Հասարակություն

Եվ կրկին՝ ծուռ հայելիների աշխարհում

Եվ կրկին՝ ծուռ հայելիների աշխարհում

Նախկինների օրոք անվտանգ մեր կեցությունը մերժելիս չգիտեինք, որ հնարավոր է ընդամենը թղթի վրա գծված, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկի» շրջանակում պետության անվտանգային սպառնալիքները ներկայացվեն որպես «բարենպաստ և հեռանկարային փուլում» գտնվելու հանգամանք: Որ մեր պետության ողնաշար համարվող Սյունիքը գրավելուն՝ հարևան Իրանի կողմից խոչընդոտելու ժամանակահատվածը պետության ոչ բարով ղեկավարի կողմից կարող է բնորոշվել որպես «եզակի պահ, երբ իրական հնարավորություն է ստեղծվել ապահովելու Հայաստանի պետության կայունությունը և զարգացումը գալիք հարյուրամյակների ընթացքում»: Ինչը վկայում է, թե անցյալում որքան բոբիկ ու միամիտ էինք քաղաքական առումով: Ու, ինչն ավելի տհաճ է, դեռ այդպիսին է հասարակության մեծ մի հատվածը, որը շարունակում է ականջը կախ լսել այն ամենը, ինչ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի և նրա քաղաքացիական կնոջ կողմից ներկայացվում է որպես խաղաղության և նորաձև կրթության ապահովում:

Մենք կանգնած ենք ոչ թե «երբևէ չտեսած հնարավորությունների», այլ պետականությունը կորցնելու վտանգի առջև: Եվ, իսկապես, սա կարող է լինել պատմական շանս մեր երկրի համար, եթե կարողանանք վարչապետի աթոռից պոկել դրան սոսնձված անձին: Ով հանուն սեփական իշխանության երկարաձգման պատրաստ է զոհելու Հայաստանը    ՝ լինի այն պատմական ու թե իրական: Եվ այդ զոհաբերությունը ներկայացնելու որպես քաղաքական, տնտեսական և կամ անվտանգության ոլորտներում «աննախադեպ հնարավորությունների» ձեռքբերում: Մի հարցում, սակայն, ես կիսահամաձայն եմ այդ անձի հետ. նրա վարչապետության օրոք և շնորհիվ «մենք անցել ենք դժոխային ճանապարհով»: Բայց այն դեռևս ավարտի նշաններ չի ցուցաբերում, քանի որ կախված է վերջինիս, որպես վարչապետի, գոյությունից: Եվ կարող է ավարտվել միայն դրա հետ միասին: Համաձայն եմ նաև մեկ այլ հարցում. ապագան, իսկապես, նախագիծ է կամ ավելի ճիշտ՝ գրագետ հաշվարկված ու մշակված ծրագիր: Նման բան ունենալու դեպքում մենք կարող ենք արդարանալ, որ իզուր չէին Նիկոլի վարչապետությամբ այդ դժոխային տարիները:

Եվ որքան արագ մենք կարողանանք համախմբվել ադեկվատ ու գիտակից անձանցով, այնքան ավելի արագ կկարողանանք պաշտոնից հեռացնել դրան կառչած անձին: Դրա համար, նախ, անհրաժեշտ 100 տոկոսանոց ինքնանվիրում և, երկրորդ, իշխանության տենչանքի զրոյացում: Միայն այդ դեպքում է հնարավոր հանուն հայրենիքի ինքնազոհություն կատարելը: Իսկ եթե շարունակենք իրար գզելն ու միս ուտելը՝ հաստատ լավություն կանենք ազգակործասն պատուհասին և ոչ թե ամեն մեկս մեզ: Ինչը նշանակում է, որ ինչպիսի գործողություն էլ ընդդիմության կողմից նախաձեռնվի՝ մեջտեղից պետք է դուրս գա «մերն» ու «ձերը»: Եվ ամեն ինչ արվի, որպեսզի այդ երկուսը հանդես գան որպես միատարր «մենք»: Կկարողանանք հասնել դրան՝ կկարողանանք նաև աթոռից պոկել դրան սոսնձված անձին: Չկարողանանք՝ հաջորդ հնգամյա ժամանակահատվածում կփորձենք պարզել, թե ով էր ճիշտ և ով սխալ: Եթե, իհարկե, մեր թշնամին հինգ տարի ևս հնարավորություն տա մեզ ապրելու որպես մեկ ամբողջություն՝ թեկուզ ներսից բզկտված:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image