19-րդ դարի վերջին Փարիզում՝ Սեն-Ժակլ փողոցում գործում էր «Մեզոն Բասե» տպագրատունը։ Դարավերջին այն արդեն կորցնում էր դիրքերը։ Ձեռքի աշխատանք փորագրությունների դարաշրջանը մոտենում էր մայրամուտին։ Սակայն 1875-79 թթ․ այդ հրատարակչատանը հրատարակվում է ատլաս՝ «Հավելում ժամանակակից հանրագիտարանին» վերնագրով։ Այդ ատլասում մի քանի հարյուր քարտեզ կար, որոնց շարքում կար նաեւ Հայաստանի քարտեզը, որը պատրաստել էր Թյունո Դյուվոնտեն։ Դյուվոնտեի մասին քիչ բան է հայտնի։ Գիտենք միայն, որ ծնվել է 1796 թվականին, ապրել մոտ 80 տարի։ Նրա աշխատանքը գրեթե երեւացող չէր՝ նոր աշխարհներ չի հայտնագործել, ոչ էլ էքսպեդիցիաներ է գլխավորել։ Դրա փոխարեն պղնձե տախտակների վրա քարտեզների գրավյուրներ է իրականացրել՝ իրապես քրտնաջան աշխատանք այն ժամանակների համար, որը պահանջում էր լավ տեսողություն եւ ուժեղ ձեռքեր։
Աշխատել է իր ժամանակի ֆրանսիացի լավագույն քարտեզագիրների թիմի հետ՝ Բարբյե դու Բոկաժ, Վյումեն, Շառլ, Լեւասյոր եւ Դյոֆյուր։ Նրանք՝ բոլորը, քարտեզներ են պատրաստել փարիզյան նույն հրատարակչատների համար, որոնք չափերով մեծ չէին, ծալովի էին՝ նախատեսված մասսայական ընթերցողի համար։ Նրանց աշխատանքները գնում էին դպրոցները, պաշտոնյաները, առեւտրականները եւ այլք։ Դյուվոնտեի քարտեզները տպագրվում էին ֆրանսիական հայտնի Ֆիրմեն Դիդոյի հրատարակչությունում։ Դիդոները հրատարակչական գործի մեջ էին՝ սկսած 18-րդ դարի սկզբից։ 19-րդ դարի կեսերին Ամբրուազ եւ Գիացինտ Դիդո եղբայրները մեծահարուստների համար նախատեսված թանկարժեք հրատարակություններից անցում են կատարում լայն հասարակության համար նախատեսված հանրագիտարանների տպագրության։ 1846-79 թթ․ հրատարակում են «Ժամանակակից հանրագիտարանը»՝ իր հավելվածներով, նաեւ՝ ատլասներով։ Ու դա պատահականություն չէր, ոչ էլ զուտ միայն բիզնեսի վերակազմակերպում։ Բանն այն է, որ Ամբրուազ Դիդոն երիտասարդ տարիքում աշխատել էր որպես դիվանագետ Ստամբուլում։ Նա ճամփորդել է Հունաստանով եւ Փոքր Ասիայով, նույնիսկ հայտնաբերել հնագույն Պերգամոն քաղաքի ավերակները։ Երբ վերադարձել է Ֆրանսիա, սկսել է զբաղվել տպագրական գործով եւ լավ է հասկացել, թե ինչքան կարեւոր ու գրավիչ կարող են լինել Արեւելքն ու արեւելյան պատկերները։
Դյուվոնտեն Հայաստանի քարտեզը պատրաստել է 1878 թվականին։ Այդ ժամանակ նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանին զգալի տարածքներ էին անցել պատմական Հայաստանից։ Եվրոպական տերություններն անհանգստացած էին դրանից, քանի որ Մերձավոր Արեւելքում դրանով խախտվում էր հին հավասարակշռությունը, եւ այդ իրավիճակում տվյալ ռեգիոնի ցանկացած քարտեզ դառնում էր քաղաքական կարեւոր փաստաթուղթ։
Ի դեպ, 1878-ի Հայաստանի քարտեզը Դյուվոնտեի համար առաջինը չէր։ Դեռ 1838 թվականին նա կազմել էր Հայաստանի քարտեզը՝ հին քաղաքներով եւ տեղանուններով։ Դյուվոնտեի քարտեզում Հայաստանը մի լեռնաշխարհ է՝ երեք խոշոր լճերով․ Վան, Սեւան եւ Ուրմիա։ Արարատ լեռը տեղորոշված ու նշված էր հստակ։ Քաղաքների անվանումները ֆրանսերեն էին, պահպանված տեղական հնչողությունը՝ Կարս, Երզրում, Էրեւան, Դիարբեքիր։ Տեղանունները գրանցվում էին տվյալ պահին լսածի հիման վրա, հաճախ՝ իսկական անվան աղավաղումով։ Դա, ի դեպ, եվրոպական քարտեզագրության՝ Արեւելքի քարտեզագրման հիմնական խնդիրներից էր։ Ասում են, երբ Դյուվոնտեն մեռնում է, նրա մասին թերթում մի քանի տողանոց հայտարարություն է միայն տպագրվում, իսկ ընդամենը երկու տասնամյակ անց նրան սկսում են շփոթել մեկ այլ անձի՝ Շառլ Դյուվոնտեի հետ, որը եւս զբաղվել է քարտեզներով։