը կձերբակալվի, միայն թե որևէ խոչընդոտ չլինի ալիևյան ծրագրերի ճանապարհին։

Վահագն Հովակիմյանը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դպրոցի լավագույն սաներից է։ Նույն լրագրողական անցյալը, նույն «Հայկական ժամանակը», նույն քաղաքական կենսագրությունը։ Ժամանակին հեռացվել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետից, հետո իրավաբանություն է ավարտել Մովսես Խորենացու անվան համալսարանի հեռակա բաժնում և անմիջապես հայտնվել Փաշինյանի քաղաքական ուղեծրում։ «Օրագրից» ու «Հայկական ժամանակից» հասել է Երևանի ավագանի, ապա պատգամավոր, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։

Հիմա այս մարդուց ի՞նչ եք ուզում։ Ուղն ու ծուծով նիկոլական պաշտոնյայից ի՞նչ անկախություն կամ անաչառություն եք ակնկալում։ Մարդ, որի ամբողջ քաղաքական և պաշտոնեական կենսագրությունը կապված է մեկ անձի և մեկ քաղաքական ուժի հետ, այսօր ներկայացվում է որպես ընտրական գործընթացների գլխավոր երաշխավոր։

Լավ կլինի՝ Փաշինյանը մի նոր անեկդոտ էլ պատմի։ Օրինակ՝ այս անգամ Թրամփը զանգահարի «այն մյուս տղային» , ասել է թե, իրեն ու ասի. « Քո արածն արա՞ծ է։ Այդ ո՞նց արիր, որ հիանալի տղան անցավ»։ Իսկ «մյուս տղայի» պատասխանն էլ կարող է լինել. «Սա դեռ ոչինչ է, սպասի՛ր՝ ձերբակալություններին ու հաջորդ ընտրություններին»։
Մի բան ակնհայտ է. Մուկուչյանն իրականում անմեղ երեխա էր Վահագն Հովակիմյանի կողքին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image