Արդեն 6 ամիս է, ինչ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցներn աշխատավարձ չեն ստացել: Սնանկության կառավարիչ, դատարան եւ ՊԵԿ, այս եռանկյունին չի կարողանում հարցին լուծում տալ, արդյունքում տուժում են աշխատակիցները: Նրանք մեզ պատմեցին, որ գրավոր դիմել են տարբեր ատյաններ՝ ՊԵԿ-ից մինչեւ վարչապետի աշխատակազմ, եւ նոյեմբեր 10-ին ստացել են պատասխան, որ «ՊԵԿ-ը առարկել է Կառավարչի կողմից «azdarar.am» ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքում տեղադրված պահանջի հերթի փոփոխության գրությանը»:
Ըստ պատասխանի՝ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցների 2024թ. մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձերը պետք է գրանցվեն եւ բաշխվեն ոչ թե Սնանկության մասին ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1- ին մասի գ. կետով սահմանված հերթով, այլ 82-րդ հոդվածի 1-ին մասի ա կետով նախատեսված հերթով՝ որպես վարչական աշխատողների վճար: Դատարանը իր 19.09.2024թ. որոշմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ներկայացված այս առարկությունը մերժել է, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
ՊԵԿ-ը ոչ թե խոչընդոտում է աշխատակիցների վարձատրությունը ստանալուն, այլ հետեւում է կառավարչի կողմից սնանկության հատուկ հաշվին առկա գումարների` օրենքով սահմանված համապատասխան բաշխմանը, քանի որ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի ա կետով նախատեսված հերթով բավարարման դեպքում Կառավարչի վարձատրությունը չի հաշվարկվում: Արդյունքում Կառավարչի վարձատրությունը (6 մլն.973 հազար 880 դրամ) նույնպես պետք է ուղղվի աշխատակիցների աշխատավարձերի եւ դրանցից առաջացող հարկային պարտավորությունների վճարմանը»:
Գրությունը ստանալուց հետո աշխատակիցները հասկացել են, որ եթե սնանկության գործով կառավարիչը կատարի ՊԵԿ-ի պահանջը, ապա ինքն աշխատավարձ չի ստանա: Մեզ հասած տեղեկություններով՝ գործարանի ներսում արդեն սկսվել է գործարանի գույքերի գնահատման գործընթացը, այնուհետեւ գործարանը կհանեն աճուրդի:
Տեղեկությունը ճշտելու, ինչպես նաեւ աշխատավարձերի վճարման մասին խոսեցինք գործարանի փոխտնօրեն Սուրիկ Միքայելյանի հետ. «Կա լիցենզավորված կազմակերպություն, որը գնահատում է գույքը: Գույքը պետք է գնահատվի` ես ի՞նչ ասեմ, դրա համար կա դատարան, եւ սնանկի կառավարիչ: Ես էդ հարցերով չեմ զբաղվում, զանգեք սնանկի կառավարիչին»:
Սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանին հարցրեցինք, աշխատավարձերի հետ կապված հարցը ե՞րբ կլուծվի. «Ոչ մի բան չի փոխվել, ՊԵԿ-ը առարկում ա, չեն թողնում, որ բաշխումը կատարենք»: Բայց դուք սխալ բաշխման ծրագիր էիք ներկայացրել ՊԵԿ-ին. «Դա անցել է` առանց քննության է մնացել, դրանից հետո 2 բաշխման ծրագրեր են հաստատվել, որից մեկը բողոքարկվել ա Վերաքննիչ դատարան»: Մեզ ասացին, որ գործարանի գույքն այս պահին գնահատվում է, որ հանեն աճուրդի, ճի՞շտ է. «Դա Ձեզ չի վերաբերվում, որովհետեւ դուք կողմ չեք, դա կարող են միայն պահանջատերերը իմանալ, զանգել եք` հարցաքննո՞ւմ եք ինձ, ինչի՞ համար եք զանգել, իրավունք ունեն պահանջատերերը տեղեկություն ստանալ»։ Ովքեր են պահանջատերերը` աշխատակիցնե՞րը. «Ես Ձեր հարցին չեմ պատասխանում, դուք միակողմանի եք լուսաբանում, ես Ձեր ժամանակը չունեմ, օրենքով սահմանված կարգով գործը գնում ա առաջ», չգիտես ինչու հունից դուրս եկավ կառավարիչը: Մինչդեռ մեզ հենց աշխատակիցներն են դիմել` խնդրելով զբաղվել իրենց աշխատավարձերի եւ գործարանի հարցով: