Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սոչիում տեղի ունեցած բանակցությունները թեեւ ռուսական կողմի հայտարարությամբ «եղել են չափազանց կառուցողական», եւ կողմերը «համապատասխանեցրել են իրենց ժամացույցները», սակայն ասել, թե դրանք արդյունավետ են եղել, սխալ կլինի։ Գոնե հանրային լայն շրջանակների համար նախատեսված հայտարարությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ, բնականաբար, ինչ-որ պայմանավորվածություններ փակ դռների հետեւում կայացվել են, սակայն կոնկրետ որոշումների կայացում, որպես այդպիսին, չի եղել։
Ամենայն հավանականությամբ, պարզապես ուղենշվել են հետագա աշխատանքի տեմպն ու գրաֆիկը։ Սա Էրդողանի համար «դիվանագիտական դիվիդենտներ» ապահովող «պարտիա» համարել չի կարելի, թեեւ Անկարան ամեն բան արեց, որպեսզի Սոչիի հանդիպմանն ընդառաջ ստեղծեր ինտրիգային մթնոլորտ` այդ բանակցությունների եւ դրանց արդյունքների առնչությամբ։
Մասնավորապես, թուրքական Milliyet-ը գրեց, որ Սոչիում Էրդողանը ներկայացնելու է իր պլանը, որոնցում այնպիսի առաջարկներ են լինելու, որոնցից Մոսկվան դժվար թե հրաժարվի եւ, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «հացահատիկային գործարքին»։ «Էրդողանի պլանը», կարելի է ասել, չանցավ Մոսկվայում։ Մոսկվան էլ իր, այսպես ասած, «կոնտրխաղն» էր մշակել Էրդողանի համար։ Եվ պատահական չէ, որ Պուտինը խոսեց նաեւ սիրիական հարցի մասին, որում որոշ դրվագներ չափազանց զգայուն թեմա են Անկարայի համար։ Միջազգային մակարդակում Էրդողանը, այսպես ասած, «ամոթով մնաց», եւ այս առումով պատահական չպիտի համարել Hürriyet-ի՝ Սոչիի հանդիպմանը եւ դրա ընթացքում Էրդողանի եւ Պուտինի հայտարարություններին տրված գնահատականը, թե «դա ամենեւին էլ այն չէր, ինչի հույսն ուներ Անկարան»։
Արդյունքում միակ բանը, որ թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան, ի վերջո, հասան Սոչիի հանդիպմանը, երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերն էին։ Իսկ մյուս հարցերը, ներառյալ նաեւ «հացահատիկային գործարքի» հետ կապված հարցը, ըստ ամենայնի, տեղափոխվեց երկրորդ կամ երրորդ պլան, եւ միակ ձեռքբերումը երկկողմ առեւտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու պատրաստակամությունն էր։