Գուցե այն պատճառով, որ Հաննովեր անունն է գեղեցիկ հնչում, գուցե՝ որովհետեւ Հաննովերի նոր քաղաքապետարանի հայտնի շենքի՝ New Rathaus-ի նկարներն էին տպավորել, գուցե Հաննովերի պալատական պարտեզները տեսնելու ցանկությունն էր, ամեն դեպքում՝ Հաննովերը միշտ եղել է Գերմանիայի այն քաղաքների թվում, որ ցանկացել եմ տեսնել։ Այն Գերմանիայի Lower Saxony (Ցածրադիր Սաքսոնիա) երկրամասի մայրաքաղաքն է։ Ունի կես միլիոնից ավելի բնակչություն, իսկ metroapolitan area-ի (տարածքը, որտեղ կանգառներ ունի եւ հասնում է քաղաքային մետրոն) բնակչությունը, իհարկե, ավելի մեծ է՝ շուրջ 770 հազար։ Տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը, զարգացած է այնքան, որ կես միլիոն բնակչությամբ Հաննովեր քաղաքի ՀՆԱ ցուցանիշը հասնում է 26-27 միլիարդի։ Ամենահայտնի ապրանքանիշն աշխարհում, որ ասոցացվում է Հաննովերի հետ, երեւի Volkswagen-ն է, քաղաքում է գտնվում այդ ավտոմոբիլային ընկերության մի քանի գործարան։ Եվ Հաննովերում է գտնվում Լայբնիցի համալսարանը։
Վերը թվարկված եւ այլ հանրագիտարանային տվյալներից այն կողմ, որ ամենքին եւ ամենուր հասանելի են համացանցից, Հաննովերի մասին ես երկու ուշագրավ տեղեկություն իմացա միայն այնտեղ գտնվելուց հետո։ Եվ դա ինձ հիշեցրեց Շեքսպիրի մասին Stratford-upon-Avon-ում «հայտնագործածը»։ Որքան էլ Շեքսպիրը հանրահայտ է, ես էլ անգլիական թեքումով դպրոց եմ ավարտել, English Literature եմ անցել, ԵՊՀ-ում էլ Համաշխարհային գրականություն եւ այլն, միեւնույն է՝ միայն Մեծ Բրիտանիայում Շեքսպիրի ծննդավայր՝ Stratford-upon-Avon այցելելուց, այն տանը լինելուց հետո, որտեղ Շեքսպիրն է ապրել (ի դեպ, Շեքսպիրը նաեւ մահկանացուն է կնքել իր ծննդավայրում, եւ շիրիմը գտնվում է Stratford-upon-Avon-ի եկեղեցում), իմացա, որ գրականությանը եւ թատրոնին զուգահեռ, Շեքսպիրը զբաղվել է եւ կյանքի իր ապրուստը վաստակել է կաշվե ձեռնոցներ կարելով։ Անգամ Stratford-upon-Avon-ի Կաշեգործների գիլդան է ղեկավարել երկար տարիներ։ Ահա այդպես․ մինչ իր ստեղծած գրական հերոսները “Be or not to be“ էքզիստենցիալ դիլեմայի հատակն էին սուզվում, Շեքսպիրն իրական կյանքում շատ էլ գործնական ու նյութական խնդիրներ էր լուծում։
Հիմա՝ Հաննովերում։ Որքան էլ ես Մեծ Բրիտանիայի պատմություն եմ անցել, գիտեմ Բրիտանական կայսրություն, Վիկտորյան դարաշրջան, Դիզրայելի, Գլադսթոն, մի քանի անգամ եմ եղել Լոնդոնում, Լորդերի պալատում, անգամ շրջել եմ Բուքինհեմյան պալատի սրահներում, միեւնույն է՝ երբեւէ չէի լսել եւ չգիտեի, որ Բրիտանական կայսրության ծաղկման ու հզորության ողջ շրջանում, այսինքն՝ Վիկտորյան դարաշրջանում եւ Վիկտորիա թագուհուց էլ առաջ (ավելի ստույգ՝ 1701-ից մինչեւ 1901թթ․) Բրիտանական կայսրության գահակալները եղել են Հաննովերյան արքայատնից։ Դա իմացա միայն Հաննովերում, Herrenհausen Palace այցելելուց հետո, որը 1600-ականներից Հաննովերյան արքայատան (Hanover Royal House) ամառային պալատն է եղել։ Այդտեղ իմացա, որ արքայատան գահակալները նստում էին Լոնդոնում, իսկ Հաննովերում նստում էր արքայական ընտանիքի կրտսեր անդամներից մեկը։ Վերջիններիս հիմնական նստավայրը Leine Palace-ն է եղել, որը գտնվում է Հաննովերի կենտրոնում, Լեյն կոչվող գետի ափին եւ ներկայում ծառայում է որպես Գերմանիայի Lower Saxony երկրամասի խորհրդարանի նստավայր։
Իսկ Herrenhausen պալատը կառուցվել է ամառային ժամանցի համար եւ 17-րդ դարից մինչ այսօր, շուրջ 350 տարի, այցելուներին գրավում է իր պալատական պարտեզներով։ Պարտեզները 1680-ականներից դարձել են Սոֆիա թագուհու (Sofia of Hanover) անձնական հոգածության առարկան եւ վերածվել են մի էքստրավագանտ գեղեցկության՝ հարյուրավոր մետրեր ձգվող ծաղկե գորգերով, տասնյակ ու տասնյակ իտալական ոճի արձաններով, շատրվաններով, ծառուղիներով, թփերի կազմած ցանկապատերով, դրանցում ամփոփված պուրակներով, gallerie-ով, orangerie-ով, ռոտոնդաներով, ճեմուղիներով, եւ այդպես շարունակ։ Ընդսմին, ինչպես պարտեզները մտահղացվել, հիմնվել ու ձեւավորվել են Սոֆիա թագուհու օրոք, այդպես էլ դրանք պահպանվում են, եւ մենք տեսնում ենք 350 տարի անց։
Իսկ ահա Herrenhausen պալատի նկատմամբ ճակատագիրն այդպես բարեհաճ չի գտնվել։ Նախ՝ 1700-ականների սկզբին, պարտեզների հիմնումից հետո, դրանց պատշաճելու համար որոշել են պալատն ընդարձակել եւ վերակառուցել։ Դա արվել է միայն 150 տարի անց՝ 1800-ականների կեսերին։ Եվս 100 տարի անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, թեեւ ասվում է, թե Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը հատուկ խնդրել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը՝ հնարավորինս զգույշ լինել, աշխատել, որ ռմբակոծությունների ժամանակ Herrenhausen պալատը թիրախում չհայտնվի, միեւնույն է՝ ոչինչ ռմբակոծություններից չի փրկվել։ Հաննովերի վրա բրիտանական ռազմաօդային ուժերի հարձակումներից հետո, պատերազմի ավարտին ամբողջ Herrenhausen պալատից մի քանի աստիճանավանդակ է միայն մնացել, որ հիմա տեղափոխվել ու ցուցադրվում է պարտեզում։ Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք իբրեւ պալատ, վերջին մեկ-երկու տասնամյակում իրական պալատի ոչ այնքան մեծ նմանությամբ կառուցված նմանակն է։ Պալատի ներսում էլ բաց են մի քանի սրահներ, որոնցում գործում է թանգարանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, առհասարակ, Հաննովերի մեծ մասն է ավերվել։ Նոր քաղաքապետարանի շենքում՝ New Rathaus, որ կառուցվել է 1901-1913թթ․ եւ Հաննովերի ամենագեղեցիկ շինություններից մեկն է (ի դեպ, շատ նման Բեռլինի կենտրոնական Unter den Linden բուլվարում գտնվող Բեռլինի տաճարին), Հաննովերի չորս մանրակերտ է ցուցադրվում՝ 1600-ական թվականների, 1939-ի, 1945-ի եւ պատերազմից հետո քաղաքի վերակառուցման շրջանի։ Մանրակերտերն ամեն ինչ ասում են ավերածությունների մասշտաբների մասին։ Սակայն New Rathaus-ի մանրակերտերը չտեսնելու պարագայում էլ, Հաննովերի կենտրոնում շրջելիս ավերածությունների մասշտաբը կռահում ես։ Նույնիսկ Հին քաղաքում բարրոկոյի հրաշալի շինությունների կողքին՝ Օպերայի շենքը, Deutsche Bank-ը, Լայբնիցի տունը եւ այլն, նաեւ անվերջ թվով 20-րդ դարի բաուհաուսի, կանստրուկտիվիզմի, ֆունկցիոնալիզմի ոճով կառուցված անշուք քառակուսի շինություններ կան, որոնք, պարզ է, որ կառուցվել են ավերված շինությունների տեղում։
Առհասարակ, Հաննովերը հետաքրքիր է նրանով, որ երկու կատարելապես հակադիր պատկեր ես տեսնում եւ տպավորություն ես ստանում քաղաքից կախված նրանից, թե երկաթուղային կայարանի որ մուտքից ես դուրս գալիս քաղաք։ Եթե դուրս ես գալիս շքամուտքից, ապա հայտնվում ես Ernst Augustus հրապարակում, որտեղից սկսվում է Հին քաղաքը՝ հենց երկաթուղու բարոկկո ոճի շենքով, Էռնեստ-Ավգուստի հեծյալ արձանով (վերջինիս օրոք 1837-ին է Հաննովերը հռչակվել անկախ թագավորություն)։ Մի քիչ առաջանում ես, Հին քաղաքի նշանավոր Kropcke ժամացույցն է, սրճարանը, State Opera House-ի փառահեղ շենքը։ Ի դեպ, Հաննովերում ասում են, որ իրենց օպերային թատրոնը վարկանիշով 20-րդն է ողջ Եվրոպայի տարածքում։ Միանգամայն հավատարժան է։ Այդքան շքեղ ու հոյակապ շինությանը թույլ թատերախումբ կամ խաղացանկ ուղղակի չէր պատշաճի։ Օպերայից մի քանի քայլի վրա աչք շոյող Georgstrasse բուլվարն է՝ գեղեցիկ արձաններով։ Kropcke-ից դեպի աջ Հին քաղաքի՝ դեպի Լեյն գետ եւ Leine պալատ ձգվող հատվածն է։ Այսինքն՝ ինչ-որ չափով հայտնվում ես այն Հաննովերում, որը եղել է դարեր եւ շքեղության ու գեղեցկության զգացողություն է հաղորդում նաեւ այսօր։
Մինչդեռ, եթե Հաննովերի երկաթուղային կայարանից քաղաք ես դուրս գալիս շքամուտքի հակադիր՝ Հյուսիսային մուտքից, ընկնում ես քարի, երկաթի, ռելսերի, բարձրահարկերի ջունգլիներ, ինչպիսիք գոյություն ունեն աշխարհի բազմաթիվ քաղաքներում, ցանկացած մայրցամաքում։ Հետեւաբար, եթե Հաննովերում ես որպես զբոսաշրջիկ, իմաստ ունի տեսնել նախ այն, ինչն առանձնահատուկ է Հաննովերին, հետո՝ ցանկության դեպքում նաեւ այն, ինչը սփռված է ամենուր։
Երկրորդ «հայտնագործությունը», որ կատարեցի Հաննովերում, Լայբնիցին էր վերաբերում։ Պարզվում է՝ Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը, որի մասին ամենքս գիտենք իբրեւ փիլիսոփայի եւ մաթեմատիկոսի, նաեւ գիտական բազմաթիվ այլ հետաքրքրություններ ունեցող անձի, իր առաջին պարտականությամբ եւ զբաղվածությամբ եղել է գրադարանավար, ավելի ստույգ՝ արխիվավար։ Մոտ երեսուն տարեկան հասակում Լայբնիցը ժամանում է Հաննովեր եւ այդ պահից մինչեւ մահկանացուն կնքելը (1646-1716) պաշտոնավարում է որպես Հաննովերյան արքայատան (Լայբնիցի օրոք նրանք ունեին Duke of Welf (կամ Guelph, Guelf) տիտղոսը, հետո բարձրացան Սրբազան Հռոմեական կայսրության Էլեկտորի կարգավիճակի, 1814-ից հետո՝ արքայատան) արխիվների եւ գրադարանների կառավարիչ։ Լայբնիցը նաեւ եղել է Հաննովերյան իշխանների իրավական խորհրդատուն եւ, առհասարակ, գլխավոր խորհրդականը։ Նա խորհուրդներ է տվել անգամ Leine պալատի ներքին հարդարման հարցերում, Սոֆիա թագուհու (Sofia of Hannover) համախոհն ու աջակիցն է եղել Herrenhausen պարտեզների հիմնադրման ժամանակ։ Սակայն Լայբնիցի պարագայում ամենից տպավորողն ու բացառիկը նրա թողած գրավոր ժառանգության ծավալն է, որ հաշվվում է 50 հազար գրվածք՝ 200 հազար էջ ծավալով։
Հասկանալիորեն, թղթերը, որոնց վրա իր մտքերն է գրի առել կամ նամակներն է շարադրել Լայբնիցը, այսօրվա տարածված A4 ֆորմատը չեն ունեցել, բայց ինչ չափեր էլ ունենային, 200 հազար ձեռագիր էջն անպատկերացնելի ծավալ է։ Այդ ձեռագիր ժառանգության մի մեծ բաժինը կազմում են Լայբնիցի նամակագրությունները՝ 15 հազար նամակ, որ նա վարել է 1000-ից ավելի անձանց հետ, 1600-ականների վերջերին գոյություն ունեցած 16 տարբեր երկրներից։ Թե այդ ձիակառքերի ու սուրհանդակների դարաշրջանում, երբ գոյություն չուներ հեռահար հաղորդակցության որեւէ տեխնիկական միջոց, ինչպես էր հնարավոր այդ քանակի անձանց հետ, այդքան երկրներում սփռված, այդպիսի ինտենսիվ նամակագրություն վարել, բոլոր մյուս պաշտոնական պարտականություններին զուգահեռ, ես չեմ կարողանում երեւակայել։ 200 հազար էջ ձեռագիր ժառանգության ծավալն ինքնին տպավորում է, սակայն ավելի տպավորիչ են Լայբնիցի հայտնագործությունների, դրանց գիտական նկարագրությունների արժեքն ու ապագայի վրա ունեցած ազդեցությունը։
Լայբնիցի հայտնագործությունների մասին պատկերացում տալու համար բավական է նշել, որ առաջինը նա է 0-ների եւ 1-երի երկնիշ համակարգով մնացյալ թվերն արտահայտելու գաղափարը հղացել, այդ մեթոդով էլ առաջին հաշվիչը նախագծել, որը Լայբնիցի օրոք չի ստեղծվել, սակայն 300 տարի անց 0-ների եւ 1-երի համակցումով ողջ համակարգչային աշխարհն ու գիտությունն են ստեղծվել։ Ժամանակների ինչպիսի՜ կամրջում։