Քաղաքականություն

Վրաստանի ընդդիմությանն անուններ կպցնողներ չկայի՞ն, Իվանիշվիլին սո՞ւրբ էր

Վրաստանի ընդդիմությանն անուններ կպցնողներ չկայի՞ն, Իվանիշվիլին սո՞ւրբ էր

Վտանգավոր բառախաղ ստացվեց, բայց ոչինչ: Հուսամ՝ վրացիները չեն նեղանա, իսկ հայերը նեղանալու պատճառ չունեն, որովհետեւ Վրաստան լինելն ավելի պատվաբեր է, քան Ադրբեջան: Այսուհանդերձ, խոսքը ոչ թե Վրաստան լինելու, այլ Վրաստանի օրինակին հետեւելու մասին է, մերօրյա Վրաստանի: Իսկ մերօրյա Վրաստանը, ինչպես գիտենք, այդպիսի երկիր դարձավ իր կառավարության եւ ժողովրդի ջանքերով՝ սեփական ուժերով իր «Նիկոլից» հրաժարվելով, ազգային շահն առաջ մղելով, իր վերքերն ամոքելով ու ապագայի իր տեսլականը հստակեցնելով: Հեշտ չտրվեց վրացիներին այս ամենը, նրանք նվաճեցին դա՝ քայլ առ քայլ ամրապնդելով երկրի ինքնիշխանությունն ու պետությունը: Այլ խոսքով՝ վրացիները մերժեցին այն ամենը, ինչը խանգարում էր իրենց առաջ գնալուն, ինչն իրենց երկիրը դարձնում էր աշխարհաքաղաքական գզվռտոցի օբյեկտ եւ մանրադրամ՝ օտար շահերի սպասարկման գործարքներում: Վճռական մարտն օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող, իսկ իրականում արգելող օրենքի ընդունումն էր: Այդ «ճակատամարտից» Վրաստանի իշխանությունները հաղթանակած ու պատվով դուրս եկան: Նկատենք՝ վրացիները դա չարեցին ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելով, ԵՄ-ին մերժելով կամ նրանց հետ հարաբերությունները սառեցնելու եղանակով: Չէ, շատ հանգիստ, իրենց ներքին գործերին օտարների միջամտությունը բացառելով, օտարահպատակ «ընդդիմությանը» կարգի հրավիրելով եւ այլն:

Վերջին խորհրդարանական ընտրությունն այս ամենի եզրափակիչ արարն էր: Ճիշտ է, Զելենսկու կարգի «հայրենաքանդ» գործիչները հայտարարեցին, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ռուսաստանը, բայց դա այդպես չէ: Այնտեղ հաղթել են վրացիները: Վերջ: Իմ ասածները կհաստատեն նաեւ Հայաստանի կողմից այդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե նրանք ինչ վայնասուն կբարձրացնեին, եթե իրական խախտումներ նկատեին: Բայց մի կեսբերան հայտարարությունից հետո լռել են, ավելի ճիշտ՝ լուռ լռված ու մտահոգ:
Արդյո՞ք հայերը Հայաստանում չեն կարող անել այն, ինչ վրացիներն արեցին Վրաստանում: Կարող են, եւ դրա համար անհրաժեշտ է ազատվել ՀՀ գործող իշխանություններից, որոնք ո՛չ օտարերկրյա գործակալներից ազատվելու ցանկություն ունեն, ո՛չ էլ կարողանում են իրենց հարաբերությունները կարգավորել դաշնակիցների ու հակառակորդների հետ: Լավ հեծանիվ են քշում, բայց դա բավարար պայման չէ երկիր, պետություն, անկախություն, ինքնիշխանություն պահելու համար:

Նախ՝ այս իշխանությունից պետք է ազատվել, մինչդեռ մենք անվրդով հետեւում ենք Նիկոլի քայլերին, թե էլի ինչ կարող է մոգոնել՝ իր իշխանությունը հավերժացնելու համար: Ընտրություններով հույս չկա, արտահերթ ընտրությունը լավ է, բայց Նիկոլը նախապես հրաժարական չի տալիս: Մնում է հեղաշրջումը, էն էլ ասում են՝ վատ բան է դա, «մլիցեքը» կծեծեն: Լավ, մի՞թե մենք Վրաստան դառնալու ոչ մի տարբերակ չունենք ու շարունակելու ենք գնդակի դեր կատարել Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, Բելառուս-Ուկրաինա, ԵՄ-ԵԱՏՄ, ՆԱՏՕ-ՀԱՊԿ ֆուտբոլային հակամարտություններում: Հաջորդ մրցաշրջանում վրացիները կսկսեն ֆուտբոլ խաղալ, իսկ մե՞նք…
Որ կողմ նայում եմ՝ իմ հույսն էլի ընդդիմությունն է: Ինչ ուզում եք, ասեք՝ լավն են, վատն են, ուժեղ են, թույլ են, կազմակերպված են, կազմակերպված չեն… Մեր ունեցածը դա է: Երբ Սահակաշվիլու կուսակցությանը հեռացրին իշխանությունից, Վրաստանի ընդդիմությունն ավելի՞ լավն էր, քան մերը, ավելի՞ կազմակերպված էր, քան մերը, ավելի՞ խելացի էր, քան մերը: Միայն թե չասեք՝ ռուսներն օգնեցին: Բա որ արեւմտամետությունն այդքան լավ բան էր, Սահակաշվիլին էլ՝ այդքան ուժեղ, ինչո՞ւ չկարողացան դիմակայել: Սահակաշվիլին խցանի պես դուրս թռավ իր բազկաթոռից, ու հայդե Արեւմուտք: Վրացիներն արեցին, չէ՞, դա: Եվ ինչպե՞ս… Իրենց ընդդիմությանը սատարելով: Որ ասեմ՝ մի աշխարհ ժողովուրդ փողոց դուրս եկավ, այդպես էլ չէր: Մարդիկ գնացին եւ հեռացրին իրենց հողատու իշխանություններին: Այսքան բան:

Մենք էլ պետք է նույնն անենք եւ դադարենք խոհանոցներում նստած՝ ընդդիմությանն անուններ կպցնել: Վրաստանի այն ժամանակվա ընդդիմությանն անուններ կպցնողներ չկայի՞ն, Իվանիշվիլին սո՞ւրբ էր… Բայց գնացին, չէ՞, մարդիկ, քվեարկեցին, չէ՞, անտարբեր չէին իրենց երկրի ճակատագրի հանդեպ, չէ՞…

Ռուս-վրացական պատերազմից 5 տարի անց՝ 2013 թվականին, Սահակաշվիլին չառաջադրեց իր թեկնածությունը: Նրա կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Դավիթ Բաքրաձեն, պարտություն կրեց: Մինչդեռ Նիկոլը, 44-օրյա պատերազմում խայտառակ պարտվելուց հետո, կապիտուլյացիայի մեկ տարին չլրացած, դրեց ու կրեց: Դե հիմա մեզ ու վրացիներին համեմատեք: Եզրեր կա՞ն, հայեր ջան: Եվ, ուրեմն, ինչի՞ եք սպասում, ո՞ւմ վրա եք դրել հույսներդ: Այսօր էլ, 44-օրյա պատերազմից չորս տարի, Արցախը հանձնելուց ընդամենը մեկ տարի անց տրտնջում եք՝ որ Նիկոլը դնի, էլի կհաղթի: Այո, կդնի եւ կհաղթի, եթե շարունակեք միայն տրտնջալ եւ անուն դնել ընդդիմությանը: Ուրիշ ի՞նչ կերպ կառաջարկեք հաղթել Նիկոլին, եթե ոչ՝ ընդդիմության եւ ընդդիմադիր ուժերի հետ:

ՀԳ. Թեմայի հետ սա կապ չունի, բայց հանրագիտարանային տեղեկություն է եւ արժե իմանալ. Միխեիլ Սահակաշվիլին երկու տղա ունի՝ մեծի անունը Էդուարդ (Էդիկ), փոքրինը՝ Նիկոլոզ: Ասում եմ՝ կարող ա՞ այս հանգամանքն ինձ ու Նիկոլին չխանգարի հետեւել վրացիների օրինակին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image