Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության շուտափույթ հաստատմամբ՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծանր եւ շատ պատասխանատու գործընթաց է։ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է շուտ հաստատվի կայուն խաղաղություն։ Միեւնույն ժամանակ, հնարավոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որեւէ մեկի «դառը համի» զգացողության»,- ասել է ռուս դիվանագետը: Նա նշել է, որ «Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետեւելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն եւ տառին։ Նման օգնության ձեւերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությունից հետո Կոպիրկինը, փաստորեն, կրկնել է Մոսկվայի թեզը՝ «Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղությունը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ՝ եռակողմ համաձայնագրերի շրջանակներում»։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ ապագայում խաղաղության հասնելու անհնարինության մասին ՌԴ ԱԳ նախարարը բարձրաձայնել էր նոյեմբերի սկզբին: Դա՝ այն դեպքում, երբ Երեւանում եւ Բաքվում հայտարարություններ հնչեցին, թե համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսի շուրջ, ասել է թե՝ բանակցային փուլում աշխուժացում է արձանագրվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցում որոշ փակագծեր բացեց եւ ասաց, թե երբ է ընտրվելու սահմանազատման հաջորդ հատվածը, որ դեպքում հայ-ադրբեջանական սահմանից կհեռանա ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւ այլն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին հայտարարեց, թե Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից՝ COP-29-ից հետո, հաստատելով, որ շարունակում են հակված մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններին, քանի որ, ըստ նրա, դրանք առավել արդյունավետ են:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Մոսկվան «ողջունում է» հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը, սակայն «հաշվի առնելով երկու կողմերի երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները եւ զոհերը՝ Մոսկվան հասկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դժվարություններ կունենան կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում»: Ըստ Լավրովի, «այս ամենը (խաղաղության հասնելը) պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլեւ՝ ժամանակ»։ Այսինքն՝ Կրեմլն ակնարկում է, որ չի ցանկանում տեսնել կողմերի միջեւ ուղիղ բանակցություններ, որոնք տեղի կունենան Արեւմուտքի ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, ավելին՝ դա ընկալում է որպես «սպառնալիք իր շահերին»։ «Ռուսաստանին Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու՝ հավաքական Արեւմուտքի փորձերը միայն ուժեղացնում են անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում»,- շեշտել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը՝ որոշակիացնելով Մոսկվայի ակնկալիքները։
Ի դեպ, նույն հարցազրույցում Սերգեյ Կոպիրկինն ակնարկեց նաեւ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում. «Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, ներառյալ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, իրական այլընտրանք չկա։ Ռուսաստանը շարունակում է ամբողջ ծավալով կատարել Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները»:
Փաստորեն, Ռուսաստանի դիվանագիտական կորպուստը, զարգացնելով հավաքական Կրեմլի թեզը, մի կողմից խոստանում է պատշաճորեն դաշնակցել Հայաստանի հետ, մյուս կողմից՝ շահարկում կամ գերագնահատում է իր դերը Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու հարցում: Հատկանշական է, որ այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել ենք։ Այս աղմկահարույց հայտարարությանն արձագանքեցին Կրեմլից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում, ընդհակառակը՝ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
Առայժմ միանշանակ չի կարելի պնդել, թե որքանով է Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը ձեռնտու առաջին հերթին Հայաստանի համար: Բացառված չէ, սակայն, որ հապճեպ որոշումից խուսափելը, իրապես, բխում է մեր երկրի ազգային անվտանգային շահերից, մանավանդ՝ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել եւ նորանոր պահանջներ դնել փաշինյանական ռեժիմի առջեւ: Իսկ Մոսկվայի միջամտությունը կարող է իսկապես տեղին եւ ժամանակին լինել, եթե ոչ՝ հուսալի «փրկօղակ»՝ հերթական կապիտուլյացիոն ակտից խուսափելու համար՝ թեկուզ ՌԴ-ի ձեռքով «թեժ կրակից շագանակներ հանելու» միջոցով: