Այլ

«Ժամանակ չունեմ, բլինչիկի լիստերը մնում ա»

«Ժամանակ չունեմ, բլինչիկի լիստերը մնում ա»

Փաշինյանը գրել է․ «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»։ Սոցիալական հարթակներում նրա գրեթե ոչ մի գրառում լուրջ չի ընդունվում և անսպառ հումորի տեղիք է տալիս։ Սա արդեն ձևավորված մշակութային ռեֆլեքս է․ Փաշինյանի խոսքը հասարակության համար դարձել է ոչ թե ուղերձ, այլ նյութ՝ հեգնանքի, կատակների ու մեմերի համար։

Ֆեյսբուքում արձագանքները միանգամից ցույց են տալիս այդ վերաբերմունքը․
«Հա, 6 ամսից քիչ մնաց, տես՝ ինչ կհասցնես քանդել երկրում, նոր գնա»։
«7,5 տարվա ընթացքում անշտապ ավիրեցիք երկիրը»։
«Իմ արև, ես էլ չեմ հասցնում, բլինչիկիս լիստերը կիսատ ա մնացել»։
«ԲԴԻ հարցերով ա ախպերը»։

Այս հումորը պատահական չէ։ Այն կուտակված անվստահության լեզուն է։ Երբ խոսքը դադարում է ընկալվել որպես պատասխանատվություն կրող միտք, այն դառնում է կենցաղային կատակ։

Բայց կա նաև մեկ այլ, թվով փոքր, բայց աղմկոտ խումբ, որը փորձում է իբր պաշտպանել Փաշինյանին։ Կարծում եմ՝ նրանք կամ վարձու են, կամ գոնե վատ են աշխատում, որովհետև ակամա բացահայտում են հենց այն, ինչ պիտի ծածկեին։ Նրանց գրառումներում հնչում է ոչ թե քաղաքական պաշտպանություն, այլ կոնկրետ օրակարգ․
«Պարո՛ն վարչապետ, Կտրիճի հարցը պետք է արագ լուծել․ դա պոտենցյալ վտանգ է ներկայացնում»։
«Հարգելի Վարչապետ, մի քանի րոպե անշտապ ժամանակ վերցրեք և այդ երկվորյակ բաջիների ու Մայր Աթոռը զավթած … հարցերը լուծեք»․․․
Սա արդեն այլ իրականություն է։
Մի իրականությունում հանրությունը լուրջ չի ընդունում Փաշինյանի ասածը,  և անգամ չի փորձում հասկանալ, թե նա ինչ է ուզում ասել։ Մյուս իրականությունում՝ «կեցցե Փաշինյան»-ի տակ բացահայտ պահանջ է հնչում կաթողիկոսի հեռացման մասին։
Եվ հենց այստեղ է նյութի ամբողջ գաղտնիքը։

Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ուզում է անհապաղ հեռացնել կաթողիկոսին, ինչը փորձում է ազդարարել ոչ ուղիղ, այլ գրառումների ու շրջանցիկ մեսիջների միջոցով։ Սակայն հանրային իրական ճնշումը, Մայր Աթոռի խորհրդանշական ծանրությունը և ռիսկերը նրան թույլ չեն տալիս դա անել բաց ու արագ։

Այստեղ գործի է դրվում հոգեբանական մեխանիզմը։ Երբ արտաքին ճնշումը մեծ է («ժամանակ չկա», սպասում են արագ արդյունք), ուղեղը ստեղծում է հակադարձ ռացիոնալացում․ դանդաղելն է ներկայացվում որպես միակ ճիշտ, իմաստուն ընտրություն։ Սա կոգնիտիվ ինքնապաշտպանության դասական ձև է։

Այս մոտեցումը միաժամանակ նվազեցնում է և՛ Փաշինյանի ներքին սթրեսը, և՛ նրա շրջապատում հավաքված մարդկանց սպասումները, որոնք տարբեր գայթակղություններով ու օրակարգերով ճնշում են գործադրում։ «Չշտապելը» ներկայացվում է ոչ թե որպես անորոշություն կամ վախ, այլ որպես արժեք՝ հավասարակշռություն, խոհեմություն, պետական մտածողություն։

Բայց հանրությունը դա կարդում է շատ պարզ։ Ժողովրդի արձագանքը հոգեբանորեն լիովին բնական է․ մարդիկ ինտուիտիվ զգում են այդ պաշտպանական շերտը և պատասխանում են իրենց հասկանալի լեզվով։ Հումորը դառնում է հասարակության հակապաշտպանությունը իշխանության խոսքից։ Ու դրա համար էլ կատակն ամփոփում է ամբողջ իրավիճակը մի նախադասությամբ․ «Ժամանակ չունի, բլինչիկի լիստերը մնում ա»։
Մի կատակ, որը ավելի ճշգրիտ է, քան ցանկացած պաշտոնական բացատրություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image